- 23.08.2019
- Հայաստան
- arm
ՀՀ էկոնոմիկայի նախարարն այսօր հանդիպել է «Լաուրա ինվեսթմենթ» ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Երևանում կառուցվելիք երկնաքերի հայեցակարգը։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
Նախաձեռնողները շնորհանդեսի ընթացքում ներկայացրել են Երևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքերի ներդրումային ծրագիրը․ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի նախագծային աշխատանքները կտևեն մոտ 2 տարի, իսկ շինարարական աշխատանքները՝5։ Ներկայացվել են համալիրի սեյսմիկ կայունության ապահովմանը միտված քայլերը։
Ընդհանուր առմամբ, ներդրումները կազմելու են 270 մլն ԱՄՆ դոլար։ Նշվել է, որ նախատեսվում է շինարարությունն իրականացնել ներկայիս Դալմայի այգիների հարակից տարածքում, որտեղ ընկերությանն առաջարկվում է ստեղծել և բարեկարգել նաև ենթակառուցվածքներ՝ այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտի և ճոպանուղի: Ընկերության ղեկավար Դավիթ Չիթչյանի խոսքով՝ համալիրի շուրջ կա լուրջ հետաքրքություն։
Նախարար Խաչատրյանը վստահեցրել է, որ ներդրողները կզգան նախարարության աջակցությունը այն բոլոր հարցերում, որտեղ կլինի դրա անհրաժեշտությունը։ Նախարարն առաջարկել է դիտարկել տեղական արտադրության ներուժի օգտագործման հնարավորությունները ծրագրի իրականացման ընթացքում։
«Լաուրա ինվեսթմենթի» գործընկեր «Բայնոնա ինժեներական խորհրդատվություն»
ընկերությունը ներկայացրել է իրենց կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաև համալիրի կառուցմանն առնչվող հարցեր։