Verelq: Մամուլ. Մեկնարկել է «Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում՝ Հրայր Թովմասյանի դիմաց» օպերացիան

  • 11.10.2019
  •  

  • Հայաստան
  •  

 128

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ իշխանություններն այս օրերին դեսանտ են իջեցրել Վենետիկի հանձնաժողով, որտեղ երեկ եւ այսօր լիագումար նիստ է ընթանում․ քննարկվում է Հայաստանին վերաբերող 2 հարց։ Մեկը՝ դատաիրավական բարեփոխումների փաթեթին հավանություն տալու, մյուսը՝ Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականության վերաբերյալ Ռուստամ Բադասյանի դիմումը հանձնաժողովին։ Դեսանտի կազմում են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ տեղակալի հետ, ՀՀ կառավարության ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում՝ Եղիշե Կիրակոսյանը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Մեր տեղեկություններով՝ նրանք փորձում են քաղաքական առեւտրի մեջ մտնել Վենետիկի հանձնաժողովի հետ՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում՝ «Հրայր Թովմասյանի դիմաց» բանաձեւով։ Այսինքն՝ Վենետիկը հավանություն է տալիս Հրայր Թովմասյանի հեռացմանը՝ բարեփոխումների անվան տակ, ինչի դիմաց Հայաստանը վավերացնում է կոնվենցիան»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական հայց՝ վարչապետի աշխատակազմի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկ­տեմբերի 7-ին ՀՀ վարչական դատա­րան է դիմել Ռոզա Սահակյանը եւ հայց ներկայացրել աշխատակազմի դեմ: Մասնավորապես, Սահակյանը իր հայցով պահանջում է, որ դատա­րանը պարտավորեցնի աշխատակազմին 2019 թվականի օգոստոսի 5-ի իրեն պաշտոնից ազատելու մասին հրամանն անվավեր ճանաչել, որպես անվավերության հետեւանք իրեն զբաղեցրած պաշտոնին վերականգ­նեն եւ դեռ ավելին՝ հայցվորի օգտին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձեն: Նկա­տենք, որ սա միակ հայցը չէ՝ ընդդեմ վարչապետի աշխատակազմի: Ավե­լին, աշխատակազմի որոշումներից դժգոհ անձանց դատական հայցերի տեղատարափ է սկսել: Հոկտեմբե­րին 8-ին դատարան են դիմել Արփինե Բաղդասարյանը, Լուսինե Բասենցյանը, Կարինե Բաբաջանյան, Մարգարիտա Պետրոսյանը, Սիլվա Ղազարյանը եւ կրկին պահանջում են, որ իրենց զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին վարչապետի աշ­խատակազմի ղեկավարի 2019 թվա­կանի օգոստոսի 5-ի հրամաններն անվավեր ճանաչվեն եւ, որպես ան­վավերության հետեւանք, զբաղեց­րած պաշտոնին վերականգնեն, հար­կադիր պարապուրդի ամբողջ ժամա­նակահատվածի համար միջին աշ­խատավարձն էլ բռնագանձեն»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Գործադիրն այս տարվա օգոստոսի 8-ի նիստում որոշեց Հայաստանի բնակավայրերում աղբահանության կազմակերպման եւ սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը: Եւ ենթադրվում էր, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը մինչեւ «Սանիթեքի» հետ կնքած պայմանագրի միակողմանի լուծումը այդ հարցը կքննարկեր վերադաս մարմին համարվող նախարարության հետ: Այնինչ քաղաքապետ Մարությանը, փաստորեն, լրիվ միանձնյա է որոշել լուծարել «Սանիթեքի» հետ պայմանագիրը` շրջանցելով Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը: «Ժողովուրդ» օրաթերթը, դիմելով քաղաքապետարանին, հետաքրքրվեց՝ քննարկվել է արդյոք նախարարության հետ «Սանիթեք»-ի հետ կնքած փաստաթուղթը լուծելու մասին որոշումը, թե ոչ։


Երեւանի քաղաքապետարանից մեզ հայտնում են, թե Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն աղբահանության կազմակերպման եւ սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչելը չի նշանակում, որ քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերության հետ պայմանագիրը լուծելու որոշումները պետք է քննարկեր նախարարության հետ: Եվ նույն սկզբունքով էլ, ըստ քաղաքապետարանի պարզաբանման, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ քննարկումներ չեն արել «Սանիթեքի» հետ աղբահանության եւ սանմաքրման պայմանագրերը կնքելիս: Ավելի պարզ ասած` քաղաքային իշխանությունն ասում է` ամենեւին էլ պարտավոր չէին խնդիրը նախարարության հետ քննարկել: Բայց «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում չեն ողջունում քաղաքապետի մենիշխանությունն այս հարցում։ Այսինքն` Հայկ Մարությանը բեկումնային այս որոշումը կայացնելիս պարզապես շրջանցել է վերադասին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Տեսակետ կա, որ Դուք ամենաշրջագայող` գործուղումների մեկնող պատգամավորն եք «Իմ քայլը» ֆրակցիայում, ինչից Ձեր ֆրակցիայի անդամները շատ նեղված են. ինչո՞ւ է այդպես ստացվել՝ հարցրինք պատգամավոր, Ֆեյսբուքում մամուլի դեմ բացասական գրառումներ անող Անուշ Բեղլոյանին, ով ժամանակին «Արմենտելի» մամուլի խոսնակն էր: «Իմ բոլոր գործուղումները, բացառությամբ մեկի, եղել են պաշտոնական պատվիրակությունների կազմում, այդ պատճառով ԱԺ պաշտոնական կայքում իմ գործուղումներն են ավելի շատ երեւում»: Նաեւ ասում են․ քանի որ Դուք համարվում եք Արարատ Միրզոյանի մտերիմը, իսկ նրան չհաջողվեց Ձեզ դարձնել եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, փորձում է գործուղումներով կոմպենսացնել այդ «բացը»։ «Տեսակետը թողնում եմ այդ ասողների խղճին. կոմպենսացիայի որեւէ կարիք չկա, ես կայացած մարդ եմ` ե՛ւ պաշտոններ եմ ունեցել, ե՛ւ երկար ճանապարհ եմ անցել, կայանալու անհրաժեշտություն չունեմ»: Բոլոր դեպքերում, «Իմ քայլում» ոչ միայն գործուղումների, այլեւ մի շարք այլ հարցերի առնչությամբ բավականին լուրջ հակամարտություն կա։ «Տեղի է ունենում նորմալ քաղաքական պրոցես. առողջ քննարկումների արդյունքում իրականացվում է արդյունավետ աշխատանք»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի երեկվա փակ գաղտնի նիստի մանրամասներն իմանալ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ քննել են քառօրյայի մասնակից, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի օգնական Սարգիս Նիազյանին: Թեպետ տեղեկություններ կային, թե նիստին ՊՆ բարձրաստիճան պաշտոնյա է քննվել, մեր աղբյուրները, սակայն, տեղեկացնում են, որ երեկ քննվողը Նիազյանն է եղել: Մեր տեղեկություններով` հիմնականում հարցաքննություն իրականացնողը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է եղել՝ հաճախ խոսքը փոխանցելով «Իմ քայլ»-ից հանձնաժողովական Տիգրան Կարապետյանին: Զինվորին, ըստ մեր լուրերի, հարցրել են` արդյոք այդ օրը բանակը զենք ունեցել է, անհրաժեշտ սնունդով ապահովված եղել են, հրամկազմը պատրաստ եղել է, զինվորների քաջությունը բավարարել է մարտին մասնակցել: Մինչեւ այսօր բոլոր քննվողները, ըստ մեր լուրերի, հաստատել են, որ ամենի ինչ նորմալ է եղել, եւ հանաձնաժողովը չի կարողանում գտնել թերացումների կծիկը: Ի դեպ, հանձնաժողովականները միմյանց խոստացել են նիստից «ուտեչկաներ» չանել»։


«Իրատես» թերթը գրում է. «Այս իշխանության սիրելի գործարարներից մեկը՝ Խաչատուր Սուքիասյանը, մեր տեղեկություններով, փորձում է քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվել։ Ասում են` նա հաստատապես որոշել է որեւէ կուսակցության թիկունքում կանգնել, հզորացնել եւ ստեղծել իշխանությանը իբր հակակշռող ուժ։ Ավելին, խոսակցություններ կան, որ նա դաշտում գործող կուսակցություններից մեկն է փորձում «սեփականաշնորհել» ու զբաղվել դրա ակտիվ լոբբինգով։ Հայաստանի քաղաքական դաշտում նորություն չէ, որ գործարարները փորձում են կուսակցություն ստեղծել եւ այն իրենց տնտեսական գործունեության համար հենարան դարձնել։ Բայց նույն աղբյուրի պնդմամբ, Խաչատուր Սուքիասյանը ոչ թե անձամբ է ուզում ղեկավարել այդ ուժը (համենայն դեպս առայժմ), այլ ստվերային։ Պարզապես հարց է առաջանում, թե այս իշխանությունների անվերապահ աջակցությունը վայելող Խաչատուր Սուքիասյանի ինչի՞ն է պետք քաղաքական ուժը»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ներքին կարգով «խորհուրդ» են տվել դատարանների նախագահներին, որպեսզի փաստաբանների կողմից դատարան ներկայացված միջնորդությունների մասով հնարավորինս անզիջում լինեն եւ առավելագույնս մերժեն միջնորդությունները։ Խոսքը վերաբերում է միջնորդությունների բոլոր տարբերակներին՝ կապված խափանման միջոցի, ինքնաբացարկի միջնորդության, թե այլնի հետ։ Ըստ մեր աղբյուրների, սա կարող է լուծել մի քանի հարց. ի մասնավորի՝ հնարավոր կլինի առավել մեծ քանակությամբ դատական «աղմուկներ» ապահովել հատկապես «նախկինների» հետ կապված, ինչը «օդ ու ջրի նման» անհրաժեշտ է իշխանություններին, եւ երկրորդ՝ հանրության շրջանում այնպիսի կարծիք չի ձեւավորվի, թե փաստաբանների միջնորդությունները մերժող միակ դատավորը Աննա Դանիբեկյանն է»:


«Իրատես» թերթը գրում է. «Պատահական չէ, որ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարել է 2020-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին: «Չի բացառվում, որ հենց Մայիլյանը լինի հայաստանյան իշխանությունների ցանկալի թեկնածուն, Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, «դաբրոն» հենց նրան տված լինի: Իհարկե, ոչինչ դեռ հստակ չէ, բայց հստակ է, որ ՀՀ նոր իշխանությունները ցանկանում են «իրենց մարդն» ունենալ Արցախում»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը: Արցախցիները պատահական զուգադիպություն չեն դիտարկում նաեւ այն հանգամանքը, որ արտգործնախարար Մայիլյանը Համահայկական խաղերին նախորդող ստեփանակերտյան հանրահավաքի ժամանակ հարթակում հայտնվել էր Նիկոլ Փաշինյանի կողքին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Լոս Անջելեսի մի խումբ հայրենակիցներ, հաջակցություն Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի, սկսել են դրամահավաք՝ նրան 2020 թվականի նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրելու եւ այդ ընթացքում անցկացվելիք քարոզարշավի ծախսերը հոգալու համար։ Բադասյանին աջակցում են հիմնականում «Սասնա ծռերի» համակիրները։ Ի դեպ, նմանատիպ նախաձեռնություն կա նաեւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որի ակտիվ հեղինակ ու տարածողներից է ամերիկահայ բլոգեր Քրիստինե Հալաջյանը: «Հակառակ պարոն Բադասյանի մրցակիցներին, որոնք բոլորն էլ մաս են կազմել իշխող մաֆիոզների բանդային ու թալանել են երկիրը, եւ հիմա գողոնի մի փոքր մասը տրամադրելով իրենց քարոզարշավին՝ կարող են շատ ազդեցիկ քարոզարշավ իրականացնել։ Սա է հիմնական պատճառը, որից անհրաժեշտություն է առաջանում դիմելու աշխարհասփյուռ հայրենասեր հայերի ֆինանսական եւ լրատվական աջակցությանը»,- գրել է Հալաջյանը»։