1990թ․հունվարի 13-ից 19-ը Ադրբեջանի իշխանության իմացությամբ իրականացվեց հայկական ջարդ. դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Ցեղասպանության շարունակությունն էր, նույն ձեռագիրն էր, նույն գործելաոճը։ Ազգային ժողովում Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստին, որը նվիրված է Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին, հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։
Նա Արցախյան պատերազմից մի քանի դրվագներ պատմեց, որոնց ականատես է եղել։
«Երբ վիրավոր էի ու հիվանդանոցում էի, մի կնոջ էին բերել Մարաղայից, նրան ազերինը կապել էին մեքենայից, քաշ տվել, մարմինը մաշվել էր, մնացել էր գրեթե ոսկորները։ Շնորհիվ մեր բժիշկների ջանեքերի՝ կինը ողջ մնաց»,- պատմեց Սասուն Միքայելյանը։
Նա հավելեց, որ նման վերաբերմունքի էին արժանանում ոչ միայն ողջերը, այլև նահատակվածները։
«Եղել են դեպքեր, երբ գերիների փոխանակություն էին կատարում մեր զոհերի դիակների հետ, դիակները այն աստիճան հոշոտված էիր լինում, որ ուղղակի անհնար էր լինում տարբերակել։ Այդ դաժանությունները չենք կարող մոռանալ, պետք է սրա մասին միջազգային ատյանները իմանան, ու քաղաքակիրթ մարդկությունը գնահատական տա կատարվածին և իր աջակցությունը հայտնի ցեղասպանությունների ու ահաբեկչությունների դեմ պայքարի ելած հայ ժողովրդին։ Մենք մեր կաշվի վրա ենք զգացել ցեղասպանության դաժանությունը և իրավունք ունենք աշխարհից պահանջելու ոչ միայն դատապարտում, այլև դեպքերի կրնկության իսպառ բառացառմանն ուղված գործուն քայլեր»,- հայտարարեց Սասուն Միքայելյանը։
Ըստ նրա՝ մենք չպետք է հույս ունենանք, որ ժամանակը կարող է փոխել ցեղասպաններին, դրա վառ ապացույցը Ապրիլյան պատերազմն է։
«Քանի դեռ աշխարհը չի կարող կանխել ցեղասպանության կրկնությունը, մեզ մնում է ապավինել միայն սեփական ուժերին և միշտ պատրաստ լինել մեր նկատմամբ ցեղասպանության ցանկացած դրսևորման վճռական հակահարված տալուն, իսկ դրա միակ երաշխիքը մեր միասնականությունն է»,-շեշտեց նա։