- 22.08.2019
- Հայաստան
- arm
- rus
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ ոստիկանության ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող Հնդկաստանի 2 քաղաքացու: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից:
Մասնավորապես, 2019թ. օգոստոսի 8-ին նշված անձինք Ստամբուլ-Երևան չվերթով ժամանել են Երևան: Նույն օրը՝ Ինտերպոլի միջազգային հետախուզման հայտը ստանալուց ժամեր անց, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հնդկաստանի վերոնշյալ քաղաքացիներից մեկը հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Պարզվել է, որ վերջինս մի շարք ծանր հանցագործություններ (այդ թվում` ահաբեկչություն, սպանություններ) կատարելու համար մեղադրվում է Հնդկաստանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով: Նրա ուղեկիցը, ով Հնդկաստանի իրավապահ մարմինների կողմից նույնպես հետախուզվում է ահաբեկչության, սպանության և այլ հանցագործությունների կատարման համար, օգոստոսի 14-ին ևս հայտնաբերվել և բերման է ենթարկվել Բագրատաշենի սահմանային անցակետը հատելու փորձ կատարելիս: