Ուզում եմ հավատալ, որ ընտրություններին վարչական ռեսուրս չի կիրառվի. Զոհրաբյան

  • 17.09.2018
  •  

  • Հայաստան
  •  

3
 106

Հաշված օրեր են մնացել մինչ Երևանի ավագանու ընտրությունները, կրքերը շարունակում են թեժանալ: 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա ԶոհրաբյանըՆոր Նորք վարչական շրջանում այսօր դարձյալ անդրադարձավ այն խնդրին, որ Երևանը ոչ միայն շարունակում են բաժանել սևերի և սպիտակների, այլև պետական ռեսուրսը դրվել է իր դեմ:

«Ես երբեք իմ մասին վատ կարծիքի չեմ եղել, բայց երբ պետական ողջ մեքենան կազմակերպված ձևով, պետության խնդիրները թողած, երեկ ամբողջ գիշեր և ամբողջ օրը այսօր համակարգված ձևով, նախարարություններով, կազմակերպություններով, ավագանիներով զբաղված են ինձանով, անկեղծ ասած` սեփական ինքնարժեքիս մասին կարծիքս էլի բարձրացավ», – հայտարարեց նա:

Զոհրաբյանի խոսքով, իրեն գրում են նախարարության աշխատակիցներ, անթաքույց և իրեն զարմացնում է ոչ միայն այն հանգամանքը, որ կանայք կարող են նման հայհոյանքներ օգտագործել, այլև այն, թե ինչքան պարապ են նախարարության աշխատակիցները: «Չէի մտածում, որ ամբողջ պետությունը, պետական ողջ ինստիտուտները, իրենց գործը թողած, սոցիալական ցանցերում պետական ողջ ռեսուրսների միջոցով վարձած ֆեյքերի միջոցով պատերազմ են հայտարարելու: Դա մեկ բանի մասին է խոսում` մենք ճշմարիտ ենք և ծրագրերը, որ մենք ներկայացնում ենք, շահել են ձեր վստահությունը, որ իրենք վատաբանելուց բացի որևէ այլ բան չունեն առաջարկելու»,-հայտարարեց նա` կոչ անելով հարգել երևանցուն, չվիրավորել նրան:

Նաիրա Զոհրաբյանը կրկնեց իր խոսքերը, որ քարոզարշավի գրեթե առաջին օրվանից ասել է`երևանցին ուզում է տեսնել իր խնդիրների լուծում և «Բարգավաճ Հայաստանը» դա հստակ գիտակցելով` հստակ ծրագրեր է նրան ներկայացնում: Բայց կարևորն այսօր այն է, որ մայրաքաղաքը չբաժանվի սևերի և սպիտակների, քանի որ այսօր ո’չ սև-սպիտակի խնդիր կա, ո’չ հերոսի և դավաճանի խնդիր կա, և ո’չ էլ դուխով-անդուխի խնդիր.

«Այսօր ինձ համար, որպես պատգամավորի, քաղաքացու և քաղաքապետի թեկնածուի, կա ընդամենը մեկ ջրբաժան, որն անցնում է Երևանի լուծված և չլուծված խնդիրների միջով»,- ընդգծեց նա:

Զոհրաբյանը նշեց, որ ուզում է հավատալ, որ այս ընտրություններին վարչական ռեսուրս  իշխանությունը չի կիրառելու, եթե կիրառեց՝ դա ամենամեծ հարվածն է լինելու այն լուսավոր հեղափոխությանը, որը ժողովրդին տվեց հավատ:


«ՀՀԿ-ի արած ամենավատ բանը եղել է այն, որ կոտրել են քաղաքացու հավատը, հույսը, սպանել քաղաքացուն, կա եզակի հնարավորություն նորից դառնալու քաղաքացի, պահանջատեր: Քաղաքը պետք է վստահել կնոջը, Երևանին մոր հոգատար ձեռքեր են պետք»,- ասաց նա:


Ի դեպ, քարոզարշավի ժամանակ, երբ Նաիրա Զոհրաբյանը ելույթ էր ունենում, նրան մոտեցավ մի տղամարդ, ներկայացավ որպես «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի աշխատակից ու տեղեկացրեց, որ բուժհաստատությունում կադրային խայտառակ ջարդ է սկսվել: Նա չմանրամասնեց, թե ինչ պատճառով են աշխատանքից ազատում հիվանդանոցի բոլոր աշխատողներին, բայց հորդորեց Զոհրաբյանին աջակցել լուծել այս խնդիրը: Պատգամավորը խոստացավ զբաղվել այդ խնդրով: