https://verelq.am/hy/node/99284?fbclid=IwAR1LGZ20s91Ddt6EuMR7kjcJL4qz_aP2gifIJ5KJQ-e_k5j6zZ0BmqsYoB8

  • 02.12.2021
  •  

  • Հայաստան
  •  

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին Արցախյան երրորդ պատերազմում զոհվածների մի խումբ ծնողների և պատկան մարմինների պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու Ստեփանակերտի զինվորական պանթեոնում համալիրի կառուցման աշխատանքների ընթացքը:


Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նշել է, որ զոհվածների հարազատների հետ շինաշխատանքներին առնչվող հարցերի քննարկման ընթացքում պարզվել է, որ կան արդարացված դժգոհություններ, և խորհրդակցության նպատակն է առկա խնդիրների համար պատշաճ լուծումներ գտնելը: Հարությունյանի խոսքով՝ աշխատանքների ծավալը մեծ է, և հանրության կողմից ընկալելի է, որ հնարավոր չէ այն ավարտին հասցնել մեկ տարում, սակայն անընդունելի է, որ նախագծման աշխատանքներն առայսօր ընթացքի մեջ են։

Օրակարգի շուրջ Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, նշել նոր աշխատուժի ներգրավման անհրաժեշտության մասին և ընդգծել՝ եթե խոստացված ժամկետներում նախագծման աշխատանքներն ավարտված չլինեն, կկիրառվեն օրենքով նախատեսված խիստ պատժամիջոցներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև խնդրո առարկա դարձած այլ հարցեր: