ՀԱՀ-ում տեղի է ունեցել քսանվեցերորդ ավարտական հանդիսությունը (անգլերեն տարբերակը և լուսանկարները՝ ստորև)

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ, Հայաստան ‒ Ս.թ. հունիսի 9-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի ունեցան բակալավրի և մագիստրատուրայի ավարտական հանդիսությունները, որոնց ընթացքում 500-ից ավելի ուսանողներ ստացան իրենց ավարտական դիպլոմները: Հանդիսություններին ներկա էին նաև շրջանավարտների ընտանիքի անդամները, ընկերները, նախկին տարիների շրջանավարտները, ՀԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամները, դեսպաններ, հյուրեր սփյուռքից, ինչպես նաև պատվավոր հյուրեր ՀՀ կառավարությունից:

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱՀ-ի նախագահ Դր. Արմեն Տեր Կյուրեղյանը: Նա նշեց, որ ավարտական հանդիսությունը տոն է դասախոսների, ուսանողների, նրանց  ծնողների, ինչպես նաև Համալսարանին աջակցող բոլոր կազմակերպությունների և անհատների համար:

Դր. Տեր Կյուրեղյանը շնորհակալություն հայտնեց Համալսարանի հիմնադիրներին, աջակիցներին, վարչական աշխատակազմին և դասախոսներին իրենց ջանքերի և Համալսարանին մատուցած բազմամյա ծառայության համար: Ամերիկյան համալսարանին ցուցաբերվող շարունակական օժանդակության համար նախագահը երախտագիտության խոսք հայտնեց նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը, Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (ՀԲԸՄ), ՀԱՀ-ի համագործակից հանդիսացող Կալիֆորնիայի համալսարանին, ինչպես նաև Ամերիկայի միջազգային զարգացման ծրագրի «Արտերկրում գտնվող Ամերիկյան համալսարանների և հիվանդանոցների (ԱԱԴՀ)» ծրագրին, որի  $650,000 նվիրաբերության շնորհիվ հնարավոր է դարձել Փարամազ Ավետիսյան մասնաշենքին կից կառուցել ուսանողական միության և դասախոսների համար նախատեսված կենտրոն, ինչպես նաև բացօթյա ամֆիթատրոն:

Այնուհետև ՀԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լոուրենս Փիթսը ներկաներին ողջույնի խոսք հղեց Կալիֆորնիայի համալսարանի անունից: Նա իր ելույթն ավարտեց երախտագիտության խոսքերով՝ ուղղված խորհրդի անդամներին, նրանց ընտանիքներին, ինչպես նաև ՀԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ հոգաբարձուների խորհրդին աջակցելու համար:

Դր. Տեր Կյուրեղյանն ընդգծեց անցած տարվա ընթացքում ուսանողների ունեցած ձեռքբերումները: Նա նաև դիմեց շրջանավարտների ընտանիքի անդամներին՝ խնդրելով նրանց ոտքի կանգնել, և շնորհակալություն հայտնեց իրենց քրտնաջան աշխատանքի և զոհողությունների համար, ինչն օգնել է ուսանողներին հասնելու իրենց կրթական նպատակներին: Մեկ անգամ ևս շնորհավորելով բակալավրի ծրագրերի շրջանավարտներին գիտական աստիճան ստանալու կապակցությամբ՝ նախագահը հորդորեց նրանց իրենց զարգացման ճանապարհին արժանին մատուցել իրենց ընտանիքներին, համայնքներին և ողջ հայ ազգին: Դր. Տեր Կյուրեղյանը կարևորեց նաև ՀԱՀ-ի շրջանավարտների դերը Համալսարանի և Հայաստանի ապագայի մեջ: Նա նշեց մի քանի շրջանավարտների անուններ, ովքեր նորաստեղծ կառավարությունում ստանձնել են նախարարի պաշտոններ, ինչպես նաև անդրադարձ կատարեց 1993 թ.-ի շրջանավարտների կողմից ստեղծված դրամաշնորհային ֆոնդին, ինչը համարեց առատաձեռն նախաձեռնություն:

Բակալավրի շրջանավարտների համար ավարտական ուղերձով հանդես եկավ հայազգի հայտնի ձեռնարկատեր և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, ով մարդու առողջության բարելավմանը և գլոբալ կայունությանը միտված 40-ից ավելի հաջողակ ստարթափերի համահիմնադիր է: Դր. Աֆեյանը մարդասիրական գործունեությունից զատ հանդիսանում է նաև ՀԲԸՄ, IDeA հիմնադրամի և UWC Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ: Նա կոչ արեց շրջանավարտներին մտորել իրենց ապագայի և կարևոր արժեքների շուրջ: Հիմնվելով իր բազմամյա փորձառության վրա՝ Դր. Աֆեյանն ասաց. «Դուք այստեղ ուսանելու տարիներին ձեռք եք բերել սովորելու հմտություն: Կարծում եմ՝ մեծ ջանքեր պետք է գործադրեք այդ հմտությունը սովորություն դարձնելու ուղղությամբ»:

Բակալավրի ավարտական հանդիսությունը շարունակեցին Գործարար կառավարման բաժնի ուսանող Րաֆֆի Սահակյանը և Անգլերեն և հաղորդակցություն բաժնի ուսանող Իրեն Ստեփանյանը՝ հանդես գալով համապատասխանաբար հայերեն և անգլերեն հրաժեշտի ելույթով: Սահակյանը կոչով դիմեց իր համակուրսեցիներին. «Մի՛ ձգտեք ստեղծել ֆինանսական բարօրություն, ձգտեք ստեղծել բարերար փոփոխություն: Ոգեշնչե՛ք մյուսներին, այնպես, որ մեկը կրթի մեկին: Եվ նվաճեք Ձեր երազանքները»: Ստեփանյանն իր խոսքում կարևորեց բոլոր այն մարդկանց դերը, ովքեր ՀԱՀ-ը դարձնում են այսքան յուրահատուկ:

Այս տարի նախագահական պատվոգրով պարգևատրվեց ՀԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, Կալիֆորնիայի համալսարանի ավագ փոխնախագահ, Բերկլիի համալսարանի ֆիզիկայի պատվավոր դասախոս Դր. Վիլյամ Ֆրեյզերը: Պատվոգրում նշված է. «Ի երախտագիտություն Հայաստանի ամերիկյան համալսարանի ստեղծման գործում պարոն Ֆրեյզերի ունեցած վճռորոշ դերի և հոգաբարձուների խորհրդի կազմում որպես հիմանդիր նախագահ հանդես գալու համար»: Ի վիճակի չլինելով անձամբ ներկա գտնվել արարողություններին՝ Դր. Ֆրեյզերը պատվոգրի համար իր երախտագիտության խոսքն ասաց տեսաուղերձի միջոցով: Նա շնորհակալություն հայտնեց Դր. Տեր Կյուրեղյանին և շրջանավարտներին կոչ արեց երբեք կապը չկորցնել Համալսարանի հետ, մնալ այս մեծ ընտանիքի մի մասնիկը, լինել ակտիվ շրջանավարտներ, քանի որ, նրա խոսքով, «առանց շրջանավարտների աջակցության Համալսարանը չի կարող հասնել լիակատար հաջողության»:

Ավելի ուշ Կալիֆորնիայի համալսարանի Սան Ֆրանցիսկոյի բուժքույրական ֆակուլտետի պրոֆեսոր և պատվավոր դեկան Դր. Քեթլին Դրաքափն իր ուղերձը հղեց 2018 թ.-ի մագիստրատուրայի շրջանավարտներին: Դր. Դրաքափը միջազգային ճանաչում ունի որպես սրտանոթային բուժքույրության ոլորտի առաջատար: Իր ելույթում նա նշեց երիտասարդ տարիներին մասնագիտական ընտրության հարցում իր առջև ծառացած խնդիրները: Դիմելով շրջանավարտներին՝ նա ասաց. «Զինված այն գիտելիքով և քննադատական ​​մտածողության հմտություններով, որ դուք ստացել եք Ամերիկյան համալսարանում՝ դուք կկարողանաք հատուկ մոտեցում ցուցաբերել ժամանակի մարտահրավերներին և կարևոր ներդրումներ կատարել ձեր ոլորտում և ձեր երկրում»:

Մագիստրատուայի ավարտական հանդիսությանը Քաղաքագիտություն և միջազգային հարաբերությունների բաժնի մագիստրոս Թինա Խառատյանը հրաժեշտի խոսք ասաց հայերենով, իսկ իրավագիտության բաժնի մագիստրոս Ասթինե Բադեյանը՝ անգլերենով: Խառատյանն իր ելույթում նշեց. «Այս համալսարանն ինձ տվել է ավելին, քան պարզապես գիտելիքը։ Մղել է մտահորիզոն լայնացնել ու վերլուծել, կշռադատել դատելու փոխարեն, չամաչել չիմացածից ու անվերջ փնտրել-փորփրել ու գտնել չունեցած պատասխանները»: Բադեյանն իր հերթին հպարտությամբ ասաց. «Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ ՀԱՀ-ը յուրահատուկ է շատ տեսանկյուններից: Այն ազատամիտ է և ուսանողակենտրոն, և ես վստահ եմ, որ մենք՝ շրջանավարտներս, այս տարիների ընթացքում հաստատել ենք այն համոզմունքը, որ այս համալսարան ընդունվելը եղել է մեր լավագույն որոշումներից մեկը»:

Մրցանակներ ստացան նաև Համալսարանի որոշ դասախոսներ և ուսանողներ երեք անվանակարգերում՝ Վարդգես Մ. Բալյան կրթաթոշակ, Դասավանդման ասպարեզում գերազանցության պարգևատրում և Գիտական հետազոտությունների ոլորտում գերազանցության պարգևատրում: Դասավանդման ասպարեզում գերազանցության պարգևատրումը ստանալով՝ Գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս Արա Չալաբյանը մեծահոգաբար հայտնեց, որ մրցանակի հետ տրվող գումարը պատրաստվում է հավասարապես նվիրաբերել ՀԱՀ-ի շրջանավարտների նվիրատվության ֆոնդին և Արար հիմնադրամին: Վերջինս հայ-ադրբեջանական սահմանային առաջնագծի դիրքերում տեղադրում է արևային վահանակներ: Չալաբյանը նշեց, որ իր որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ իր համար երկու կարևորագույն ոլորտներն ենՀայաստանի ազգային անվտանգությունը և կրությունը:  

Ավարտական հանդիսությունների ամենասպասված պահը 2018թ.-ի բակալավրի և մագիստրատուրայի շրջանավարտներին սերտիֆիկատներով և դիպլոմներով պարգևատրումն էր: Հաջողություն մաղթելով շրջանավարտներին՝ Դր. Տեր Կյուրեղյանն իր եզրափակիչ ելույթում վստահություն հայտնեց, որ նրանք կարդարացնեն Համալսարանի և մեր երկրի բարձր սպասելիքները, ինչպես նաև առիթ կտան ՀԱՀ-ին հպարտանալու իրենց ձեռքբերումներով:

ՀԱՀ-ի ստեղծումը համառոտ

1991 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ Կրթության և գիտության նախարարության, Կալիֆորնիայի համալսարանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) համատեղ ջանքերով հիմնադրվեց Հայաստանի ամերիկյան համալսարանը: Տարածաշրջանի առաջին ամերիկյան համալսարանն իր հիմնադրումից ի վեր անընդմեջ հովանավորվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից: Մեծ աջակցություն են ցուցաբերել նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունն ու Լինսի հիմնադրամը: Համալսարանը կյանքի կոչվեց Հայաստանի կառավարության անմիջական աջակցությամբ: ՀՀ կառավարության կողմից տրամադրվեցին շենքային պայմաններ, իսկ Կալիֆորնիայի համալսարանը ՀԱՀ-ին ցուցաբերեց ուսումնական և կազմակերպչական օժանդակություն:

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) մասնավոր, անկախ համալսարան է Երևանում: Հիմնադրված լինելով 1991 թվականին՝ ՀԱՀ-ը հանդիսանում է Կալիֆորնիայի համալսարանի համագործակիցը : Ուսուցման, հետազոտության և հանրային ծառայությունների միջոցով ՀԱՀ-ը ծառայում է Հայաստանին և տարածաշրջանին:

Մամլո հաղորդագրություն, Անգլերեն

Լուսանկարներ