Verelq: ՀՀ-ում ընտրապայքարն ընթանում է պոպուլիստական խոստումների ֆոնին

  • 29.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 69

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն ակտիվորեն ընթանում է ու տարբեր քաղաքական ուժեր զբաղված են հիմնականում պոպուլիստական հայտարարություններ տարածելով ու մեղադրելով նախկին իշխանություններին` նրանց կողմից թույլ տված սխալների համար:


Քաղաքական դիսկուրսը հիմնականում ընթանում է Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀԿ-ին ու նախկին իշխանություններին ուղղված քննադատությունների, կաշառակերներին պատժելու խոստումների և ՀՀԿ-ի` Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմի կես տարվա ընթացքում թույլ տված սխալների համար փոխադարձ մեղադրանքների շուրջ:


Սակայն ՀՀ-ի առջև ծառացած են մի շարք լուրջ մարտահրավերներ` տնտեսական ճգնաժամ ու սպասվող տնտեսական կոլապս արտաքին մեծ պարտքի սպասարկման, գնաճի և սոցիալական խնդիրների կուտակման պատճառով, ակտուալ է ղարաբաղյան հիմնահարցը՝ Ադրբեջանը շարունակում է զինվել ու գնել նոր զինատեսակներ, չմոռանալով սպառնալ Երևանին ու Ստեփանակերտին, ինչպես նաև չի թուլացել արտագաղթը` ժողովրդագրական լուրջ ճգնաժամը մասնագետների կողմից գնահատվում է, որպես ազգային անվտանգության սպառնալիք:


Նախընտրական քարոզչության ընթացքում հասարակությանը տրվում են խոստումներ, որոնք բարդ է լինելու կյանքի կոչել առանց վերոնշյալ հարցերին հստակ պատասխան տալու: Քաղաքական ուժերը խուսափում են սուր հարցերին տալ կոնկրետ պատասխաններ` սահմանափակվելով դրական մեսիջներ ու խոստումներ հղելով:


Սա նշանակում է, որ ընտրություններից հետո հասարակությանը սպասվում է խոր հիասթափություն` բազմաթիվ խնդիրներ շարունակելու են ուղեկցել ՀՀ-ին ու հայկական տնտեսությունը, ինչը նշանակելու է պերմանենտ ներքաղաքական ճգնաժամ:


Արտաքին և ներքին մարտահրավերներին դիմագրավելու համար բոլոր ներքաղաքական ուժերը պետք է համախմբվեն խնդիրների լուծման ռազմավարության մշակման շուրջ` հաղթող քաղաքական ուժը պետք է օգտագործի կուսակցություններում առկա կադրային լուրջ ներուժը, իրական ծրագրերը` մի կողմ դնելով ներքաղաքական հակասությունները:


Ընտրություններում հաղթանակ տարած ուժը պետք է ձևավորի մերիտոկրատ կամ պրոֆեսիոնալների կառավարություն, որն, իհարկե, ունենալու է հասարակական մեծ աջակցություն ու լեգիտիմություն բարձր աստիճան: