- 09.08.2019
- Հայաստան
- arm
- rus
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Երևանի «Արարատ կոնյակի-գինու օղու կոմբինատ» ԲԲԸ-ի դեմ սնանկության վարույթ է ներկայացվել։
Armdaily-ի աղբյուրների համաձայն, դիմումը ներկայացրել է «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ն։ Ընկերության փաստաբանը Հարություն Հարությունյանը հաստատեց մեր տեղեկությունները՝ հավելելով, որ սնանկության դիմումն ընդունվել է վարույթ և արդեն իսկ նշանակված է սնանկության ժամանակավոր կառավարիչ։ Խոսք վերաբերում է մոտավորապես 120 000 000 ՀՀ դրամին։
Ըստ փաստաբանի՝ տեւական ժամանակ իր վստահորդ ընկերությունը բեռնափոխադրման ծառայություններ է մատուցել «Արարատ կոնյակի-գինու օղու կոմբինատ» ԲԲԸ-ին և իրենց միջև միշտ եղել է փոխըմբռնման և գործընկերային լավ հարաբերություններ։ Հերթական անգամ բեռնափոխադրման ծառայություններ մատուցելուց հետո «Արարատ կոնյակի-գինու օղու կոմբինատ» ԲԲԸ-ն հրաժարվել է գումարը վճարել և քանի որ «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ն բեռնափոխադրումների գործընթացին ներգրավել էր նաև այլ ընկերություններին պատկանող մեքենաներ, ինքնըստինքյան «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ն իր հերթին չի կարողանում վճարել նրանց և բախվել է ֆինանսական լուրջ խնդիրների։
Ըստ փաստաբանի՝ «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ տնօրեն Հայկ Գրիգորյանի համոզմամբ «Արարատ կոնյակի-գինու օղու կոմբինատ» ԲԲԸ-ի սեփականատերը տեղյակ չէ այս իրավիճակի մասին, հակառակ պարագայում նման իրադրություն չէր թողնի հասունանա։
Անդրադառնալով Սեդրակ Առուստամյանի՝ այլ լրատվամիջոցին տված հարցազրույցին, թե իբր այս ամենը զրպարտանք է, փաստաբանը նշեց, որ կարծում է Առուստամյանին թերի տեղեկություններ են հաղորդել այս խնդրի մասին, հակառակ դեպքում, նա ևս գործուն միջոցներ կձեռնարկեր խնդիրը կարգավորելու համար, քանի որ միշտ եղել են գործընկերային ջերմ հարաբերություններ։