ACNIS reView #20, 2019: Վերլուծական

Վերլուծական    

 
ՄԱՅԻՍԻ 31 2019   

Չզբաղվես Սահմանադրությամբ՝ ինքը կզբաղվի քեզնով…

Մայիսի 29-ին ԱԺ-ում կառավարության անդամների՝ պատգամավորների հարցերին պատասխանելու հերթական նիստի օրը անհարմար իրավիճակում հայտնվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Նիստից առաջ լրագրողները հետաքրքրվեցին Միրզոյանից, թե արդյոք օրենքի խախտում չէ, որ այդ օրը վարչապետը ներկա չէ կառավարության հետ հարցուպատասխանին [1]։ Վերջինս նախ պնդեց, որ դա օրենքի խախտում չէ եւ հորդորեց լրագրողներին օրենքը կարդալ։ «Եթե կառավարության անդամը՝ այդ թվում վարչապետը, երկրում չէ, ապա նա, բնականաբար, չի կարող այստեղ լինել»,- ասաց ԱԺ նախագահը։ Սակայն լրագրողները համառորեն սկսեցին Միրզոյանին հիշեցնել, որ 2017 թվականի այսպիսի մի օր, երբ վարչապետ Կարեն Կարապետյանի երկրում չլինելու պատճառով ներկա չէր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բոլորովին այլ կերպ էր մեկնաբանել Սահմանադրության 80-րդ հոդվածը՝ պնդելով, որ «եթե որեւէ մեկը ՀՀ վարչապետ է, այս օրը, այս ժամին երկրագնդի վրա, բացի այստեղ լինելուց, նա ուրիշ որեւէ տեղ չի կարող գտնվել» [2]։

ԱԺ նախագահը, որպեսզի խուսափի անցյալում Նիկոլ Փաշինյանի արած տվյալ պնդումը մեկնաբանելուց, ստիպված եղավ անհարմար իրավիճակից դուրս գալու բացատրություններ փնտրել։ «Աշխարհի որ կետում էլ լինի՞… Օրենքի շատ աբսուրդ մեկնաբանություն է: Ես չեմ հիշում կոնկրետ դրվագը եւ համատեքստը։ Եթե մարդը երկրում չէ, ասենք՝ գործուղման է մեկնել կամ արձակուրդում է, ինչպե՞ս կարող է գալ այս դահլիճ չորեքշաբթի օրը»,- հակադարձեց Միրզոյանը։ Սակայն լրագրողները տեղի չէին տալիս ու կրկին հիշեցրին, որ Փաշինյանն էր այդպես պնդում։ «Ժողովուրդ ջան, չեմ հիշում։ Եկեք բացենք՝ նայենք, որովհետեւ կարող է պարոն Փաշինյանը նկատի է ունեցել, որ երկրում է, բայց չի եկել ԱԺ»,- նշեց խոսնակը եւ շտապեց հեռանալ։

Ներկայացված իրավիճակը քաղաքական գնահատականների ու մեկնությունների առիթ է։ Շատ քաղաքացիներ ու քաղաքական գործիչներ ներկայիս ղեկավար պաշտոնյաներին սկսեցին մեղադրել անպատասխանատու հայտարարություններ անելու, անսկզբունքայնություն ցուցաբերելու, երկակի չափորոշիչներով առաջնորդվելու մեջ։

Սակայն լրագրողների հարցերին ԱԺ նախագահի պատասխանները տրամաբանված էին։ Ուստի ներկայումս ակնառու երկու տարբեր չափորոշիչների սխալի աղբյուրը գալիս է կամ Նիկոլ Փաշինյանի 2017-ի ելույթի պոպուլիստական էֆեկտ ստանալու մղումից, կամ էլ Սահմանադրության 80-րդ հոդվածի իրավական առումով անկատար ձեւակերպումից։ Եվ քանի որ Նիկոլ Փաշինյանի կողմից Սահմանադրության տվյալ դրույթի մեկնաբանումը չենք կարող տեսնել նրա 2017թ․ելույթում նշված «սադրիչ լուրերի» շարքում, այդ պատճառով մնում է Սահմանադրության 80-րդ հոդվածը մեկնաբանել՝ ելնելով դրանում պարունակող բառերի ու արտահայտությունների տառացի նշանակությունից, եւ խոսել Սահմանադրության մեջ եղած թերության կամ անկատարության մասին։

Այսօր դժվար թե որեւէ ողջամիտ մարդ դեմ լինի այն պնդմանը, որ մեր Հիմնական օրենքը 2015թ․փոփոխությունների ենթարկվեց եւ կեղծիքներով անցկացվեց, որպեսզի կյանքի կոչի Սերժ Սարգսյանի եւ ողջ քրեաօլիգարխիկ համակարգի քաղաքական ծրագրերը։ Հենց այսօրվա Սահմանադրության մեջ կարելի է հանդիպել բազում կեղծիքների, թերությունների, անհստակությունների, հակաժողովրդավարական ձեւակերպումների, որոնք անընդհատ արգելակում են պետականաշինության գործը:

Թվում է՝ «թավշյա» հեղափոխությունից հետո քաղաքական համակարգի առողջացումը պետք է սկսվեր հիմքից՝ սահմանադրական փոփոխություններից: Ցավոք, երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու գործը բախվում է կառավարության չկամության պատին. գործադիրը, կարծես թե, չունի քաղաքական կամք՝ երկրի Հիմնական օրենքը բարեփոխելու համար։

Դա է պատճառը նաեւ, որ արդեն մեկ տարի է՝ շատ պաշտոնյաներ օբյեկտիվորեն հայտնվում են անհարմար իրավիճակում, չեն կարողանում տեղ գտնող բացասական երեւույթներն ընդունել ու դիտարկել սահմանադրական կարգավորումների լույսի ներքո։ Նման վարքագիծը կառավարության գործունեության հանդեպ հանրային դժգոհությունների տեղիք է տալիս։ Երբեմն հարկ է լինում այս կամ այն հարցի վերաբերյալ օրենքի «շատ անհեթեթ մեկնաբանություն» կատարել, միայն թե չխոսել այն մասին, որ մեզանում գլխավոր քաղաքական օրակարգը Սերժ Սարգսյանի «սուպերվարչապետական» Սահմանադրությունից հրաժարվելն ու նոր բարեփոխված Սահմանադրության ընդունման գործընթաց նախաձեռնելն է։

Կարելի է վստահորեն պնդել՝ առաջիկա ամիսներին բազում են լինելու այն խութերը, որոնք կառավարությանը կանգնեցնելու են փաստի առջեւ՝ ստիպելով կամ ընդունել, որ երկրի համար գլխավոր չարիքը ներկայիս Սահմանադրությունն է, կամ համակերպվել իրենց գործունեության նկատմամբ հանրային վստահության անկման փաստի հետ։ Կա մի պարզ ճշմարտություն, որը պետք է ընդունեն բոլորը. եթե սահմանադրական հանրապետությունում քաղաքացիներն ու նրանց ընտրած ղեկավարները ոչ միայն չեն հոգում իրենց կյանքը կանոնավորող հանրային պայմանագրի՝ Սահմանադրության «կարիքները», այսինքն՝ չեն զբաղվում նրանով, ավելին՝ արհամարհում են նրա դերն ու նշանակությունը, ապա պետք է պատրաստ լինել, որ այդ Սահմանադրությունն ինքն է մի օր զբաղվելու իրենցով, իրենց ճակատագրով:

Սարո Սարոյան


https://acnis.am/hy/analysis/20-2019