X
    Categories: 2019

ACNIS reView #15, 2019: Մերժված համակարգ՝ նորի բացակայության պայմաններում

Ազատ ամբիոն
ԱՊՐԻԼԻ 26 2019 
 
Մերժված համակարգ՝ նորի բացակայության պայմաններում
2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց՝ մերժելու գործող համակարգը։ Կասկածից վեր է, որ այդ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը գոնե սկզբնական շրջանում  հետապնդում էր մեկ նպատակ՝ ամեն գնով հասնել նրան, որ նոր վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը հրաժարական տա։ Ի սկզբանե հանրահավաքների, երթերի օրակարգում չկար որեւէ այլ նպատակ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը։ Դրա մասին էր վկայում անգամ հավաքների հիմնական «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսը։ Միով բանիվ՝ կարող ենք արձանագրել, որ այդ օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքում կատարվող վերոհիշյալ իրադարձությունների ողջ գաղափարախոսությունը կառուցված էր մերժելու տրամաբանության վրա։
Սակայն մի՞թե հարյուրհազարներին փողոց էր դուրս բերել ընդամենը մեկ մարդուն մերժելու ցանկությունը։ Միանշանակ՝ ոչ։ ՀՀ քաղաքացիները՝ մերժելով Սերժ Սարգսյանին, իրականում մերժում էին մի ամբողջ արատավոր համակարգ, որի ընդհանրական մարմնացումն ու ղեկավարն էր վերոհիշյալ անձնավորությունը։ Հանձին վերջինիս՝ մերժվում էին  քրեաօլիգարխիան, ԽԾԲ համակարգը, «գողական»-ի երեւույթը, տոտալ կոռուպցիան, մենաշնորհը եւ նմանատիպ այլ փտախտածին երեւույթներ։ Հանուն արդարության պետք է խոստովանել, որ այդ համակարգն իրականում իրեն արդեն լիովին սպառել էր եւ այլեւս ի վիճակի չէր  պատասխանելու պետության առջեւ ծառացած եւ ոչ մի մարտահրավերի։
Մի կողմ թողնելով այն հարցադրումները, թե ինչ քաղտեխնոլոգիաների կիրառման արդյունքում եւ որ ուժերի աջակցությամբ Փաշինյանին հաջողվեց փողոց դուրս բերել տասնյակ հազարներին՝ կարծում ենք, որ գործող համակարգը դատապարտված էր փլուզման, ինչն ընդամենը ժամանակի հարց էր։ Հայ հանրույթի գրեթե բոլոր խավերի ներկայացուցիչները դժգոհ էին պետական, քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական եւ այլ ոլորտներում գործող «խաղի կանոններից» եւ նոր կանոնների մշակումը համարում էին անհրաժեշտություն։
Ավելորդ չէ նշել, որ գործող համակարգի պահպանմամբ շահագրգիռ քարացած փոքրաթիվ կաստան սկսել էր ճեղքեր տալ։ Ներկաստայական բախումներն ու ընդհարումները գնալով հաճախակի բնույթ էին ստանում, ինչն էլ ավելի էր թուլացնում վերջիններիս եւ դարձնում անկարող՝ երկարաձգելու իրենց քաղաքական եւ տնտեսական իշխանությունը։ Հարդյունս՝ երբ Փաշինյանի գլխավորությամբ տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց՝ մերժելու գործող համակարգը, այն այլեւս ի վիճակի չէր հակահարված տալու եւ պաշտպանելու ինքնիրեն։ Այսպիսով՝ Սերժ Սարգսյանի մարմնավորած համակարգը, կարելի է ասել, փլուզվեց։ Իշխանության եկավ մի նոր քաղաքական ուժ, որն առնվազն հայտարարությունների մակարդակով ազդարարեց «Նոր Հայաստանի» սկիզբը։ Անկախ ամեն ինչից, փլուզման օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից՝ պետք է արձանագրել, որ նմանատիպ արատավոր համակարգի փլուզումն իսկապես նշանակալի իրադարձություն է, որը նպաստավոր պայմաններ է ստեղծում պետության ամրացման, ուժեղացման, տնտեսական աճի, սոցիալական բարեփոխումների եւ, ընդհանրապես, պետականության հզորացման համար։ Ամենեւին չցանկանալով ստվերել տեղի ունեցածը եւ պետության առջեւ բացված հնարավորությունները, միանգամից փաստենք, որ այդ ամենը հնարավոր է միայն եւ միայն մեկ պարագայում՝ երբ փլուզված հին համակարգին փոխարինելու է գալիս նորը՝ ավելի լավը, կենսունակը, երբ խաղի հին կանոններին հաջորդում են նոր կանոնները, հակառակ դեպքում, առաջանում է անհասկանալի եւ քաոտիկ մի միջավայր, որի հետեւանքները կարող են ծայրաստիճան վտանգավոր լինել ու մեծ վնաս հասցնել անգամ պետականության հիմքերին։
Այն դեպքում, երբ «հնի» փլուզումը չի զուգորդվում «նորի» կառուցմամբ, կյանքի բոլոր ոլորտներում առաջանում է վակումային իրավիճակ, որը լցնելու, զբաղեցնելու մոլուցքը պատում է բոլորին եւ ամենքին՝ անկախ հայեցակետ, տեսլական ունենալու կամ չունենալու կարեւորագույն հանգամանքից։ Իշխանության եկած ուժը՝ զրկված լինելով սեփական հայեցակարգից, ռազմավարությունից եւ պետության ապագայի վերաբերյալ հստակ տեսլականից, հնարավորություն է տալիս դաշտում առկա ուժերին (այդ թվում՝ օտարներին սպասարկու) հանդես գալ բացը լրացնելու հանրային բնույթի նախաձեռնությամբ, որոնցից յուրաքանչյուրն իր տարբերակը համարում է միակ ճիշտ եւ անփոխարինելի ուղին։ Արդյունքը լինում է այն, որ ուժեղ, կամային, ինտելեկտուալ իշխանության բացակայությունը հանգեցնում է տարբեր ուժերի, խավերի եւ հասարակական շերտերի շահերի բախմանը, որն էլ իր հերթին հասարակությունը բաժանում է հակադիր բեւեռների (ինչը երբեմն կարող է իշխանությունների կողմից անգամ խրախուսվել կամա թե ակամա)։ Իսկ սա, ինչպես արդեն նշեցինք, լրջորեն կարող է հարվածել պետականությանը։
Ցավով նշենք, որ ներկա իշխանությունները չկարողացան նախորդ համակարգի կազմաքանդման պայմաններում այս մեկ տարվա ընթացքում ստեղծել նորը, որը հետեւանք է պետական կառավարման հայեցակարգի, ապագայի տեսլականի վերաբերյալ հստակ պատկերացումների ու դրանց իրականացմանն ուղղված համակարգային բնույթի մեխանիզմների բացակայության։ Ասվածն առարկայական դարձնելու կամար բերենք օրինակներ: Իշխանության գալուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն ամեն պատեհ եւ անպատեհ առիթ օգտագործում է հայտարարելու, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան հաղթահարված է, սակայն, ինչպես ցույց տվեց դեպքերի հետագա զարգացումը (առողջապահության փոխնախարարի, ՊՎԾ պետի եւ որոշ այլ պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերը՝ կոռուպցիայի մեղադրանքով), դա ամենեւին այդպես չէ, քանզի նոր իշխանությունների կողմից, բացի ամպագոռգոռ հայտարարություններից, ոչ մի իրական, գործնական քայլ չի կատարվել, որեւէ մեխանիզմ չի մշակվել համակարգային կոռուպցիան վերացնելու եւ դրա հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ։ Նույնը վերաբերում է մենաշնորհների թեմայով Փաշինյանի հայտարարություններին․ այստեղ եւս որեւէ իրատեսական քայլ, որեւէ նոր գործիքակազմ, օրենքի նախագծեր, փաթեթներ չեն մշակվել՝ բացառելու տնտեսության տարբեր ճյուղերում մենաշնորհները, դրանց նորովի ի հայտ գալը։ Ավելին՝ ոչ մի էական քայլ չի կատարվել տնտեսության մեջ խաղի նոր կանոններ հաստատելու համար (հիմնականում օրենքների եւ կառավարության որոշումների միջոցով), որոնք պետք է խոշոր տնտեսվարողներ դարձած «նախկին» օլիգարխներից պաշտպանեին մանր եւ միջին գործարարներին, անգամ որոշ դեպքերում  կատարվել է տրամաբանորեն հակառակը։ Նոր իշխանությունների անկարողությունը հատկապես սուր կերպով է արտահայտվում արցախյան հիմնախնդրում, որտեղ վերջիններս, չնայած իրենց հայտարարություններին, ի վիճակի չեն ներդնելու որեւէ նորություն կամ համակարգային փոփոխություն։ Նույն իրավիճակն է նաեւ մյուս բոլոր ոլորտներում։
Այսպիսով՝ նորերի մեկ տարվա պաշտոնավարման վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ նախկին քանդված համակարգի փոխարեն նրանք չունեն նորը ստեղծելու ոչ անհրաժեշտ կամք եւ ոչ էլ բավարար մտավոր ներուժ: Ահա թե ինչու նրանցից ոմանք՝ անգամ ի դեմս որոշ մարզպետների, նախընտրում են շարժվել «նախկինների իներցիայով»: Ականջը կանչի Լենա Նազարյանի։
Հայկ Փայտյան
Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS