Gyumri hospital has a new oxygen station & x-ray tomography

Գյումրու բժշկական կենտրոնում շահագործման է հանձնվել թթվածնային կայան

Save

Համօգտագործել

 15:48, 13 Փետրվար, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու բժշկական կենտրոնում շահագործման են հանձնվել թթվածնային կայան և ռենտգեն կոնտրաստային նոր համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հիվանդանոցը 100 միլիոն արժողությամբ թթվածին արտադրող սարք է ձեռք բերել, որը կարող է արտադրել 240 բալոն թթվածին. թթվածնային կայանը հիմնվել է առողջապահության նախարարության հետ համատեղ ծրագրի արդյունքում։

Այն կբավարարի ոչ միայն Գյումրու բժշկական կենտրոնին, այլեւ հանրապետության մյուս հիվանդանոցներին։ Թթվածնային կայանն անհրաժեշտություն է կորոնավիրուսի բուժման ընթացքում։

«2020 թվականին, երբ բացվեց քովիդի բաժանմունքը, մենք ունեցանք թթվածին ապահովելու լուրջ խնդիր, քանի որ մարզի թթվածին ապահովելու հնարավորությունը 140-170 բալոն է, իսկ մենք սկսեցինք օգտագործել 200 և ավելի բալոն, օր է եղել՝ նույնիսկ 270 բալոն: Հիմա այս սարքն արդեն ի վիճակի է օրական 240 բալոն թթվածին արտադրել: Կայանն էլ կա և վերալիցքավորում է: Այսինքն, մարզն այլևս խնդիր չի ունենա: Հարկ եղած դեպքում այլ մարզերին կարող ենք մատակարարել»,-լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը:

Ռենտգեն կոնտրաստային նոր համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի հիմնումը հնարավորություն կտա Գյումրու բժշկական կենտրոնում արդյունավետ իրականացնել ինսուլտի ծրագիրը։ Տոմոգրաֆիկ նոր սարքավորումը կենտրոնը ձեռք է բերել լիզինգային ծրագրի շրջանակներում: Սարքավորման առկայությունը հնարավորություն կտա մարզի բնակչությանն անհետաձգելի մի շարք հետազոտություններ անցնել Գյումրիում և չհասնել մայրաքաղաք։  Արմեն Իսահակյանը նշեց, որ տնօրեն դառնալու առաջին օրվանից է ցանկացել, որ գյումրեցին մնա ու բուժվի տեղում: «Իսկ այս նոր սարքը հնարավորություն կտա ապրիլ-մայիսից կենտրոնում իրականացնել կյանք փրկող նոր ծրագիր, և ինսուլտ ստացած հիվանդն, օրինակ, էլ չի հասցվի մայրաքաղաք: Տեղում, շատ արագ անոթը կուսումնասիրվի, բուժումն արագ կկազմակերպվի»,-ասաց Արմեն Իսահակյանը:

Տոմոգրաֆիկ սարքավորումը նոր է գործարկվում, բայց արդեն կոնտրաստ նյութով հետազոտվողներ կան գրանցված: Ամեն ամիս այդ հետազոտության համար «Գյումրի» ԲԿ-ից մայրաքաղաք է ուղեգրվում 10-15 հիվանդ, տարեկան 200 մարդու մասին է խոսքը: Հիմա արդեն չեն գնա, կհետազոտվեն Գյումրիում: Այս թվի մեջ չեն մտնում նրանք, որոնք ինքնուրույն են գնացել Երևան և Շիրակի մարզի տարբեր համայնքներից են:

«Երևան տեղափոխումը շատ ծախսատար է: Մենք որոշեցինք վարկային՝ լիզինգով տոմոգրաֆիայի սարք տեղադրել։ Այն թանկարժեք սարք է, բայց հուսով ենք, որ կաբինետը այդ խնդիրը կլուծի»,-նշեց Արմեն Իսահակյանը:

Արմենուհի Մխոյան

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS