- 12.01.2018
- Հայաստան
- arm
Այն, որ ես չեմ շարունակելու գործունեությունս ԵԽԽՎ պատվիրակությունում, ինձ համար անակնկալ չէր, այդ պայմանավորվածությունը կար վաղուց: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին անդամ Հերմինե Նաղդալյանը:
Նշենք, որ այսօր կայացած ԱԺ խորհրդի նիստում քննարկվել է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության կազմում Հերմինե Նաղդալյանին մեկ այլ պատգամավորով՝ ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանով փոխարինելու հարցը:
«Նոր խորհրդարանի ձևավորման ժամանակ որոշում կայացվեց, որ ես ղեկավարելու եմ ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակությունը, բայց մեր ղեկավարության պայմանավորվածությամբ և խնդրանքով ես մեկ նստաշրջան զուգահեռաբար աշխատեցի ԵԽԽՎ պատվիրակության կազմում: Դա պայմանավորված էր նրանով, որ պատվիրակության կազմում փոփոխություններ կային, նաև նոր մարդիկ, իսկ երկարատև, մեծ փարձառություն ունեցող մարդկանց կարիքը կար և որոշում կայացվեց, որ մեկ նստաշրջան ես կշարունակեմ իմ աշխատանքը զուգահեռաբար և՛ ԵԽԽՎ, և՛ ԵԱՀԿ պատվիրակության կազմերում, մինչ հունվարին կձևավորվի նոր պատվիրակությունը»,- պարզաբանեց Հերմինե Նաղդալյանը:
Այսպիսով, ավելացրեց նա, սա անակնկալ որոշում չէ, առավել ևս իր համար կամ կայացված ԱԺ ղեկավարության կողմից.
«Չգիտեմ՝ ում համար ինչպես, բայց ինձ համար և մեր ղեկավարության համար պայմանավորվածությունն այդպիսին է եղել»,- հավելեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ պատվիրակության կազմում էր երկար տարիներ: Իսկ 2011 թվականի փետրվարի 25-ին նա ընտրվել էր ԵԽԽՎ տնտեսական և զարգացման հարցերի հանձնաժողովի նախագահ։