Եթե ՀՀ կառավարությունն այս ճանապարհով է ցանկանում գնալ՝ ԵՄ-ն պատրաստ է աջակցել. Սվիտալսկի

  • 22.05.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

 20

ԵՄ-ն դատաիրավական համակարգի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը համարում է բարեփոխումներ իրականացնելու ամուր հանձնառություն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:


Նա նշել է, որ իրենք հնարավորություն չեն ունեցել Հայաստանի կառավարության, Արդարադատության նախարարի կամ այլ մարդկանց հետ մանրամասն քննարկել հարցը, բայց այն, ինչ վարչապետը նշել է, ԵՄ համար շատ պարզ է:


«Այն շատ աներկբա և շատ ամուր հանձնառություն է՝ արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ: Արդարադատության նախարարը խոսել է վեթթինգի մասին՝ ներկայացնելով ալբանական մոդելը: Եվրամիությունը սերտորեն աշխատել է ալբանական կառավարության հետ՝ մշակելով այսպես կոչված ալբանական մոդելը, և այսօր այդ վեթթինգի մոդելն աջակցություն է ստանում Եվրամիության կողմից: Սա հայկական կողմի համար հաշվի առնելու հնարավորություն է»,- նշել է Սվիտալսկին:


Նրա խոսքով, եթե Հայաստանի կառավարությունն այս ճանապարհով է ցանկանում գնալ՝ ԵՄ-ն պատրաստ է աջակցել: Բայց դեռ չի քննարկվել:


«ԵՄ-ն հավատում է, որ Հայաստանում արդարադատության ոլորտում բարեփոխումները կենսական նշանակություն ունեն ապագայի տեսանկյունից: Կարող եմ ասել, որ խորը և համապարփակ բարեփոխումներն արդարադատության ոլորտում էական նշանակություն ունեն ձեր ապագայի համար մի շարք պատճառներով, բայց առաջին պատճառն այն է, որ հայ ժողովուրդը չի վստահում դատարաններին: Անցյալ տարիներին Եվրամիությունը ֆինանսապես աջակցել է անկախ ուսումնասիրությունների անցկացմանը, որոնք փաստել են, որ չափազանց շատ հայեր չեն վստահում դատարաններին:


Եվ մենք այսօր հրապարակել ենք գործընկերության հաշվետվությունը, դուք կարող եք այնտեղ գլուխներ գտնել, որ վերաբերվում են այլ կառույցներին, որոնցում նաև նշված է, որ Հայաստանն ունի խնդիր. չափազանց շատ մարդիկ չեն վստահում դատարաններին: Հետևաբար, ձեզ պետք են բարեփոխումներ՝ հանրության վստահությունը վերականգնելու համար: Հավատացած ենք, որ բարեփոխումները պետք է իրականացվեն՝ հարգելով Սահմանադրությունը, Հայաստանի միջազգային հանձնառությունները, ներառյալ Եվրախորհրդում անդամակցության տեսանկյունից, հարգելով մեր համատեղ հանձնառությունները, մասնավորապես, արդարադատության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ»,- նշել է դեսպանը:


Պյոտր Սվիտալսկին հավելել է. «Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին արդարադատության ոլորտում խորը և համապարփակ բարեփոխումների համար՝ տեխնիկական կամ խորհրդատվական աջակցությամբ, բավականին ծավալուն ֆինանսական աջակցությամբ: Մենք մեծապես աջակցում ենք վարչապետի կողմից ստանձնած պարտավորություններին արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Սա չափազանց լուրջ հանձնառություն է: Մենք երբեք որևէ բան չենք պարտադրում, բայց Հայաստանի կառավարությունը պետք է իմանա, որ կարող է վստահել մեր աջակցությանը այս բարեփոխումների իրականացման ընթացքում՝ հենց այս սկզբունքների հիման վրա: ԵՄ-ն ՀՀ կառավարությանը խրախուսում է մշակել բարեփոխումները ներառական երկխոսության հիման վրա՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ»:

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS