X
    Categories: 2019

ACNIS reView #16, 2019: Շաբաթվա անցուդարձ

Շաբաթվա անցուդարձ 
 
ՄԱՅԻՍԻ 03 2019 
 27 ապրիլի – 4 մայիսի
Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

Երեւանում ապրիլի 30-ին տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էին ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` նիստի ընթացքում քննարկվել է ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախօրեին կայացել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որի օրակարգում էին երկու տասնյակից ավելի հարցեր` այդ թվում ԵԱՏՄ անդամ պետությունների եւ երրորդ կողմերի միջեւ միջազգային պայմանագրեր կնքելու արդյունքներն ու առանձին հարցերը, Սինգապուրի եւ Սերբիայի հետ ազատ առեւտրի համաձայնագրերի բանակցությունների ընթացքը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը: Անդրադարձ էր կատարվել թվայնացման օրակարգին, 2018 թվականին ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման արդյունքներին:
…Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրը` ապրիլի 29-ին, աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, որին կառավարական առանձնատանը հյուրընկալել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ողջունելով Մեդվեդեւին, նա նշել է. «Հայաստանում ընդունված է ամենաթանկագին հյուրերին ընդունել տանը, շատ ուրախ եմ նման հնարավորության համար: Կարծում եմ` նախորդ տարվա ընթացքում մեր հարաբերությունները զարգացել են ըստ նախատեսվածի, իհարկե, դա չի նշանակում, որ չեն եղել հարցեր: Կարծում եմ` այժմ մեր հարաբերություններում շատ կարեւոր պահ է, եւ ես վստահ եմ, որ ի հեճուկս հոռետեսների՝ մեզ կհաջողվի մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի, ոչ թե ի հեճուկս հոռետեսների, այլ, ես կարծում եմ, պետք է հոռետեսներին դարձնել լավատեսներ: Իհարկե, մենք ամեն ինչ կանենք դրա համար»:
Հայաստանի վարչապետն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանի համար շատ կարեւոր են Եվրասիական տնտեսական միությունում հարաբերությունները եւ մեր մասնակցությունն այդ կազմակերպությունում: «Ամեն ինչ կանենք, որ Եվրասիական տնտեսական միությունը եւ մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ում դարձնենք ավելի արդյունավետ, կազմակերպությունը` առավել գրավիչ,- խոսքի շարունակության մեջ այնուհետեւ ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով. -Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ, ուրախ եմ Ձեր այցի կապակցությամբ եւ վստահ եմ, որ կունենանք շատ կառուցողական, բեղմնավոր աշխատանք: Մենք ունենք քննարկելու հարցեր, եւ շնորհակալություն այցի համար»: Իր հերթին, Դմիտրի Մեդվեդեւն ասել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, նախ շնորհակալություն հրավերի համար հատկապես նման հիանալի ժամանակաշրջանում, քանի որ այսօր կատարյալ գարնանային եղանակ է: Երկրորդ՝ իրականում կա լավ առիթ, որպեսզի հանդիպենք, դա Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստն է: Մենք պարբերաբար անցկացնում ենք այս միջոցառումները, որտեղ քննարկվում են տարբեր հարցեր, այդ թվում՝ դժվար: Այժմ Եվրասիական միությունում Հայաստանը հանդիսանում է նախագահող պետություն եւ, իհարկե, մեզ համար կարեւոր է, որպեսզի առաջ շարժվենք եվրասիական օրակարգի մի շարք հարցերի լուծման ուղղությամբ»: Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի՝ Մեդվեդեւն իր խոսքում շեշտել է, որ սա լավ հնարավորություն է՝ քննարկելու նաեւ երկկողմ հարաբերությունները: «Մենք Ձեզ հետ մի քանի անգամ հանդիպել ենք, քննարկել գործերի ընթացիկ իրավիճակը, տարեսկզբին նույնպես հանդիպել ենք, երբ ժամանել էիք Մոսկվա՝ որպես նախագահող երկրի վարչապետ, որի ընթացքում քննարկեցինք երկկողմ օրակարագային հարցերը: Այժմ էլ կանցնենք հիմնական կետերով, առավել եւս, որ մեր գործընկերները մեզ համար պատրաստել են մի շարք հարցեր»,- նշել է Ռուսաստանի վարչապետը: Մեդվեդեւը հույս է հայտնել, որ Հայաստանի նախագահությունը Եվրասիական միությունում կլինի բացարձակ հաջող, իսկ բանակցությունները կնպաստեն երկու երկրների գործակցության զարգացմանը, առավել եւս, որ մեր երկրները դաշնակիցներ են, որոնք ունեն հարաբերությունների յուրահատուկ պատմություն։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել հայ-ռուսական առեւտրատնտեսական համագործակցության եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության արդիական հարցեր:
 
Անցած շաբաթավերջը նշանավորվեց Քաղաքացու օրվա տոնակատարությամբ, որը մեզանում նշվեց առաջին անգամ եւ հետայսու կնշվի ամեն տարի` ապրիլի վերջին շաբաթ օրը: Այս առնչությամբ ապրիլի 27-ին հանրապետության ամբողջ տարածքում անցկացվեցին մշակութային, մարզական եւ այլ բնույթի տոնական միջոցառումներ՝ մասնավորապես մանկական կավճանկարչություն, շախմատի, շաշկու եւ նարդու մրցաշարեր, մարզիկների ցուցադրական ելույթներ, համերգային ծրագրեր, արվեստի ներկայացուցիչների ստեղծագործությունների ցուցահանդեսներ, հանրային քննարկումներ եւ այլն: «Ֆեյսբուքի» ուղիղ եթերով օրվա խորհրդի մասին խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Սա ամենամեծ խորհրդանիշն է այն բանի, որ Հայաստանում հաստատված է քաղաքացու իշխանություն, եւ սրանից հետո որեւէ այլ իշխանություն չի լինելու»,- նշել է Փաշինյանը: 
…Ազգային ժողովն ապրիլի 9-ին ընդունել է Կառավարության ներկայացրած՝ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով ապրիլի վերջին շաբաթ օրը սահմանվում է Քաղաքացու օր: Ըստ ընդունված օրենքի, եթե մայիսի 1-ը շաբաթ օր լինի, որպես Քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը: Միջոցառումների անցկացման համար Կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին տրամադրվել էր 124 միլիոն դրամ, որպեսզի այդ գումարով Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւանում պատշաճ կերպով իրականացվեն Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները: Հայկական տոնացույցում նման օրվա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018թ. ապրիլին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրավիճակով:
Այս որոշումը միանշանակ չընդունվեց ժողովրդի կողմից: Եվ դա բնական է: Թերեւս ժամանակ է պետք, որպեսզի հասարակությունն ընտելանա նոր տոնին, այն դարձնի իրենը: Շատերն այն կարծիքին են, որ կարիք չկար այդպիսի օր սահմանել. «Եթե Հայաստանը լինի բարեկեցիկ, իրավական երկիր, որտեղ մարդն իսկապես իրեն հողի տեր զգա, նրա համար ամեն օրն էլ տոն կլինի»,- այսպես են դատում Քաղաքացու օրվան դեմ անձինք՝ միաժամանակ ավելորդ համարելով միջոցառումների իրականացման հետ կապված հսկայական ծախսերը: Չնայած ծախսերի մեծ ու փոքր լինելու խնդիրը հարաբերական է: Օրինակ՝ անդրադառնալով տոնակատարությունների համար հատկացված գումարի չափին` Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը նշել է, որ դա այդքան էլ մեծ գումար չէ, եթե բաժանենք Հայաստանի մարզերի միջեւ։ «Քաղաքացին, ով կարողացավ խաղաղ ճանապարհով թելադրել իր կամքը, իրավունք ունի իր տոնը նշելու»,- կարծիք է հայտնել քաղաքապետը: Անշուշտ, վաստակած իրավունքի հարցում հարգարժան Դիանան միանգամայն իրավացի է, սակայն կարեւոր մի հանգամանք նա անտեսում է. լավ, վերջնարդյունքում ի՞նչ ստացավ «խաղաղ ճանապարհով իր կամքը թելադրած» այդ հպարտ քաղաքացին: Պրագմատիկ առումով, կարելի է ասել, ոչինչ, իսկ ընդհանրապես՝ հիասթափություն: Ցավալի է, բայց սա է իրականությունը:
Մարդկանց տեսակետները, ինչպես բազում այլ հարցերում, տրամագծորեն տարբեր են: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը տոնի համար ծախսվելիք գումարի հետ կապված՝ որեւէ խնդիր չի տեսնում. «Տոն է, պետություն է, կներեք, հո բոմժանոց չի՞… հայերը վերջին ժամանակներս սիրում են ավելի ճոխ նշել սգո օրերը, քան տոները»,- ասել է Քոչարյանը: Այս ամենը, ըստ նրա, հասարակության ցածր կրթական մակարդակի հետ է կապված: Քաղտեխնոլոգի այս փաստարկի հետ դժվար է համաձայնել, քանի որ կրթական մակարդակի գործոնն այստեղ, կարծես թե, մեծ դեր չի խաղում: Օրինակ՝ հազիվ թե կարելի է կասկածել Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, իրավագիտության թեկնածու Արթուր Ղազինյանի կրթական մակարդակին, սակայն վերջինս եւս ֆեյսբուքյան իր էջում առաջարկում է դրա փոխարեն ամսվա օրերից մեկը նվիրել ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակմանը: Նմանատիպ ցանկություն են հայտնել նաեւ Քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, որոնք խիստ վրդովված էին Քաղաքացու օր սահմանելու մասին որոշմամբ: «Ապրիլի վերջին օրը նշում եք որպես Քաղաքացու օր, պարոնայք ղեկավարնե´ր, իսկ արդեն 7 ամիս է` խնդրել ենք, որպեսզի ապրիլին մեկ օր տրամադրեք մեր հերոս տղաներին՝ որպես հիշատակման օր: Չէ որ նրանց շնորհիվ այդ օրը կա, եւ մենք կանք, արժան չգտա՞ք մի օր նվիրել մեր որդիներին` այն տղաներին, որոնք իրենց կյանքի մնացած բոլոր օրերը նվիրեցին Ձեզ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ապրիլյան պատերազմում զոհված հերոսի մայրը՝ Մարինե Հակոբյանը:
Անշուշտ, անհնար է ձեռնարկել որեւէ գործ կամ ընդունել որոշում, որը կգոհացնի անխտիր բոլորին: Սակայն կան զգայուն հարցեր, որոնց լուծումը որոնելիս պետք է ծայրաստիճան զգույշ գործել` չվիրավորելու համար երկրի մյուս քաղաքացիների զգացմունքները:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
 
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քանի տողով
Մայիսի 1-ը աշխատանքի եւ աշխատավորների համերաշխության միջազգային օրն է: Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մայիսմեկյան ավանդական երթը սկսել է Սարյանի արձանի հարակից տարածքից եւ շքերթով հասնել մինչեւ ականավոր կումունիստ Ստեփան Շահումյանի հրապարակ։ Տոնական շքերթներն առաջնորդում էին կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանը եւ Առաջադիմական միացյալ կոմկուսի ղեկավար Վազգեն Սաֆարյանը։ Զույգ կոմկուսների միջոցառմանը զուգահեռ Արհմիությունների կոնֆեդերացիայի երթն էր՝ «Արժանապատիվ աշխատանք, նույնպիսի աշխատավարձ» կարգախոսով: Աշխատանքի եւ աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նախագահ Արմեն Սարգսյանը:
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ապրիլի 30-ին Բիշքեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Նեղ շրջանակում պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների քննարկմանն են արժանացել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության` մասնավորապես հավաքական անվտանգության Կենտրոնասիական տարածաշրջանում եւ տաջիկա-աֆղանական սահմանագծում լարվածության նվազեցմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների իրականացման հարցերը:
 
Միջազգային մամուլ
Վենեսուելայի ճգնաժամը. Մադուրոն պնդում է, որ հեղաշրջման փորձը կասեցվել է 
The New York Times-ը հայտնում է, որ Կարակասում բռնկված հակակառավարական ցուցարարների եւ իրավապահների միջեւ բախումներ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն ռազմական բազայի զինվորների հետ միասին կոչ է արել բնակչությանը՝ դուրս գալ նախագահ Նիկոլա Մադուրոյի դեմ:
BBC-ին տեղեկացնում է, որ իրեն ժամանակավոր նախագահ հռչակած Գուաիդոն կոչ է արել ավելի շատ զինվորականների՝ օգնել վերջ տալու Մադուրոյի կողմից իշխանության «յուրացմանը»: Սակայն զինված ուժերը սատարում են Մադուրոյին՝չնայած հանգամանքին, որ մի քանի տասնյակ երկրներ, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ը եւ Լատինական Ամերիկայի տարբեր երկրներ ճանաչում են Գուաիդոյին՝ որպես Վենեսուելայի օրինակարգ առաջնորդ: Լրատվականի հաղորդմամբ՝ Կարակասից արված որոշ լուսանկարներ ցույց են տալիս, որ Գուաիդոյի աջակցում են մի քանի զինվորներ: «Մադուրոյին մերժողները հույս ունեն, որ զինվորականները կվերանայեն իրենց հավատարմությունը Մադուրոյին, քանի որ արժույթի արժեզրկման, հոսանքազրկումների, սննդի ու դեղերի պակասի պատճառով դժգոհությունն աճում է»,- հաղորդում է BBC-ին:
Ըստ The Guardian-ի, Նիկոլաս Մադուրոյի պնդմամբ՝ իր զորքերը «խափանել են Վենեսուելայում հեղաշրջման փորձը, որը ղեկավարվում է Դոնալդ Թրամփի անջատողական իմպերիալիստական խմբավորման կողմից»: Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, պարբերականի հավաստմամբ, հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ռազմական գործողությունների հնարավորությունը դիտարկում է «անհրաժեշտության դեպքում»:
Foxnews-ի փոխանցմամբ՝  Պոմպեոն, որը նախկինում հայտարարել էր, որ Մադուրոն գտնվում էր Կուբա փախչելու եզրին, ասել է, որ ԱՄՆ-ը կնախընտրի Վենեսուելայում իշխանության խաղաղ փոխանցումը, սակայն պատրաստ է դիտարկել նաեւ ռազմական միջամտությունը: Լրատվականի հաղորդմամբ՝ Գուաիդոն պնդում է, որ «խաղաղ ապստամբության», այլ ոչ թե ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել, եւ կոչ է արել կողմնակիցներին վերադառնալ փողոց՝ շարունակելու այն, ինչ նա անվանել է «Ազատության օպերացիա»: Նրա խոսքով՝ վենեսուելացիները հնարավորություն ունեն «նվաճելու իրենց ապագան», եւ որ երթը լինելու է երկրի պատմության մեջ ամենամեծը:
Պատրաստեց Մարինա Մուրադյանը
  
Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS