Բաբաջանյանը դիմել է վարչապետին՝ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով

  • 28.10.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

3
 81

Հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցած կարևոր որոշ իրադարձություններ և զարգացումներ և, իհարկե, ներքաղաքական համատեքստը՝ դիմել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով։


Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:


Իր կողմից հրապարակված գրության մեջ մանրամասնվում է, թե ինչու պետք է Մանուկյանն ազատվի պաշտոնից: Ըստ Բաբաջանյանի՝  Մանուկյանը հանդես է գալիս քաղաքական հայտարարություններով, վերջերս հիմնել է Վերնատուն անվամբ հասարակական-քաղաքական ակումբ, որի անդամ են ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին տարբեր առանցքային պաշտոններ զբաղեցրած քաղաքական գործիչներ: Սա, ըստ Բաբաջանյանի, հակասում է Հանրային ծառայության մասին օրենքին, որում նշվում է, որ Հանրային խորհրդի անդամներն ու նախագահը իրավունք չունեն զբաղվել քաղաքական գործունեությամբ:


Նշենք, որ ավելի վաղ մամուլը գրել էր, որ Վազգեն Մանուկյանը առաջիկայում պատրաստվում է հրաժարական տալ: Ուշագրավն այն է, որ Մանուկյանի հրաժարականի մասին գրել էր հենց «Ժամանակ» թերթը, որը, ինչպես հայտնի է, պատկանում է Արման Բաբաջանյանին:


«Հնարավոր է, որ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարականի դիմում ներկայացնի: Նման որոշման կայացումը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Մանուկյանն արդեն տեւական ժամանակ հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից՝ քննադատելով իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը: Ճիշտ է, Հանրային խորհուրդն ու դրա նախագահը պարտավոր չեն ամեն ինչում համամիտ լինել իշխանության հետ, սակայն հանրության տեսակետը ներկայացնելն ու ընդդիմադիր գործունեությունը տարբեր բաներ են»,- մասնավորապես գրել էր թերթը: