X
    Categories: 2019

Verelq: Իշխանությունը թիրախավորե՞լ է Գագիկ Ծառուկյանին. Խաչատուր Սուքիասյանն այլ կարծիքի է

  • 22.09.2019
  •  

  • Հայաստան
  •  

3
 121

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական աջակից, գործարար Խաչատուր Սուքիասյանը չի կարծում, որ ներկայիս իշխանությունները թիրախավորել են խոշոր գործարար, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ընկերությունները:


«Ես չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանի ընկերությունները թիրախավորված են», – սեպտեմբերի 21-ին Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց «Սիլ» կոնցեռնի ղեկավար, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով փաստին, որ ստուգումներ են ընթանում ԲՀԿ առաջնորդի ընկերություններում, իսկ «Մուլտի գրուպ»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրված «Հյուսիս-հարավի» ու փողերի լվացման գործերով:


Խաչատուր Սուքիասյանը, որը նաեւ Գագիկ Ծառուկյանի խնամին է, կարծում է, որ խոսքն իրավական պետության ամրապնդման մասին է:


«Ես կարծում, որ եթե ուզում ենք իրավական պետություն դառնալ, կապ չունի Գագիկ Ծառուկյանի ընկերություններն են, թե Խաչատուր Սուքիասյանի, թե երրորդ անձի, պետք է այդ ճանապարհը անցնել: Ես այդպիսի բան չեմ տեսնում, որ թիրախավորված են։ Իհարկե, բոլորի կազմակերպությունները Հայաստանում պետք է հավասար լինեն եւ ցանկացած պետական մարմին այդ իրավունքը պետք է ունենա ցանկացած կազմակերպություն ստուգելու եւ հասկանալու, թե այդ կազմակերպությունը պետության նկատմամբ իր պարտավորությունները կատարել է, թե ոչ», – վաստահ է նա:


Ու այստեղ նրա կարծիքով կապ չունի, թե ում կազմակերպության կամ բիզնես կառույցի մասին է խոսքը: «Եւ դրանով մենք կարող ենք ասել, որ ունենք իրավական պետություն»,-ընդգծեց Սուքիասյանը:


ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին (նա նաեւ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի ղեկավարն է) մեղադրանք է առաջադրվել նաև` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար:


Սեդրակյանին 2019 թվականի սեպտեմբերի 18 մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով:


Ըստ քրեական գործի, խոսքը շուրջ 2.7 մլրդ դրամի մասին է: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի, Գուրգեն Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Այսօրվա դրությամբ քրեական գործով 15 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ:

Ara Felekian: