Ես կարևոր օղակ կլինեմ, սակայն ամենևին ոչ` միակը. Ռոբերտ Քոչարյանն՝ իր անելիքների մասին

  • 30.07.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

 53

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Գոլոս Արմենիի» թերթին, որում նշել է, որ «կոնսենսուս մինուս մեկ»-ը, որպես գաղափար, արդեն ձևավորվել է:


Պատասխանելով հարցին, թե ինչ է պատրաստվում հակադրել իշխանությանը, որը չունի զարգացման հստակ հայեցակարգ, Քոչարյանն աարձագանքել է՝ կառավարչական փորձ, երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման հայեցակարգային ծրագիր և կառավարիչների պրոֆեսիոնալ, կանխատեսելի թիմ:


«Ես Արցախում ու Հայաստանում նախագահելու հաջողված փորձ ունեմ: Վերջին 10 տարիներին եղել եմ տնտեսության ամենատարբեր բնագավառներում աշխատող խոշոր ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Այնպես որ` ռազմական ու պետական շինարարության, սոցիալ-տնտեսական մասշտաբային բարեփոխումների իրականացման եզակի փորձ ունեմ, ինչպես նաև ժամանակակից բիզնեսի մեխանիզմների գործադրման ընկալում: Հայաստանում շա՞տ են արդյոք նման փորձ ունեցող մարդիկ»,- նշել է նա:


Անդրադառնալով հարցին, թե որքա՞ն է մտադիր հետևել սպասողական մարտավարությանը և ո՞ր պահին կհնչեցնի իր Ձեր պատկերացումները ընդդիմության կոնկրետ ձևաչափի մասին, ՀՀ երկրորդ նախագահն ասել է, որ «կոնսենսուս մինուս մեկ»-ը, որպես գաղափար, արդեն ձևավորվել է քաղաքական դաշտում: Նրա խոսքով, բոլորը տեսնում են, որ պետական ապարատը ծառայում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերին, այլ մեկ մարդու բնազդներին ու քմահաճույքներին, որ բխում են նրա` ծայրահեղ պարզունակ աշխարհայացքից: 

«Իշխանությունների պարզունակության և ֆունկցիոնալ իմպոտենցիայի մասին այսօր խոսում են բոլորը: Այսինքն` ընդդիմության դաշտում համախմբման համար բարեբեր հող կա: Սակայն չեմ կարծում, որ համախմբման միասնական կենտրոնը կստեղծվի միանգամից: Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժով մի քանի կենտրոններ կլինեն, սակայն դրանց միջև ակտիվ համագործակցություն կապահովվի։ Ընդ որում` հենց այդտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ մտավոր հատվածը: Այդ գործընթացներում ես կարևոր օղակ կլինեմ, սակայն ամենևին ոչ` միակը: Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում: Այդ գործընթացն անպայման կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, այլապես` այն կկորցնի իր ընտրազանգվածը: Աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ»,- ասել է նա:


Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես կանխել այն վտանգը, որ «ներքևից» դժգոհությունը նորից չհանգեցնի այն իշխանության հարցը փողոցում լուծելուն, Քոչարյանը կարծիք է հայտնել, որ իշխանության հարցն ամեն պարագայում կորոշվի փողոցում… արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով:


«Կառավարման այս որակով ներկայիս իշխանությունը երկար չի դիմանա և վերընտրվելու հեռանկարներ չունի: Ընտրողը լիուլի կուշտ կլինի պոպուլիստներից և ավելի պահանջկոտ կլինի ընտրություն կատարելիս: Սովորաբար, ձախողված պոպուլիստներին փոխարինելու են գալիս փորձառու, կրթված և հավասարակշիռ պրագմատիկները, այդպիսին է քաղաքական գործընթացների տրամաբանությունը: Թարմ օրինակ` Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները»:


Չի անտեսվել նաև Արցախում սպասվող նախագահական ընտրությունների թեման. Քոչարյանը հույս է հայտնել, որ Հայաստանից, այսպես ասած, հեղափոխության արտահանում չի լինի, ինչն էլ կկանխի արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները:


«Արտահերթ ընտրությունները սովորաբար արտացոլում են ներքաղաքական ճգնաժամը, որի նախանշաններ Արցախում հաստատ չկան: Այնտեղ ձեռակերտ ճգնաժամ ստեղծելը մեծ անպատասխանատվության դրսևորում և ազգային շահերի դավաճանություն կլինի: Արցախցիները պետք է ամրություն ցուցաբերեն և մերժեն ապակառուցողական միջամտության ցանկացած փորձ»:


Վերջում հավելել է. 


«Իմ քաղաքական ակտիվության՝ իշխանության կողմից պարտադրած «դատական» բաղադրիչը բարդ է անտեսել: Ստիպված եմ անազատության մեջ համադրել ընդդիմադիր գործունեությունը և իրավական պաշտպանությունը, եթե դա կարելի է այդպես անվանել: Սակայն այս ամենը մի դրական հանգամանք ունի: Իշխանությունը, հիստերիայի մեջ, դեն գցեց արդարության համար պայքարողի բարեսիրտ դիմակը` ցուցադրելով բոլորին, որ իր կարգախոսները և հնչեցրած արժեքներն իրականության հետ որևէ առնչություն չունեն: Դա չափազանց կարևոր է հասարակության մտածող մասի համար, և իշխանությունն արդեն զրկվել է նրա աջակցությունից»: