ACNIS reView from Yerevan #36, 2019_Ազատ ամբիոն_Բանտային հիվանդանոց. պարզաբանում պահանջող հարցեր

Ազատ ամբիոն  

 
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25 2019   

«Թավշյա հեղափոխությունից» եւ կոռուպցիայի ու պաշտոնեական հանցագործությունների դեմ իրական պայքար սկսելուց հետո հասարակությունն ականատես եղավ հետաքրքիր մի իրողության: Խոսքը այն ամբաստանյալների առողջության մասին է, որոնք կալանքի տակ սպասում են իրենց դատավարությանը՝ ըստ առաջադրված մեղադրանքների: Մեկ էլ հանկարծ պարզվում է, որ կալանավորվելուց անմիջապես հետո մեղադրյալների առողջությունը սկսում է կտրուկ վատանալ, եւ կալանքի տակ պահելը դառնում է նրանց կյանքի համար խիստ վտանգավոր: Առավել վառ օրինակներից կարելի է առանձնացնել երկուսը՝ կալանքից հետո միանգամից խախտված առողջությամբ գեներալ Մանվել Գրիգորյանի եւ 13 օր «Իզմիրլյան» մասնավոր բուժկենտրոնում պառկած Ռոբերտ Քոչարյանի օրինակները:

Մարդկանց առողջությունը` անկախ նրանց ազատության մեջ կամ կալանքում գտնվելու հանգամանքից, ամենաթանկն է, եւ յուրաքանչյուր պետության պարտականությունն է մարդուն ցույց տալ բժշկական օգնություն: Եթե մարդն ավտովթարի է ենթարկվել, տուժել է տարերային աղետի հետեւանքով կամ ինչ-ինչ պատճառով վատացել է, նրան անմիջապես ցույց է տրվում բժշկական օգնություն` անկախ նրանից՝ ունի՞ տուժողն արդյոք բուժապահովագրություն կամ բուժման համար գումար, թե՝ ոչ: Բժիշկը կամ հիվանդանոցը պարտավոր են անհետաձգելի կերպով բուժօգնություն ցույց տալ:

Մարդասիրական այդ կանոնները պահպանելու համար բոլորս հարկ ենք մուծում, որը պետությունն այնուհետեւ վերաբաշխում է այդ նպատակների համար: Մեր դեպքում հատուկ դեր է խաղում բանտային հիվանդանոցը, որտեղ բուժվում են կալանքի տակ գտնվող մարդիկ, որոնք հնարավորություն չունեն հաճախելու պոլիկլինիկա կամ հիվանդանոց: Բանտային հիվանդանոցն իրավունք ունի, եթե դա անհրաժեշտ է, խորհրդատվության համար մասնագետ հրավիրել քաղաքացիական հիվանդանոցից, կամ եթե բանտային հիվանդանոցի բժիշկները որոշում են, որ ի վիճակի չեն իրենց միջոցներով կամ մասնագետներով բուժել տվյալ հիվանդին, նրան բուժման են ուղարկում քաղաքացիական հիվանդանոց:

Օրինակ`Քոչարյանի պարագայում, տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի խոսքով, փաստաբանները եւ Քոչարյանի ընտանիքը խստագույն գաղտնիության մեջ են պահում, թե ինչ հիվանդություն ուներ երկրորդ նախագահը եւ ինչ վիրահատություն էր տարել: Բայց նրանք դրա իրավունքն ունեն` քանի որ դրանք հիվանդի անձնական կյանքի տվյալներ են: Սակայն, ինչպես հայտնել է Եգորյանը, հիվանդանոցի տնօրեն Արմեն Չարչյանի կողմից տրվել է տեղեկանք, համաձայն որի` հիվանդի վիճակը գնահատվել է այնպիսին, որ նա չի կարող ներկայանալ դատարան: Վիրահատությունից հետո նրան անհրաժեշտ է հետվերականգնողական ժամանակ, եւ հիվանդը պետք է հիվանդանոցում գտնվի: Ընդ որում` Եգորյանը չգիտի` այդ տեղեկանքը Չարչյանը տվել է որպես Քոչարյանի բուժող բժի՞շկ, թե՞ որպես հիվանդանոցի տնօրեն: «Ես ուզում եմ հիշեցնել, որ պարոն Արմեն Չարչյանը այն բժիշկներից է, որոնք գտնվելով Արթուր Սարգսյանի (Հաց բերողի) վիճակը հետազոտող` յոթ հոգուց բաղկացած հանձնաժողովում, այնուամենայնիվ, առանց նրան հետազոտելու, որոշում էին կայացրել, որ վերջինս հանգիստ կարող է գտնվել բանտում: Եվ հիմա եթե Քոչարյանի վիճակն ավելի վատ է, քան Արթուր Սարգսյանինն էր, ուրեմն այստեղ, ինձ թվում է, Չարչյանը պետք է բացատրություն տա»,- ասել է տուժողի ներկայացուցիչը: Ինչպես հայտնի է բոլորին, Արթուր Սարգսյանն այդպես էլ, առանց բուժօգնություն ստանալու, մահացավ բանտախցում, թեպետ այն բանում, որ հաց էր տարել դրա կարիքն ունեցող մարդկանց համար, հանցակազմ ընդհանրապես չի եղել:

Այստեղ հանրությանը հետաքրքրող որոշ հարցեր են ծագում, որոնց պարզաբանումը ցանկալի կլիներ.

  1. Ո՞րն է կալանավորներին բուժօգնություն ցուցաբերելու գործում բանտային հիվանդանոցների դերը:
  2. Բժշկական ո՞ր մարմնի որոշման հիման վրա է դատարանը վճռում, որ հարկավոր է կալանավորին տեղավորել քաղաքացիական հիվանդանոցում:
  3. Մասնավոր հիվանդանոցներն ունե՞ն արդյոք հիվանդ կալանավորներին բուժման անհրաժեշտ գործողություններ ցուցաբերելու կամ վիրահատություններ անելու պետպատվեր: Ո՞վ է այդ դեպքում վճարում հիվանդի բուժման համար:

Եթե բանտային հիվանդանոցները, որոնք պարտավոր են ցուցաբերել որակյալ բուժօգնություն, իրենք են թելադրում, որ այդպիսի հիվանդները պետք է բուժվեն նույնիսկ ոչ թե պետական, այլ ամենաթանկարժեք մասնավոր հիվանդանոցներում կամ արտասահմանում` նշանակում է բանտային հիվանդանոցների եւ նրանց անձնակազմերի վիճակը ծայրաստիճան անբավարար է, եւ Արդարադատության նախարարությունը պետք է շուտափույթ լուծի մարդկանց առողջության համար չափազանց կարեւոր այդ հարցը: Այլապես նորից ստացվում է` ինչպես հին «բարի» ժամանակներում. օրենքի առջեւ բոլորը հավասար են, իսկ ոմանք` ավելի հավասար:

 

Կարապետ Կալենչյան