X
    Categories: 2019

Քսան տարի առաջ գլխատվեց Հայաստանը. գնդակը Նաիրի Հունանյանի դաշտո՞ւմ է

  • 27.10.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

 123

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարվեց ահաբեկչական հարձակում, որի արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերի վերցվել։


Ահաբեկչական խումբը գերի էր վերցրել 91 անձանց, հիմնականում ԱԺ պատգամավորների։ Գերեվարված են եղել նաև նիստը լուսաբանող լրագրողները, որոնց որոշ ժամանակ անց ահաբեկիչները դուրս են թողել։ Վիրավորված պատգամավորներին և կառավարության անդամներին նույնպես որոշ ժամանակ անց դուրս են թողել։

Գերի մնացած անձինք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։


Ահաբեկիչներն են` Նաիրի Հունանյան, Կարեն Հունանյան, Վռամ Գալստյան, Դերենիկ Բեջանյան, Էդուարդ Գրիգորյան:

Համաձայն պաշտոնական վարկածի, ահաբեկչությունն իրականացրած Նաիրի Հունանյանը իր նախաձեռնության կազմակերպել է գործողությունը, մշակել մանրամասները, ներգրավել համախոհների, որոնց օգնությամբ ձեռք է բերել զենք ու մուտք գործել Ազգային Ժողով, և իրականացրել այդ ամենը:


2013 թ-ին Wikileaks կայքը հրապարակել է 2001-2004 թթ-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդուեյի գաղտնի նամակը, որտեղ վերջինս գրում է հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին։ Դեսպանը հատուկ ընդգծում է, որ ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին՝ հանձին նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի, ոճրագործության բացահայտման ողջ ընթացքը սեփական վերահսկողության տակ պահելու համար։ Դեսպանը, մասնավորապես, գրում է.


«Չնայած որեւէ կոնկրետ ապացույցի բացակայությանը՝ զոհերի հարազատներն ու ընդդիմադիր լիդերները մեծ մասամբ մեղադրում են Քոչարյանին, որ նա իր վերահսկողությունն է հաստատել դատապրոցեսի վրա, ծածկում է կարևոր կառավարական տեղեկությունները գործի վերաբերյալ՝ փորձելով ամրացնել սեփական քաղաքական դիրքերը»:


Օրդուեյն ընդգծում է, որ Քոչարյանն ու իր կողմնակիցները վճռականորեն ժխտել են իրենց մասնակցությունը սպանություններին, իսկ դեսպանությունը հակառակը վկայող որևէ ապացույց երբևէ չի տեսել:


Երկու տարի առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը` Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը, հայտարարել էր, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործությունը չի բացահայտվի գործող իշխանությունների պարագայում: Ըստ նրա, հանրության 99 տոկոսը կարծում է, որ այդ իրադարձությունները բացահայտված չեն և միայն 1 տոկոսն է պնդում, որ դրանք բացահայտված են:


«Այդ 1 տոկոսը իշխանության մեջ է, այդ 1 տոկոսը այն համակարգերն են, որոնք ներառում են դատական, օրենսդիր, գործադիր մարմինները, որոնք վտանգ են տեսնում բացահայտումներից, ամեն ինչ անելու են, որ գործը չբացահայտվի: Հետևաբար, մեր հանրության 99 տոկոսը կարծում է, որ գործը կբացահայտվի այն պարագայում, երբ Հայաստանում լինի ռեալ իշխանափոխություն, համակարգի փոփոխություն»,- շեշտել էր Արամ Սարգսյանը:


2018 թվականին Հայաստանում փոխվեց իշխանությունը: Այսօր շատ են սկսել խոսել Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման մասին: Իսկ օրերս հայտնի դարձավ, որ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը մեկ ամիս առաջ դիմում է ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։


ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ որոշում կկայացվի օրենքով նախատեսված կարգով՝ 80 օրյա ժամկետում։


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը արդեն իսկ հայտարարել է, որ ելքը պարզ է՝ այն կմերժվի, բայց ակնհյատ է, որ Նաիրի Հունանյանը դառնում է քաղաքական ակտոր, քանի որ բոլորը հորդորում են նրան խոսել ու բացահայտել ողջ ճշմարտությունը: Եվ սա իր մեջ կարող է վտանգավոր հեռանկարներ պարունակել:

Adrine Hakobian: