- 01.09.2017
- Հայաստան
- arm
Ազգային Ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկային օրակարգում է ներառված Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ստորագրված ռեադմիսիայի համաձայնագրի կիրարկումն ապահովելու մասին արձանագրությունը: Այն այսօր քննարկվեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում:
2013 թվականին Հայաստանը Եվրոպական Միության հետ ստորագրել է ռեադմիսիայի մասին համաձայնագիր, որը ենթադրում է ԵՄ-ում ապօրինի հայտնված միգրանտների վերադարձի ապահովում: Եթե արձանագրությունը հավանության արժանանա խորհրդարանի կողմից, ապա դա կապահովի համաձայնագրի կիրակումը:
ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի խոսքով՝ վերջին տարիներին հանրապետությունը ավելացող ռեադմիսիոն հայցեր է ստանում: Այդպես, եթե 2014 թվականին ստացվել է ընդամենը 2 հայց, 2015-ին՝ 36 հայց 62 անձի վերաբերյալ, ապա 2016 թվականին հայցերի թիվն արդեն 74 է եղել: Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, ապա օգոստոսի 30-ի դրությամբ արդեն իսկ ստացվել է 58 հայց 87 անձի վերաբերյալ:
Հիշեցնենք, Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ԵՄ-Հայաստան Ռեադմիսիայի մասին համաձայնագրի ստորագրման կապակցությամբ ասել էր, որ համաձայնագրի հաջող իրականացումը «բանալի է առաջ շարժվելու համար դեպի շարժունակության հետագա աճը»: