«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը
Հայության համերաշխության մեծ տոնը՝ Առաջին Հանրապետության օրը
Այսօր մայիսի 28-ն է՝ Առաջին Հանրապետության օրը, հաղթական եզրափակումը հայոց մայիսյան հերոսամարտերի: Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հաղթելով թուրքական զորքերին՝ հայկական զինուժը կասեցրեց բազմակողմ ներխուժումը, և հնարավոր դարձավ հայոց պետականության վերածնունդը:
1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Ցեղասպանության, ջարդերի և անհուսության մոխիրներից փյունիկի պես հառնեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ ազատ, անկախ: Իսկ ուղիղ մեկ տարի անց՝ 1919 թ., Հայաստանի Հանրապետության մեկամյակի կապակցությամբ ընդունվեց «Միացյալ և անկախ Հայաստանի մասին» ակտը. 100 տարի առաջ Հայաստանի կառավարությունը հայտարարեց. «Հայաստանի բաժան-բաժան մասերը մշտնջենապես միացած են իբրև անկախ պետական միություն»:
«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է համայն հայությանը Հայաստան, Արցախ և ի Սփյուռս աշխարհի այս մեծ ու միավորիչ տոնի առիթով:
Հայաստանի Առաջին Հանրապետությունը ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ, սակայն ինքնուրույն պետականության իրականացած երազանքը սերունդների ոգեշնչեց ապրելու և արարելու հանուն Հանրապետության վերականգնման: Մեր պառակտումներն ու ներքին անհամերաշխությունը հիմնական պատճառ դարձան պետության կորստի:
Առաջին Հանրապետության 101-րդ տարեդարձին՝ 21-րդ դարում «Ժառանգություն»-ը վերստին մաղթում է համայն հայությանը ազգային համերաշխություն, հզոր հավաքական ուժ և ստեղծարար աշխատանք՝ հանուն մեր պետության նոր առաջընթացի համաշխարհային ներկա զարգացումներում:
«Ժառանգություն» կուսակցության վարչություն
28 մայիսի 2019
Երեւան