ACNIS reView from Yerevan #35, 2019_Ազատ ամբիոն_Մտավոր սեփականության պաշտպանությունը

Ազատ ամբիոն  

 

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19 2019  

Մեզանում տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացումը՝ հատկապես վերջին մեկ-մեկուկես տարիներին, օբյեկտիվորեն հասունացրել է մտավոր սեփականության պաշտպանությամբ լրջորեն զբաղվելու անհրաժեշտությունը: Սա այն առանցքային հարցերից է, որի լուծումը թույլ կտա իրավական մակարդակով պաշտպանել սեփական մշակումները եւ շարժվել առաջ: Հոկտեմբերի 12-ին Հայաստանում երկար տարիների ընթացքում առաջին անգամ մեկնարկեց «Մտավոր սեփականության պաշտպանությունը եւ վենչուրային ներդրումների խթանումը» թեմայով համաժողովը, ինչն ինքնին առաջխաղացման մեծ քայլ էր: «Orion Worldwide Innovation»-ի տնօրեն Էմմա Առաքելյանի խոսքով՝ Հայաստանը կարող է ծրագրային ապահովումների արտոնագրման տարածաշրջանային կենտրոն դառնալ: Ըստ նրա, Հայաստանի փաստաբանների ասոցիացիայի խմբի կողմից մշակվել է օրենսդրական բարեփոխումների մի փաթեթ, որը թույլ կտա ծրագրային ապահովման (ԾԱ) արտոնագրեր տալ ոչ միայն ներքին կամ տարածաշրջանային, այլ նաեւ եվրոպական մշակողներին:

Սակայն այդ ճանապարհին շատ դժվարություններ ու նրբություններ կան, որոնց հետ այդ գաղափարների հեղինակները պետք է հաշվի նստեն: Մի շարք երկրներում համակարգչային ծրագրերը՝ ինչպես աղբյուրը, այնպես էլ օբյեկտը, պահպանվում են հեղինակային իրավունքի օգնությամբ, որի կարեւորագույն առավելությունը պարզությունն է: Հեղինակաիրավական պահպանությունը կախված չէ ինչ-որ ձեւական արարողակարգերից, ինչպես օրինակ՝ գրանցումը կամ պատճենների պահպանության հանձնումը գրական եւ գեղարվեստական ստեղծագործությունների պահպանման Բեռնի կոնվենցիայի 151 մասնակից երկրներում: Դա նշանակում է, որ միջազգային հեղինակաիրավական պահպանությունն ինքնաշխատ է՝ այն սկսվում է ստեղծագործության ստեղծման պահից: Բացի դրանից, հեղինակային իրավունքի տիրապետող անձն օգտվում է համեմատաբար երկարատեւ պահպանությունից, որն, իբրեւ կանոն, շարունակվում է հեղինակի կյանքի ընթացքում՝ գումարած 50 տարի կամ, որոշ երկրներում, հեղինակի մահից հետո՝ 70 տարի:

Արտոնագրային պահպանության հույս ունենալու համար գյուտը պետք է համապատասխանի մի քանի չափանիշների: Այդ չափանիշներից հինգն առավել կարեւոր են պատենտունակության փաստը հաստատելու համար.

  1. Գյուտը պետք է բաղկացած լինի պատենտունակության օբյեկտից;
  2. Գյուտը պետք է լինի արդյունաբերական առումով կիրառելի (կամ որոշ երկրներում օգտակար);
  3. Այն պետք է լինի նոր (նորույթ);
  4. Այն պետք է ունենա գյուտարարական մակարդակ (լինել ոչ ակներեւ);
  5. Արտոնագրային հայտում գյուտի բացահայտումը պետք է ձեւով եւ էությամբ համապատասխանի որոշ չափորոշիչների: Քանի որ արտոնագրային օրենսդրությունն առանց որեւէ խտրականության կիրառելի է տեխնոլոգիայի ցանկացած բնագավառի գյուտերի վերաբերմամբ, պատենտունակ լինելու համար պետք է ծրագրային ապահովման հետ եւ գործնական մեթոդների հետ կապված գյուտերը նույնպես համապատասխանեն այդ պահանջներին:

Եթե ցանկանում եք պահպանել ձեր ինովացիան արտասահմանում, պետք է արտոնագիր ստանաք ձեզ հետաքրքրող յուրաքանչյուր երկրում՝ այդ երկրի օրենսդրությանը համապատասխան: Իքս երկրի կողմից տրված արտոնագրի գործողությունը կարող է ապահովվել միայն այն նույն իքս երկրում, եւ դուք չեք կարող խանգարել ձեր մրցակիցներին ձեր գյուտն օգտագործել այլ երկրներում: Որոշ շրջաններում տարածաշրջանային արտոնագրային գերատեսչությունը՝ օրինակ Եվրոպական արտոնագրային գերատեսչությունը, ընդունում է արտոնագրային հայտեր կամ տալիս արտոնագրեր, որոնք ունեն նույն ազդեցությունը, ինչ այդ տարածաշրջանի անդամ երկրներում սպասարկված հայտերը կամ տրված արտոնագրերը: Հիմնական դժվարությունը, որին դուք կարող եք բախվել արտասահմանում արտոնագիր ստանալու ձեր ջանքերում, այն է, որ ազգային/տարածաշրջանային օրենսդրությունը եւ պրակտիկան տարբեր երկրներում ու տարածաշրջաններում տարբեր են: Միանգամայն հնարավոր է, որ ծրագրային ապահովման հետ կապված որոշ ինովացիաներ պատենտունակ համարվեն ԱՄՆ-ում, մինչդեռ նույն ինովացիաները Եվրոպայում կամ Ճապոնիայում չմտնեն պատենտունակ օբյեկտների ոլորտ:

Այս բոլոր նրբությունները, անկասկած, պետք է ուշի-ուշով հաշվի առնել եւ հաշվարկել դրանց հաղթահարման ուղիները: Բայց սոսկ այն, որ Հայաստանը ձեռնամուխ է եղել այդ գաղափարի իրականացմանը, եւս մեկ քայլ է մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ: Հաջողություն մաղթենք բոլոր մեր հայրենակիցներին, ովքեր զբաղված են այս գաղափարների եւ օրենսդրությունների կենսակոչմամբ:

 

Կարապետ Կալենչյան