X
    Categories: 2019

ACNIS reView #30, 2019_Վերլուծական_Ցանկացած ճգնաժամ նոր զարգացումների սկիզբն է

Վերլուծական    
 
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13 2019   

Հայաստանի հավաքական միտքը քաղաքական, անգամ մշակութաբանական ճգնաժամի մեջ է հայտնվել։ Հանրային գիտակցությունը մերժում է Հինը, սակայն Նորի հարցում համաձայնության չի եկել։ Հինը մերժում, հեղափոխության անհրաժեշտությունը պաշտպանում են ոչ միայն պայմանական հեղափոխականները, այլեւ այն մարդիկ, որոնք այս կամ այն կերպ առնչվել են նախկին իշխանությունների հետ, այսինքն` պայմանական հակահեղափոխականները։ «Հին Հայաստանն» անտեր է մնացել, քչերն են փորձում նրան պաշտպանել, սակայն «Նոր Հայաստանի» խնդիրը նույնպես բարդ է եւ անհասկանալի. ի՞նչ է նշանակում «Նոր Հայաստան» ասվածը` պատասխանը չկա։ Այն տպավորությունն է, թե անտեր է մնացել ոչ միայն «Հին Հայաստանը», այլ նաեւ` «Նորը»։

Սա աննախադեպ երեւույթ է, հասարակությունը ողջունել է հեղափոխությունը, անգամ` բազմաթիվ «հակահեղափոխականներ», սակայն թե որն էր հեղափոխության  բուն էությունը, ինչն ենք մենք փոխում` ոչ ոք հստակ չի ձեւակերպել։ Այս անորոշությունը տարանջատում է ոչ միայն կոնկրետ քաղաքական շահեր հետապնդող մարդկանց ու խմբերին, այլեւ նրանց, ովքեր ընդամենը ցանկանում են երկրի առաջընթացը։ Գաղափարական դատարկությունը մարդկանց մեջ սկսել է վախեր եւ քաոսի սպասումներ առաջացնել։ Ինչպես հայտնի է` վախն անորոշության հետեւանք է։

Ամուլսարի խնդիրը տրոհել է «հեղափոխականներին», եւ տնտեսության զարգացումն ու միջազգային պարտավորությունների կատարումը դիմադրության են հանդիպել բնապահպանների կողմից։ Ստամբուլյան կոնվենցիան նույնպես սպառնում է տրոհել «Իմ քայլը» դաշինքը։ Անցումային արդարադատությունը եւ վեթինգը նմանապես անորոշ ապագա ունեն։ Սրանք բոլորն աշխարհայացքային ուղենիշներ են, որոնց հարցում «Նոր Հայաստանում» չկա միասնություն։

Անորոշությունը մեկ այլ անվանում եւս ունի՝ ճգնաժամ, մտքի ու գաղափարների կանգ։ «Ճգնաժամ»-ը «կրիզիս»-ի հայերեն տարբերակն է, սակայն, ի տարբերություն «ճգնաժամի», «կրիզիս» բառի ծագումն ուսումնասիրելիս` ի հայտ է գալիս այդ երեւույթի մեկ այլ շերտ, մեկ այլ հայացք։ «Կրիզիս»-ը հունարեն` «κρίσις», «հեղաշրջում», «փոփոխության» կամ «շրջադարձի» փուլ է նշանակում եւ առաջացել է κρίνω բայից, որը նշանակում է «որոշել», «ընտրել», եւ միայն հետագայում է բացասական երանգ ստացել: Ըստ երեւույթին, նկատի է առնվել հետեւյալը. երբ «որոշում» կայացնելը հետաձգվում է, ապա դա բերում է բացասական հետեւանքներ։

Այսինքն կրիզիսը՝ ճգնաժամը, փոփոխությունների, կյանքի կտրուկ շրջադարձի փուլ է, երբ հին ձեւով ապրելն այլեւս անհնար է, եւ շրջադարձային որոշումներ կայացնելու, կյանքի կանոնները փոխելու անհրաժեշտություն է առաջանում։ Հայաստանի ներկա ժամանակաշրջանում մենք կարող ենք խոսել քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ հոգեբանական ճգնաժամերի մասին, երբ այս բոլոր ոլորտներում հարաբերությունների, պահելակերպի, մտածողության փոփոխություներ պետք է կատարվեն, իսկ եթե հարցն ավելի արմատականացնենք, ապա նոր մշակույթի եւ նոր քաղաքակրթության կառուցման խնդիր պետք է լուծվի:

Ճգնաժամերն ազդում են ոչ միայն վերը նշված ոլորտներում, այլեւ արտաքին քաղաքականության հարցերում, որովհետեւ արծարծվում է Հայաստանի դերը փոփոխվող համաշխարհային քաղաքակրթության մեջ: Պատահական չէ, որ բացի էկոլոգիական խնդիրներից, օրինակ` Ամուլսարից, լրջագույն մարտահրավեր է դարձել նաեւ ստամբուլյան կոնվենցիան, այսինքն` արդեն քաղաքակրթական հիմնախնդիր է ծառացել Հայաստանի առջեւ:

Նիկոլ Փաշինյանը փորձում է միջազգային հարթակներում ներկայացնել «հայկական հեղափոխությունը»` որպես կտրուկ շրջադարձ երկրի կյանքում, որն ունի նաեւ միջազգային ու քաղաքակրթական ընտրության նշանակություն (մասնավորապես ՄԱԿ-ի գագաթաժողովում ունեցած ելույթի ժամանակ), սակայն երբ առանցքային օրակարգ է դրվում Հայաստանի առջեւ, որը միջազգային հանրությունը կարեւոր է համարում, առաջանում են խնդիրներ: Մեր առջեւ նման օրակարգեր դեռ շատ են դրվելու, որոնց մենք պատրաստ չենք, որովհետեւ քաղաքակրթական արմատական հարցերում Հայաստանի հասարակությունը կողմնորոշված չէ: «Սերժին մերժելը» դեռեւս բավարար չէ նոր հասարակություն կառուցելու համար, եւ «հայկական հեղափոխությունը» չի կարող կոնվերտացվել միջազգային հարաբերություններում:

Մյուս խնդիրը, որ պետք է բոլորին հետաքրքրի, դա այն կառավարությունների որակն է, որն արժեհամակարգային փոփոխություններ է իրականացնում։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արմատական փոփոխություններն ի կատար են ածում ավտորիտար իշխանությունները, որոնք շատ դեպքերում ջարդում են հին հարաբերությունները` անգամ դաժան եղանակներով, եւ պատահական չէ, որ բոլոր ժողովրդավարական բարենորոգումները կենսակոչվել են «ուժեղ ձեռքի» միջոցով։ Սա էլ այն երկրորդ հանգուցային մարտահրավերն է, որի առջեւ կանգնած է Հայաստանը՝ իրագործել արժեքների հեղափոխություն` սակայն զերծ մնալով ավտորիտար կառավարման եղանակներից։ Սակայն նման զարգացում Հայաստանին տակավին չի սպառնում, քանզի պարզ չէ, թե ինչն ենք ինչի հետ փոխում։ Երբ հանրության համար հասկանալի չէ, թե «ուժեղ ձեռքն» ինչի համար է, ապա ոչ ոք նման բան չի հանդուրժի, եւ Երեւանի փողոցներում հայտնված ոստիկանական մեքենաները մարդկանց ոչ թե վախեցնում, այլ հակառակն՝ ավելի են մոտիվացնում:

Հայաստանում տիրող անորոշության, քաոսի սպասումների պատճառն այն ենթագիտակցական ըմբռնումն է, որ պետք է կայացնել որոշումներ, որոնք կառավարությունը չի կարողանում անել, ու եթե անկեղծ լինենք, չի էլ պատկերացնում, թե ինչ որոշումներ են իրենից ակնկալվում։

 

Հովհաննես Վարդանյան

  
Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS