Verelq: Յուրի Խաչատուրովը դատի է տվել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին

  • 24.08.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 140

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը իր փաստաբանի՝ Գրիգոր Բեքմեզյանի միջոցով քաղհայց է ներկայացրել ընդդեմ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի՝ իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը պաշտպանելու համար: Այս մասին տեղեկացնում է «Ararat Press»-ը:


«Հայցադիմումում նշվում է, որ Ստեփան Գրիգորյանն ակնհայտ սուտ տեղեկատվություններ է տարածել և այդ կերպ վիրավորել է և փորձել է արատավորել Յուրի Խաչատուրովի պատիվն ու արժանապատվությունը:


Դատարան է ներկայացվել Ստեփան Գրիգորյանի հարցազրույցի տեսագրությունը (2018-ի հուլիսի 30, Ա1+ հեռուստաընկերություն) և հղումները, որում վերլուծաբանն, ըստ փաստաբանի, արտահայտում է անհիմն փաստեր, ակնհայտ սուտ տեղեկություններ է տարածում Խաչատուրովի մասին՝ փաստացի մեղադրելով վերջինիս պետական դավաճանության մեջ:


Նշենք, որ Ստեփան Գրիգորյանն իր հարցազրույցում խոսել էր 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի մասին՝ ասելով, թե որոշ գեներալներ չեն եղել իրենց տեղում, կարճ ժամանակում չեն եկել աշխատավայր, ինչպես նաև մեղադրանքներ էր հնչեցրել առ այն, որ ապրիլյան քառօրյա պատերազմից օրերին որոշ տարածքներ վաճառվել են ՀՀ գեներալների՝ այդ թվում Յուրի Խաչատուրովի կողմից:


Փաստացի, Ստեփան Գրիգորյանը մեղադրել էր բանակի գերագույն գեներալիտետին պետական դավաճանության մեջ:


Մենք կապ հաստատեցինք Գրիգոր Բեքմեզյանի հետ՝ պարզելու համար որոշ մանրամասներ: Նա մեզ տեղեկացրեց, որ հայցադիմումն արդեն ուղարկվել է դատարան, կան բոլոր փաստերը պնդելու, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի բարի համբավն արատավորվել է Ստեփան Գրիգորյանի կողմից սուտ տեղեկություններ տարածելու արդյունքում:


Մեր այն հարցին, որ Խաչատուրովը երբևէ չի անդրադարձել որևէ քննադատության, իր անձի հետ կապված որևէ հրապարակման, ուստի ինչո՞ւ է այս անգամ որոշել դատարան դիմել, Բեքմեզյանը պատասխանեց.


«Իր կողմից հնչեցված սուտ և մտացածին արտահայտություններով Ստեփան Գրիգորյանը ոչ միայն արատավորել է պ-ն Խաչատուրովի պատիվն ու արժանապատվությունը, այլև նման արտահայտությունները ստվերել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերը։ Պարոն Խաչատուրովի միակ նպատակը հետագայում բանակի, զինված ուժերի ղեկավարության նկատմամբ ապատեղեկատվության տարածման կանխումն է: Յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ բանակի վերաբերյալ ասված իր ամեն խոսքի հիմքում պետք է ընկած լինեն փաստեր: Ճիշտ եք, պարոն Խաչատուրովը մշտապես անլուրջ է վերաբերվել իրականությանը չհամապատասխանող և իր անձի մասին սուտ լուրերի տարածմանը:


Նա քաղաքական գործիչ չէ, զբաղված է բացառապես ռազմական գործով, ժամանակ էլ չունի: Սակայն, հաշվի առնելով այն, որ նմանատիպ լուրերի տարածումն արդեն վտանգավոր է դառնում հասարակության բարոյահոգեբանական վիճակի համար, վնասում է ՀՀ բանակի և պետության վարկանիշին և վիրավորում ազգային արժանապատվությունը, նման որոշում կայացրեց:


Ի վերջո, բոլորիս՝ այդ թվում Յուրի Խաչատուրովի նպատակն իրավական պետության ստեղծումն է, հետևաբար նորմալ է, որ յուրաքանչյուր ոք պետք է փորձի օրինական ճանապարհով կանխել ապատեղեկատվության տարածումը՝ առավել ևս բանակի մասին: Սա է պարոն Խաչատուրովի մոտեցումը»:


Բեքմեզյանից նաև տեղեկացանք, որ քաղհայցով պահանջվել է, որ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Ստեփան Գրիգորյանը պարտավորվի Ա1+ հեռուստաընկերությանը հարցազրույց տալ, որում կհերքի Յուրի Խաչատուրովի վերաբերյալ նախկինում իր կողմից հնչեցրած փաստացի սուտ տվյալները, ապա այդ հարցազրույցի տեսագրությունը տեղադրի իր ՖԲ էջում:


Հայցով նաև պահանջվել է պարտավորեցնել Ստեփան Գրիգորյանին վճարել 2 մլն ՀՀ դրամ՝ որպես պատիվն ու արժանապատվությունը արատավորող սուտ տեղեկություններ տարածելու միջոցով բարի համբավին հասցված բարոյական ոչ նյութական վնասի փոխհատուցում:


Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է Խաչատուրովը գումար պահանջում Գրիգորյանից, մի՞թե սա կարող է դիտարկվել որպես վերլուծաբանին այս կերպ ճնշելու փորձ, եթե դատարանը բավարարի հայցը, Բեքմեզյանը պատասխանեց.


«Յուրաքանչյուր արարք ենթադրում է որոշակի պատասխանատվություն: Առանց պատասխանատվության անհնար է կանխել հետագայում նման երևույթները։ Ճնշման մասին նույնիսկ անհեթեթ է խոսել, քանի որ Ստեփան Գրիգորյանն օրենք է խախտել՝ սուտ լուրեր տարածելով 2016-ին ՀՀ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովի, ինչպես նաև ՀՀ բանակի գեներալիտետի մասին: Սա վիրավորում է պարոն Խաչատուրովին, վիրավորում է բանակի ամբողջ ղեկավարությանը և մեր ազգային արժանապատվությունը»:


Ինչ վերաբերում է պահանջվող գումարին, ապա Բեքմեզյանը նշեց, որ այդ գումարը դատարանի վճիռն ուժի մեջ մտնելուց հետո ամբողջությամբ փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին», – ասված է տարածված հաղորդագրության մեջ: