ACNIS reView from Yerevan #36, 2019_Խմբագրական_Մեր մեծ տարածարջանն ու մեր չձեւակերպված շահերը

Խմբագրական    

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25 2019    

Հայաստանի շուրջը կարեւոր աշխարհաքաղաքական գործընթացներ են ընթանում, որոնք որոշիչ են լինելու մեր մեծ տարածաշրջանի ապագայի եւ, բնականաբար, մեզ համար: Թե որքանով է դա գիտակցվում Հայաստանի գործող իշխանության կողմից, դժվար է գնահատել, որովհետեւ նման տեսակետները հրապարակայնորեն չեն արտահայտվում: Ավելին` վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը չի վարելու երկրների աշխարհաքաղաքական շահերի հակասության վրա հիմնված քաղաքականություն: Դժվար է հասկանալ, թե դրա տակ նա ինչ է նկատի ունեցել, սակայն ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, անկախ իր դիրքորոշումից, աշխարհաքաղաքականության թելադրանքն ամբողջովին շրջանցել չի կարող:

ԱՄՆ փորձագետների կողմից շրջանառության մեջ է դրվել Մեծ մերձավոր արեւելք եզրույթը, որտեղ, ըստ նրանց, մոտակա ժամանակաշրջանում մեծ փոփոխություններ են տեղի ունենալու, կամ այդ փոփոխություններն արդեն ընթացքի մեջ են: Կազմվում են նոր քարտեզներ, որտեղ մասնատվում, անհետանում ու հայտնվում են նոր պետություններ:

Մեծ մերձավոր արեւելքի տարածաշրջան ասելով` հասկանում են Արաբական թերակղզին, Միջերկրական ծովի հարավային հատվածը, Կասպից ծովը, ինչպես նաեւ Հարավային Կովկասը, Միջին Ասիան, Իրանը, Թուրքիան, Աֆղանստանը: Դժվար չէ նկատել, որ այդ եռացող կաթսայի կենտրոնում են Հարավային Կովկասի երեք երկրները՝ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը:

Վրաստանը ձգտում է դառնալ ԵՄ անդամ եւ անդամագրվել ՆԱՏՕ-ին, սակայն տարածաշրջանում ՆԱՏՕ-ի հիմնական օպերատոր Թուրքիայի ապագան մշուշոտ է: Առաջին անգամ հյուսիսատլանտյան դաշինքի երկրներն իրենց անդամ երկրին՝ Թուրքիային պատժամիջոցների տակ են դրել, այդ թվում` նաեւ ռազմական համագործակցության առումով: Իսկ ԵՄ-ի ծավալման գործընթացը փոխարինվում է սեղմման գործընթացով՝ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից, եւ նոր անդամների մուտքը սառեցվում է:

Ադրբեջանը ձգտում է Թուրքիայի հետ խորքային ինտեգրման եւ, որպես հետեւանք, բարդանում է Արեւմուտքի հետ վերջինիս համագործակցությունը, իսկ Ռուսաստանը` անկախ ռազմավարական գործակցության մասին պնդումների, անվստահություն է տածում Ադրբեջանի նկատմամբ:

Հայաստանը` չնայած «ժողովրդավարական հեղափոխությանը», իրականում ավելի է խորացնում Ռուսաստանի հետ իր ռազմական կապերը (Սիրիա ռազմական ստորաբաժանում ուղարկելը)` դա համարելով պաշտպանական քայլ Թուրքիայի եւ Ադրբեջանի ոտնձգություններից։

Ինչպես տեսնում ենք, ոչ միայն մեծ տարածաշրջանում, այլեւ հարավկովկասյան գոտում աշխարհաքաղաքական դասավորությունը հեղհեղուկ է, երբեմն նաեւ՝ անկանխատեսելի։ Այն տեկտոնիկ փոփոխությունները, որոնք ընթանում են այդտեղ, հայտնվել են համաշխարհային քաղաքականության կիզակետում: Եթե Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերի հիմնական թատերաբեմը Եվրոպան էր, ապա այսօր գլխավոր խաղատախտակը մեր տարածաշրջանում է:

Սիրիայի, Իրաքի, Լիբիայի գործընթացները, թյուրքական աշխարհի համախմբման փորձերը, միասնական քաղաքական հաստատությունների ստեղծման նախաձեռնությունները, Արցախի մխացող հակամարտությունը, Իրանի շուրջն ընթացող զարգացումները շիկացած վիճակում են պահում տարածաշրջանը:

Այդ տարածաշրջաններում խոշոր խաղացողներ են Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Միացյալ նահանգները, որոնք միմյանց հետ մրցակցում են: Ձեւավորվում է մարտավարական դաշնակցություն, սակայն շահային առումներով վերոնշյալներն իրականում մնում են մրցակիցներ: Մյուս ավելի փոքր երկրները փորձում են գծել իրենց շահերի շրջանակները:

Կարեւոր գործոններ են կրոնական, էթնիկ խնդիրները, ինչպես նաեւ նոր առեւտրական ուղիների բացումը, նոր նավթատարներն ու գազատարները կամ դրանք շրջափակելու գործողությունները: Սա է այսօրվա մեր պայթյունավտանգ տարածաշրջանի համառոտ նկարագրությունը:

Այն, ինչ կատարվում է Սիրիայում, միանշանակ իր ազդեցությունն է ունենալու այդ մրցակցության վրա, եւ մեր փոքր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, չի կարող անհաղորդ մնալ այդ գործընթացին: Այս համապատկերին խնդրահարույց է դառնում հատկապես Հայաստանի արտաքին քաղաքականության անորոշությունը։