- 22.08.2019
- Հայաստան
- arm
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդին՝ Տրդատ Խաչատրյանը, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից՝ «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան:
Տրդատ Խաչատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար:
Դեռևս նախորդ տարի՝ օգոստոսի 10-ին, Տրդատ Խաչատրյանի նկատմամբ նշանակվել էր համալիր դատաբժշկական, դատահոգեբուժական ստացիոնար և ռազմաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն: Մենք հետաքրքվել էինք, թե արդյոք մեկ տարի անց փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն և այդ տվյալների հիմա վրա հնարավո՞ր է արձանագրել, որ Խաչատրյանը զինծառայությունից ազատվել է օրենքով սահմանված հիմքով:
«Տրդատ Խաչատրյանը համաձայն դատաբժշկական, ստացիոնար դատահոգեբանական և ռազմաբժշկական հանձնաժողովային համալիր փորձաքննության եզրակացության, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար: Ինչ վերաբերում է Տրդատ Խաչատրյանի՝ զինվորական ծառայությունից օրինական կերպով ազատված լինելու հարցին, ապա այն ենթակա է գնահատման քրեական գործով վերջնական որոշում կայացնելու ընթացքում»,- ասված է հարցման պատասխանում: Քննչական կոմիտեից հայտնել են նաև, որ գործով նախաքննությունը շարունակվում է:
Տրդատ Խաչատրյանը մեղադրյալի կարգավիճակում հայտնվելուց հետո բաց նամակով դիմել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ հայտնելով, թե ինչպես է ստացվել, որ 2017 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ ճանաչվել է ոչ պիտանի պարտադիր զինծառայության համար:
Իր նամակում Խաչատրյանը գրել էր նաև, որ դիմել է տարբեր բժշկական կենտրոններ, որից հետո իր առողջական վիճակում բարելավում է նկատվել, նաև ընդգծել՝ անկախ փորձաքննության արդյունքներից պատրաստ է ծառայել ԶՈՒ-ում:
Մեղադրյալի կարգավիճակ ստանալուց հետո վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում