ACNIS reView #15, 2019: Շաբաթվա անցուդարձ 20-27 ապրիլի

Շաբաթվա անցուդարձ

ԱՊՐԻԼԻ 26 2019
Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Բազմահազար մարդիկ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այդ օրը Երեւանում այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեցին 20-րդ դարասկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկեւկես միլիոն հայերի հիշատակին: Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ հիշատակի միջոցառումներ անցկացվեցին նաեւ արտերկրում` Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, Սփյուռքի կառույցների նախաձեռնությամբ, տեղի պետական, քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությամբ։
…Ապրիլքսանչորսին համայն հայությունը՝ աշխարհի առաջադեմ մարդկության հետ, բոլոր մայրցամաքներում ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Դա մեր պատմության մեջ սեւ տառերով գրված մի տարեթիվ է, որը ոչ միայն մեծագույն վշտի ու ցավի, հիշատակի ու խնկարկումի օր է նշանավորում, այլեւ կորուսյալ էրգրի՝ Հայրենազրկման ողբերգություն՝ ազգային ինքնության, մշակութային ու պատմական դարավոր ժառանգության անդարձ կորուստ: Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունն այլեւս անհերքելի փաստ է, որը հիմնավորված, ճանաչված ու հաստատված է անթիվ-անհամար ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձեւերով ու բազմաթիվ երկրների, նահանգների, միջազգային կազմակերպությունների որոշումներով: Հսկայական է 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը:
«Հայոց ցեղասպանության անպատժելիությունը դուռ բացեց մարդկության դեմ հետագա ծանր հանցագործությունների ու ցեղասպանությունների առջեւ: Հիշենք Հոլոքոստը, Կամբոջան, Ռուանդան եւ մյուս ողբերգությունները: Այն զգոնության դաս պետք է լինի բոլորի համար: Մարդկության դեմ գործած այդ ահավոր ոճրի միջազգային ճանաչումը եւ դատապարտումը կարեւոր քայլ պետք է դառնա դրա կրկնությունը աշխարհում որեւէ տեղ բացառելու նպատակով»,- իր ուղերձում գրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ երախտագիտություն հայտնելով բոլոր այն պետություններին, միջազգային կառույցներին ու կազմակերպություններին, հոգեւոր պետերին եւ քաղաքական առաջնորդներին, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին, որոնք ճանաչում ու դատապարտում են Հայոց ցեղասպանությունը:
Աշխարհի մոտ երեք տասնյակ երկրներ՝ այդ թվում Ուրուգվայը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Շվեյցարիան, Կանադան, Արգենտինան, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանը, ամերիկյան 50 նահանգներից 49-ը (բացառությամբ Միսիսիպիի), տարբեր երկրների տարածաշրջանային, քաղաքային իշխանություններ, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ու կառույցներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, նշել է, որ 1915-ին տեղի ունեցածը 20-րդ դարի «վատթարագույն վայրագություններից մեկն է», ինչը, դեսպանի հավաստմամբ, Միացյալ նահանգները չի ժխտում։
Անցած դարի 60-ական թվականներից ի վեր Ամերիկայի հայ համայնքը պայքարում է, որպեսզի պաշտոնական Վաշինգտոնը ճանաչի 1915-ին մեկուկես միլիոն հայերի կոտորածը որպես ցեղասպանություն եւ դատապարտի ոճիրը։ Սակայն Սպիտակ տան ղեկավարները հիմնականում խուսափել են «Ցեղասպանություն» եզրը գործածելուց եւ իրենց աջակցությունն են առաջարկել հայերի ու թուրքերի հաշտեցման գործում։ ԱՄՆ 44-րդ եւ 45-րդ նախագահներ Բարաք Օբաման ու Դոնալդ Թրամփը ապրիլի 24-ի իրենց ուղերձներում օգտագործել են հայերեն «Մեծ Եղեռն» բառակապակցությունը: Հեռու չէ այն օրը, երբ աշխարհը կճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ կդատապարտի անցած դարի թուրք ցեղասպանների վայրագությունները:
Հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) նախկին պետ Միհրան Պողոսյանը ապրիլի 21-ին հայտնաբերվել է Կարելիայի Հանրապետությունում եւ ձերբակալվել Ռուսաստանի իրավապահների կողմից։ Տեղեկությունը մամուլին է փոխանցել Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) խոսնակը՝ հավելելով, որ ընթացքի մեջ է նախկին բարձրաստիճան պաշտոնյայի արտահանձնումը Հայաստանին։ Միհրան Պողոսյանի գրասենյակն ավելի վաղ հայտարարել էր, թե նա հայաստանյան իրավապահներին հայտնել է Մոսկվայի իր հասցեն։ Ըստ ՀՔԾ-ի, Պողոսյանը ԴԱՀԿ պետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին, օգտագործելով ծառայողական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել եւ չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ:
Այս տարվա մարտի վերջին Միհրան Պողոսյանը հրավիրվել էր հարցաքննության, սակայն չէր ներկայացել՝ պատճառաբանելով, որ արտերկրում է։ Արդեն ապրիլի 15-ին ՀՔԾ-ն տեղեկացրել էր, որ Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՔԾ-ի միջնորդությունը եւ որոշում կայացրել Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ:
…Սերժ Սարգսյանի թիմակից, գեներալ մայոր Միհրան Պողոսյանը մեղադրյալի կարգավիճակում ներգրավվել է ոչ միայն խոշոր չափերով գույք հափշտակելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այլեւ հայտնի օֆշորային սկանդալի գործով, որի կիզակետում էր հայտնվել դեռեւս Հանրապետականի իշխանության օրոք: ՀՔԾ-ն նրան մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Ըստ այդմ` Պողոսյանը, 2008-ի հունիսի 11-ից զբաղեցնելով Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր անվտանգությունն ապահովող անձին նշանակել է ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի, իսկ անձնական վարորդին` նույն բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնին: Նրանք, որպես նշված բաժնի աշխատակիցներ, փաստացի աշխատանքի չեն հաճախել եւ համապատասխան պաշտոններից բխող պարտականություններ չեն իրականացրել, այլ կատարել են Միհրան Պողոսյանի անձնական բնույթի հանձնարարությունները: Այդուհանդերձ` վերջինիս հանձնարարությամբ նշված «խորհրդատուները» ստացել են աշխատավարձ եւ դրան հավասարեցված վճարումներ՝ ընդհանուր հաշվով 44.199.463 դրամի չափով: Այդպիսով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, Պողոսյանը պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումար:
Մեկ այլ` ավելի խոշոր չափերի յուրացումների մասին եւս իրազեկում կա ՀՔԾ-ի` օրերս տարածած հաղորդագրության մեջ: «Միհրան Պողոսյանը` պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, շահադիտական դրդումներով, օրենքով եւ կառավարության որոշումներով նախատեսված պահանջների խախտմամբ, ապրանքների ձեռքբերման եւ ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել վստահելի անձանց միջոցով իր իսկ կողմից կառավարվող, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ: Խոսքը 2011-2016 թթ. ընթացքում ԴԱՀԿ-ի ու փաստացի Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի միջեւ կատարված մի գործարքի մասին է: Պողոսյանն իրեն վստահված պետական միջոցներով ԴԱՀԿ ծառայության կարիքների համար նախատեսված գնման գործընթացում «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ից, որն, ինչպես նշվեց, իր մասնավոր կառույցն է, ձեռք է բերել 211.158.000 դրամ արժողությամբ 32 հատ «Բիդ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից 20 հատը՝ իրացման արժեքից շուրջ 20.000.000 դրամ ավելի բարձր գնով, ինչի հետեւանքով պետության օրինական շահերին հասցվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Առաջադրված մեղադրանքներում կան նմանօրինակ այլ դրվագներ եւս: Դրվագներ, որոնք տիպական են նախորդ իշխանակարգի օրոք: Ամենաթողությունը, իրավական կամայականությունները, թալանի մարմաջը, պաշտոնատար անձանց չարաշահումները չափ ու սահման չէին ճանաչում: Գրեթե բոլոր, այսպես ասած, «յուղալի» պաշտոններ զբաղեցնողների թալանի գլխավոր թիրախներն էին պետական բյուջեն, ընդերքը, հողը, մի խոսքով՝ համաժողովրդական ունեցվածքը: Պողոսյանն իր ժամանակի ու միջավայրի հարազատ զավակն էր եւ ջանում էր ետ չմնալ ոչ մեկից: Նա համոզված էր սեփական անպատժելիության մեջ, լավ գիտեր, որ «միջավայրն» իր զավակին երբեք չի հանձնի: Պատահական չէ, որ 2017-ին օֆշորի քրեական գործը շատ արագ կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով: Այժմ Հատուկ քննչական ծառայությունը վերսկսել է նաեւ այդ քրգործի վարույթը, եւ հուսով ենք՝ այն կհասցնի տրամաբանական ավարտին:  Չէ՞ որ հանցագործը պետք է բանտ նստի, այլապես պետություն չենք դառնա:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Մոսկվայից: Ինչպես ասում են՝ կենացները գնալով քաղցրանում են: Սա, կարծես թե, ուշագրավ զարգացումների նախերգանքն է:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
 
Մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հայ Առաքելական Եկեղեցին ապրիլի 21-ին նշեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը (Մեծ Զատիկը): Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Շաբաթ երեկոյան մատուցվել է Քրիստոսի Հարության ճրագալույցի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած՝ յոթ շաբաթ տեւած Մեծ Պահքի շրջանը։ Կիրակի առավոտյան Սուրբ Հարության տոնի կապակցությամբ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվել է Հայրապետական պատարագ, որի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն իր պատգամն է հղել համայն հայ ժողովրդին: Իր նշանակությամբ եւ ընդգրկումով Սուրբ Հարության խորհուրդն ավելին է, քան եկեղեցական տոնը: Այն յուրովի է համախմբում, ոգեւորում ու զորացնում է բոլորիս, վերածնում, նորոգում եւ ամրապնդում հավատը սեփական ուժերի հանդեպ, նոր հույսեր պարգեւում վաղվա օրվա հանդեպ: 
Ապրիլի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը եւ ՀՀ մարզպետները: Քննարկվել են գարնան-գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքին, առկա խնդիրներին ու դրանց լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել մարզերում տարբեր ոլորտներում այս տարի նախատեսվող ծրագրերին: Մարզպետները զեկուցել են ենթակառուցվածքների զարգացման, կառավարության եւ համայնքների համագործակցությամբ իրականացվող տարբեր սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին: Վարչապետը մարզպետներին տվել է հանձնարարականներ՝ վերը նշված ուղղություններով ծրագրերն արդյունավետ կյանքի կոչելու նպատակով:
Անցած շաբաթավերջին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում ընդունել է Հայաստանի կառավարական պատվիրակությանը: Քննարկվել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վարչական միավորումների միջեւ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարեւորվել է Հայաստան-Արցախ կապերի հետագա ընդլայնումը, այս ուղղությամբ նոր ռազմավարական ծրագրերի իրականացումը: Նույն օրը պատվիրակությունը ԼՂՀ Պաշտպանության բանակի շտաբում մասնակցել է հավաք-պարապմունքների, որից հետո կազմակերպվել է այց բանակի խորացված հրամանատարական կետ, որտեղ Արցախի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ներկայացրել է հակառակորդի հավանական գործողությունների բնույթն ու դրանց համարժեք արձագանքելու առավել արդյունավետ տարբերակները: Հաջորդ օրը բարձրաստիճան հյուրերն այցելել են դիրքեր, Սուրբ Զատիկի կապակցությամբ շնորհավորել դիրքապահ անձնակազմին, ծանոթացել օպերատիվ իրավիճակին: 
Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) տեղեկացմամբ՝ ավարտվել է «Մարտի 1»-ի վերաբերյալ քննվող քրգործից անջատված մասով նախաքննությունը: ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գեւորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Քոչարյանը մեղադրվում է Սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, Օհանյանը եւ Խաչատուրովը՝ Սահմանադրական կարգը տապալելու մեջ, Գեւորգյանը՝ Սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:
 
Միջազգային մամուլ
Վլադիմիր Զելենսկին վստահ հաղթանակ տարավ Ուկրաինայի նախագահական ընրություններում 
BBC-ն տեղեկացնում է, որ Ուկրաինացի կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին հաղթել է երկրի նախագահական ընտրություններում: Քվեաթերթիկների հաշվարկից հետո Զելենսկին ստացել էր ձայների ավելի քան 73%-ը, իսկ գործող նախագահ Պետրո Պորոշենկոն՝ 24:
Financial Times-ը հայտնում է, որ Facebook-ով հեռարձակվող միջոցառման ժամանակ Զելենսկին շնորհակալություն է հայտնել իր կողմնակիցներից՝ ասելով նրանց. «Ես խոստանում եմ, որ երբեք Ձեզ չեմ դավաճանի»: Մեկնաբանություններում, որոնք, ըստ երեւույթին, ուղղված էին հարեւան Ռուսաստանին, նա ավելացրել է. «Նախկին Խորհրդային միության երկրներ՝ նայեք մեզ… ամեն ինչ հնարավոր է»:
France24-ը գրում է, որ 41-ամյա Զելենսկին կլինի Ուկրաինայի ամենաերիտասարդ նախագահը, երբ հունիսի սկզբին պաշտոնապես ստանձնի պաշտոնավարումը: «Ժողովրդի ծառա» հեռուստանախագծի աստղը, որն այժմ իր երրորդ եթերաշրջանում է, խոստացել է շարունակել Պորոշենկոյի վարած՝ եվրոպամետ քաղաքականությունը: Նա նաեւ ասել է, որ ցանկանում է բարելավել կապերը ոչ բարեկամ Ռուսաստանի հետ:
The New York Times-ի ներկայացմամբ՝ Զելենսկու հաղթանակը նրան դարձնում է Ուկրաինային առաջին հրեա առաջնորդը, որը տապալեց քաղաքական եւ գործարար կառույցների ներկայացուցիչ Պորոշենկոյին`միլիարդատեր մագնատին, ով քարոզարշավի համար ընտրել էր ազգայնական կարգախոս. «Բանակ, լեզու, հավատք»: Պորոշենկոն ընդունեց պարտությունը եւ իր թվիթերյան էջում գրեց. «Մենք կարողացանք ապահովել ազատ, արդար, ժողովրդավարական եւ մրցակցային ընտրություններ: Անկասկած է, որ Ուկրաինան ժողովրդավարական նախընտրական քարոզարշավի համար բարձր նշաձող սահմանեց: Ես ընդունում եմ ուկրաինացի ժողովրդի կամքը»:
Պատրաստեց Մարինա Մուրադյանը