- 22.08.2019
- Հայաստան
- arm
- rus
Հայաստանի կառավարությունը ֆինանսական միջոցներ է հատկացրել Արեւմուտքի, մասնավորապես ամերիկացի միլիարդատեր, գլոբալ մասշտաբի ֆինանսական սպեկուլյանտ Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ»-ից սնվող երկու հայաստանյան կազմակերպությունների՝ առաջիկայում Արցախում սպասվող ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:
Խոսքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակի եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի մասին է: Այս երկու կազմակերպություններին գործադիրի այսօրվա որոշմամբ, որն ընդունվեց միաձայն, հատկացվելու է շուրջ 50 մլն դրամ:
Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը նշեց, որ Արցախում 2019 թվականին սեպտեմբերին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից որդեգրած ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու սկզբունքը՝ նպատակահարմար է Արցախում քաղաքացիական հասարակության կողմից ընտրություններում դիտորդական առաքելության իրականացման հարցում աջակցության ցուցաբերումը:
Այսպիսով` սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու ցանկություն են հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, որոնց կողմից նշված գործունեության համար նախատեսված ծախսերի ֆինանսավորման համար առաջարկվում է 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 9 ամսում վարչապետի աշխատակազմին հատկացնել 33 միլիոն 680 հազար դրամ՝ վերոգրյալ կազմակերպություններին դրամաշնորհի պայմանագրի հիման վրա տրամադրելու նպատակով: 16 մլն 200 հազար դրամ կհատկացվի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակին հասարակական կազմակերպությանը, իսկ 17 մլն 480 հազար դրամ՝ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս նախագծի ընդունումը կարեւորեց. «Ինչպես հայտարարել եմ՝ Հայաստանի կառավարությունը եւ անձամբ ես համարում եմ, որ ՀՀ-ն պետք է հավելյալ աջակցի, որ երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը»,- նշեց վարչապետը հավելելով, որ այս որոշումը այդ միջոցառումների շրջանակներում է: Վարչապետը որոշումն աննախադեպ համարեց:
Հատկանշական է, որ Սորոսի եւ արեւմտյան այլ հիմնադրամներց սնվող այս երկու կառույցները բավականին լուրջ ներդրում են ունեցել «Թավշյա հեղափոխության» իրականացման գործում: Նրանց եւ Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող այլ կառույցներն իրենց ողջ ենթակառուցվածքներով ու ռեսուրսներով աշխատում էին հեղափոխության իրականացման օգտին: Բացի այդ այս երկու կառույցը, իսկ ավելի կոնկրետ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը տարիներ շարունակ բացահայտորեն վարել ու վարում է հակառուսական պրոպագանդա՝ մեկնաբանություններ, տեղեկատվական տեսանյութեր ու տեքստեր տարածելով համացանցում:
Ինչ վերաբերում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի, ապա այս կազմակերպությունը բացի դիտորդական առաքելություն իրականացնելու փորձից, բավականին սերտորեն կապված է գործադիրի հետ:
Այսպես՝ տեսնենք, թե ովքեր են «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընդհանուր ժողովի անդամներից.
• Արայիկ Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
• Լիանա Ղալթաղչյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
• Քրիստինե Մարգարյան - մարդկային ռեսուրսների և կազմակերպական զարգացման համակարգող, ԹԻ ՀԿ
• Լենա Նազարյան - նախագահի տեղակալ, ՀՀ ազգային ժողով
• Սարհատ Պետրոսյան - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար
• Հերիքնազ Տիգրանյան - նախագահի տեղակալ, ՀՀ ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով