- 11.10.2019
- Հայաստան
- arm
- rus
Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր խորը մտահոգությունն է արտահայտել Սիրիայում վերջին զարգացումների կապակցությամբ:
«Վերջին ժամերին տագնապալի լուրեր ենք ստանում Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման վերաբերյալ։ Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Թուրքիայի կողմից միջազգային կարգի ու օրենքի դեմ գործողությունների վրա` ակնկալելով հրատապ ու գործնական քայլեր` հետագա արյունահեղությունը կանխելու համար», – Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ասված է Վեհափառի խոսքում:
«Փոքրամասնությունների` այդ թվում սիրիահայ մեր զավակների դեմ վերջիններիս ազգային ինքնության պատճառով Թուրքիայի կողմից հարձակումների վտանգը արթնացնում է նույն պետության կողմից 1915-23թթ. իրագործված Հայոց Ցեղասպանության մասին հուշերը և պետք է խստագույն դատապարտության արժանանա միջազգային հանրության կողմից», – հայտարարում է Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ շարունակելով․ – «Կիսելով ցավն ու տառապանքը պատերազմի արհավիրքը ապրող Սիրիայի բարեկամ ժողովրդի, մեր եղբայրների և քույրերի` աղոթք ենք բարձրացնում առ Աստված Սիրիայում և ողջ Մերձավոր Արևելքում խաղաղության շուտափույթ վերահաստատման համար: Կատարվածը չունի որևէ արդարացում»:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի շարունակի իր զորակցությունը բերել Սիրիայի ժողովրդին և մեր ազգի զավակներին», – ասված է Վեհափառի խոսքում: