ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գալոյանը

  • 22.08.2019
  •  

  • Հայաստան
  •  

 78

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով այսօր «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Ռոբերտի Գալոյանը՝ մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:


Այս մասին հայտնում են ԿԳՄՍ-ի մամուլի ծառայությունից:


Մինչ այդ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն էր, որ հրաժարական տվեց պաշտոնից նախօրեին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետ:


Նախարարը հայտնեց, որ հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հետ, որի ընթացքում քննարկվել է բուհի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ մեղադրանքները Հայրապետյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների մասին, որոնց մի մասը հրապարակավ ընդունել է նաև ռեկտորի պաշտոնակատարը:


"Հաշվի առնելով այն, որ մեր կառավարության և անձամբ ինձ համար կրթական և գիտական համակարգում նման երևույթների բացառումն առաջնային նշանակություն ունի՝ եկանք փոխադարձ համաձայնության, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը: Կարծում եմ, որ այս քայլը ևս մեկ անգամ ապացույց պետք է դառնա մեր քաղաքացիների համար առ այն, որ մեզ համար օրենքի գերակայությունն ու որոշակի արժեքային համակարգն ամենակարևորն են` անկախ բոլոր հանգամանքներից, կլինեն դրանք մասնագիտական լուրջ կարողություններ, որոնք Ռուբեն Հայրապետյանն ունի, քաղաքական հայացքներ, անձնական հարաբերություններ, թե աշխատանքում ունեցած նշանակալի հաջողություններ", – Facebook-յան իր էջում գրել էր նախարարը: