- 20.05.2019
- Հայաստան
- arm
ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին 36 ամիս ժամկետով «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների (ՎՄ) տրամադրումը` շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլարի չափով: Հայաստանի իշխանությունները նշել են, որ ՎՄ-ն դիտարկելու են որպես կանխարգելիչ միջոց, և չեն պատրաստվում օգտագործել նոր ՎՄ-ի միջոցները, քանի դեռ շոկերը չեն առաջացրել վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ:
Կենտրոնական բանկից հայտնում են, որ ՎՄ-ն նպատակաուղղվելու է ՀՀ տնտեսական հիմնարարների և քաղաքականության ամրապնդմանը, ինչպես նաև կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես՝ արդյունավետ կառավարմանը և գործարար միջավայրի բարելավմանը:
Իշխանությունները շարունակում են ընթանալ կայուն հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնելու ճանապարհով՝ առաջնորդվելով ֆիսկալ կանոնով՝ միևնույն ժամանակ ստեղծելով ենթակառուցվածքների և սոցիալական ծախսերի խթանումն ապահովող պայմաններ:
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն հավանություն է տվել Հայաստանին 36 ամիս ժամկետով 180 մլն ՓՀԻ (Փոխառության հատուկ իրավունք) չափով վարկի տրամադրմանը (շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլար կամ ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի մոտ 139.75 տոկոս):
Խորհուրդը հաստատում է, որ 25.714 միլիոն ՓՀԻ-ն (համարժեք է մոտ 35.5 միլիոն ԱՄՆ դոլարին) անմիջապես է տրամադրվում Հայաստանին, իսկ մնացած գումարը կտրամադրվի վեց կիսամյակային գնահատականների հիման վրա:
Հայաստանի իշխանությունները նշել են, որ ՎՄ-ն դիտարկելու են որպես կանխարգելիչ միջոց, և չեն պատրաստվում նոր ՎՄ-ն օգտագործել, եթե շոկերով պայմանավորված՝ չեն ծագի վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ: Ի լրումն ցնցումներից ապահովագրելուն ուղղված նպատակի, ՎՄ-ն կսատարի ՀՀ իշխանությունների՝ տնտեսական հիմնարարներն ու իրականացվող քաղաքականությունն ամրապնդելու ջանքերը: Այն կնպաստի նաև կառուցվածքային բարեփոխումների արդյունավետ իրականացմանը՝ մասնավորապես կառավարման և գործարար միջավայրի բարելավմանը:
Գործադիր խորհրդի քննարկումից հետո Կառավարիչ-տնօրենի տեղակալ և Նախագահի պաշտոնակատար Միցուհիրո Ֆուրուսավան հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.
«Հայաստանը վերջին տարիներին շարունակում է առաջընթաց արձանագրել մակրոտնտեսական և ֆինանսական կայունության պահպանման, ինչպես նաև տնտեսական աճի խթանման համար կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու գործում: Տնտեսական ակտիվությունը բարձրացել է, իսկ պետական պարտքը սկսել է նվազել: Գնաճը վերահսկվում է, ֆինանսական համակարգը մնում է կայուն, իսկ միջազգային պահուստները գնահատվում են համարժեք: Այնուամենայնիվ, բարեփոխումներին ուղղված ջանքերն անհրաժեշտ է շարունակել ավելի հավասարակշռված և ընդգրկուն աճ ապահովելու համար` կրճատելով անհամամասնությունները, բարելավելով գործարար միջավայրը և կառավարումը, ինչպես նաև հետագա ջանքեր գործադրելով աղքատությունն ու գործազրկությունը նվազեցնելու համար:
Երեք տարի ժամկետով տրամադրվող ՎՄ-ն կսատարի իշխանությունների՝ ավելի դինամիկ, կայուն և ներառական տնտեսության անցնելու խնդրի իրագործմանը: ՎՄ-ի կանխարգելիչ բնույթը կծառայի արտաքին շոկերից ապահովագրության նպատակին: Իշխանությունները շարունակում են ֆիսկալ կանոնի գործադրմամբ հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնել՝ միևնույն ժամանակ ստեղծելով ենթակառուցվածքների և սոցիալական ծախսերի խթանման համար պահանջվող միջավայր: Այս խնդիրների իրագործումը պետք է ուղեկցվի հարկային վարչարարության բարելավմամբ և գույքի հարկման արդիականացմանն ուղղված միջոցառումներով:
Դրամավարկային քաղաքականության հետագա ամրապնդումը կնպաստի նրան, որ դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը կբարձրանա և գնաճը կվերադարձվի միջնաժամկետ նպատակին: Միջոցներ կձեռնարկվեն նաև ֆինանսական համակարգը պաշտպանելու, կապիտալի շուկաները է՛լ ավելի զարգացնելու և ֆինանսների հասանելիությունը դյուրացնելու ուղղությամբ:
Կառուցվածքային բարեփոխումների կուռ փաթեթով նախատեսված գործողությունների վճռական իրականացումը կնպաստի կայուն և ներառական աճի ապահովմանը, ինչին կարելի է հասնել մասնավոր հատվածի զարգացմամբ, ավելի մեծ թվով ուղղակի ներդրումներ ներգրավելու և դիվերսիֆիկացիայի խորացմանը նպաստող միջոցառումներով: Մարդկային կապիտալի բարելավման և աշխատուժի մասնակցության ավելացմանն ուղղված քայլերը նույնպես կարող են օգտակար լինել»: