Փաշինյանը շատ ճիշտ արեց․ Հայաստանի առաջ կանգնած է կարևորագույն խնդիր

Փաշինյանը շատ ճիշտ արեց․ Հայաստանի առաջ կանգնած է կարևորագույն խնդիր

  • 12:54
  • 2018-12-24
  • Դիտումներ՝ 12751
  • ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ
  • ԽՈՍՔ
  • Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ժնևի Webster համալսարանի պրոֆեսոր Ռուբեն Ինճիկյանը: Տնտեսագիտության և մենեջմենտի պրոֆեսոր Ռուբեն Ինճիկյանը մոտ 30 տարի աշխատել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսում (UNCTAD)։

-Պարոն Ինճիկյան, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծում է՝ 2019-ի առաջիկա ամիսներին տնտեսական վիճակն ավելի է վատանալու, ԿԲ-ն չպետք է կայունացնի դրամի կուրսը։ Ի՞նչ է ցույց տալիս Ձեր վերլուծությունը։

-Ես համաձայն եմ Հրանտ Բագրատյանի հետ։ Նա նկատի ունի այն, որ դրամի կուրսի իջեցումը կհանգեցնի Հայաստանի արտահանման մրցակցության ուժեղացմանը։ Միշտ կա երկու կողմ․ երբ պետությունները ուզում են կայուն պահել իր դրամի փոխարժեքը: Սա ունի կարևոր բաղադրիչ, նախ՝ որպեսզի օտարերկրյա ներդրողները հավատան այդ երկրի տնտեսական, քաղաքական ռիսկերին, որ եթե արտադրություն հիմնեն Հայաստանի պես երկրում, արտադրած դրամի ծախսերի դիմաց կստանան մոտավորապես նույն քանակությամբ դոլարներ։ Եթե դրամն իջնում է, ուրեմն օտարերկրյա ներդրողները կարող են կորուստներ ունենալ։ Միևնույն ժամանակ, Հայաստանում արտադրողները, ովքեր ունեն հիմնականում դրամային ծախսեր և կարող են արտահանել և ստանալ դոլարին համարժեք դրամ, սակայն այստեղ նաև Ռուսաստանի հարցը կա, թե ինչպես ռուսական ռուբլին կշարժվի դոլարի համեմատ։ Բայց եթե դոլարով վերլուծենք առևտուրը, ապա դա որոշ չափով կարող է խթանել Հայաստանի արտահանման ներուժը։ Եվ այս իմաստով, ես համաձայն եմ Բագրատյանի հետ։

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի տնտեսական ռազմավարությունը։ Ընդհանրապես ինչպե՞ս խթանել արտադրական կապիտալը Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց: Կառավարության նպատակն է Հայաստանը դարձնել տեխնոլոգիական արդյունաբերական երկիր: Հնարավո՞ր է արդյոք։

-Ես լիովին կիսում եմ Փաշինյանի այս դիրքորոշումը։ Նա խոսում է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին և ուզում է նոր, ավելի բարձր արտադրողականություն և հավելյալ արժեք ունեցող տնտեսության սեկտորներով ստեղծել նոր աշխատատեղեր։ Իհարկե, նրանք հիմնականում պետք է արտադրեն ոչ թե ներքին շուկայի համար, այլ արտաքին շուկայի։ Հայաստանը պետք է օգտվի իր միջանկյալ կարգավիճակից և կապող երկրի դեր ստանձնի հետսովետական և արևմտյան երկրների հետ, եթե նրանք ուզում են ներդրումներ անել Հայաստանում և մտնեն ԵԱՏՄ շուկա։ Եվ Հայաստանը կարող է իր արտադրական բազան ստեղծել՝ հիմնականում լուծելով կապիտալի կուտակման հարցը օտարերկրյա ներդրումների շնորհիվ, հետո արտադրել և վաճառել այդ ապրանքները և ծառայությունները ԵԱՏՄ, ինչու չէ նաև Միջին Արևելքի երկրներին։ Հայաստանը պետք է խաղա այնպիսի կարևոր օղակի դեր, որը մի քանի շղթաներ կարող է կապել։ Նույն կերպ Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ Չինաստանի և ապագայում Հնդկաստանի արտաքին ներդրումների մեջ, որպեսզի նրանք նույնպես ընտրեն Հայաստանը, մի տեղ, որը կկարողանա Մետաքսի ճանապարհի զարգացման ամբողջ լոգիստիկան տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով համախմբել և, այսպիսով` կօգնի Չինաստանի Մետաքսե ճանապարհի իրականացման գործընթացում։ Ուրեմն կարևոր է գտնել հնարավորություններ արտահանելու այն, ինչ հնարավոր է վաճառել՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, համացանցը, ինֆորմացիոն բազաները ստեղծելով։ Այսինքն՝ մտնել հսկայական նախագծերի մեջ որպես կարևոր ծառայություն մատուցող երկիր։ Եվ կարծում եմ՝ Փաշինյանի ռազմավարությունը շատ ճիշտ է։ Դրան զուգահեռ, իհարկե, պետք է ծրագիր ներկայացվի։ Եվ ես կարծում եմ, որ նոր կառավարության հիմնական խնդիրն է լինելու։ Եվ սրտանց շնորհավորելով նոր կառավարությանը՝ առաջարկում եմ, որ նրանք հենց առաջին օրերից սկսեն մտածել տնտեսական զարգացման ռազմավարության և արտահանման ներուժի, ես կասեի՝ էքսպոնենցիալ մեծացման ստրատեգիայի վրա։ Եվ դրա համար պետք է լուծել ամենադժվար հարցը՝ կապիտալի կուտակման հարցը։

-Անցած յոթ ամիսների ընթացքում վարչապետը բազմիցս կոչ արեց գալ և ներդրումներ անել Հայաստանում, որովհետև հիմա Հայաստանում դաշտը նպաստավոր է ներդրումների համար։ Ի՞նչ եք կարծում, մյուս տարի ներդրումների դաշտը կընդլայնվի՞։

-Այն, որ Փաշինյանն առաջարկում էր գալ ներդրումներ անել, նաև հայտարարում էր, որ մեր հեղափոխությունը տնտեսական ցնցումներ չի առաջացրել, ճիշտ մոտեցում էր։ Շատ ճիշտ արեց Փաշինյանը՝ արագ ընտրություններ իրականացնելով։ Եվ դա ցույց տվեց, որ Հայաստանում ժողովրդավարություն է, թեև նշում են, որ Փաշինյանը և իր թիմը միայնակ են որոշումներ կայացնելու, բայց ես համամիտ չեմ։ Այսօր ԱԺ-ում կա երեք կուսակցություն։ Ասել, որ մյուս երկուսը ընդդիմադիր չեն կարող լինել, նույնպես սխալ է, որովհետև նրանք առանձին կուսակցություններ են և կարող են չհամաձայնվել «Իմ քայլը» դաշինքի դիրքորոշման հետ։ Եվ եթե այդ երկու ուժը համաձայն չլինեն, և «Իմ քայլը», ունենալով մեծամասնություն խորհրդարանում, անցկացնի իր որոշումները, ամեն դեպքում, ընդդիմության ազդանշանները նրան կսթափեցնեն և նրանք երկար կմտածեն մինչև նոր որոշում կայացնելը։ Հայաստանում կա ընդդիմություն, որը կարող է լինել կառուցողական և օգնել իշխող ուժին։ Ստանալով ժողովրդի վստահությունը՝ «Իմ քայլը» և Փաշինյանի կառավարությունը նույնպես, եթե ճիշտ ձևով քաղաքական և տնտեսական իրավիճակի բարելավման ուղղությամբ քայլեր անեն և ծրագրեր կյանքի կոչեն, դա կլինի ներդրողների համար կարևոր խթան, որ գան ներդրումներ անեն Հայաստանում։ Յոթ ամսվա ընթացքում Փաշինյանը չուներ քաղաքական այնպիսի բազա, ինչպիսին ունի ընտրություններից հետո։ Եվ հիմա որևէ քաղաքական ուժ նրան չի կարող խանգարել, եթե նա լավ կազմակերպի և կարողանա ճիշտ ձևով օգտագործել բոլոր մասնագետներին։ Ես նոր հեղափոխական, բայց դեռ ոչ լրիվ պատրաստված երիտասարդ մասնագետի կողքին կդնեի հին, բայց գրագետ մասնագետ։ Ֆեյսբուքում տեսնում եմ, որ կան մասնագետներ, ովքեր աշխատում են լուրջ կազմակերպությունում, բայց փոխանակ մասնագիտական խորհուրդներ տան, դուրս են գալիս այդ շրջանակից և տարբեր քննադատություններ են անում, ինչը բավական տհաճ է։ Մեր կրթված էլիտան ավելի հայրենասեր պետք է դառնա և ոչ թե եսասեր և կարողանա համախմբվել երկրի զարգացման իդեայի շուրջ և ոչ թե իրենք իրենց ցույց տալու համար։

Հայաստանի առաջ կանգնած է կարևորագույն խնդիր՝ կապիտալի կուտակման խնդիրը։ Հարկավոր է գտնել կարևոր ուղղություններ արտադրական կապիտալի կուտակման, զարգացման և նոր արտադրությունների աճն ապահովելու համար։ Առաջին՝ Փաշինյանի կառավարությունը պետք է ստեղծի իրոք զարգացման պետություն (development state), որտեղ ինստիտուտները լավ կաշխատեն, օտարերկրյա ներդրողներին կուղեկցեն և կստեղծեն տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված մեխանիզմներ, ասենք՝ մեկ պատուհանի սիստեմ, արագ բիզնես հիմնելու սիստեմ, օտարերկրյա ներդրողների աջակցելու համակարգ: Այդ ինստիտուտները իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները կտան և կստեղծեն այնպիսի լեգալ պաշտպանության միջավայր, որտեղ նրանք կկարողանան իրենց իրավունքները պաշտպանել տեղացի գործընկերների հետ աշխատելու ժամանակ: Մեր հայ ձեռնարկատերերը ևս կհասկանան, որ նոր Հայաստանում դատարանները լիովին անկախ կլինեն և կկայացնեն արդար որոշում, եթե վիճաբանություն լինի գործընկերների միջև։ Սա օտարերկրյա ներդրողների համար ազդանշան կլինի, որ կարող են գալ և բացել արտադրություններ։ Եվ միջազգային շատ ընկերություններում աշխատող հայերը նույնպես կարող են իրենց ընկերությունների ուշադրությունը գրավել, որ կարող են գալ Հայաստանում ներդրումներ անել, ինչը իր հերթին խթան կհանդիսանա ուղղակի ներդրումների ծավալի մեծացման համար։ Ինչ վերաբերում է պորտֆելային ներդրումներին, ապա նրանք ունեն մի հատկություն, որ կարող է ինչպես արագ մտնել, այնպես էլ արագ դուրս գալ երկրից։ Այս օրերին կապիտալը շատ զարգացող երկրներից դուրս է գալիս։ Եվ այսպիսի սպեկուլյատիվ կապիտալի ներկայացուցիչները, խաղալով տոկոսի և եկամտի տարբերության վրա, փող են աշխատում։ Եվ եթե Հայաստանում տոկոսի մակարդակը բարձր է և ԿԲ-ն պաշտպանում է դրամը, դա նշանակում է, որ օտարերկրյա պորտֆելային ներդրողը կարող է մտնել հայկական թղթերի մեջ, տոկոս աշխատի և հույս ունենալով, որ դրամի և դոլարի կուրսը կմնա նույնը, և հետո դուրս գա։ Եվ, այսպես կոչված, hot money-ը որքան հեշտ մտնում, այնքան էլ հեշտ դուրս է գալիս և կարող է լինել ոչ շատ դրական երկրի զարգացման համար։ Եվ ուրեմն կառավարությունը հստակ ազդանշան պետք է տա, որ ինքը սպասում է երկարատև ներդրումների, արտադրական բազան զարգացնելու համար, որպեսզի երկիրը կարողանա իր արտադրանքով ավելի շատ շահել և վերջապես հասնել այն աստիճանի, որ Հայաստանի էքսպորտը ավելի մեծ լինի, քան իմպորտը։ Սա պետք է լինի կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը, որ Հայաստանը ապագայում չլինի կախված արտերկրում ապրող բարեկամների ֆինանսական օգնությունից։

Եվ վերջապես, անհրաժեշտ է կիրառել Հարավարևելյան Ասիայի երկրների ակտիվ արդյունաբերական քաղաքականության փորձը՝ ուղղված արտահանող ընկերություններին սատարելու մեջ: Պետությունը այստեղ արագացնում էր կապիտալի կուտակման պրոցեսը՝ թույլ տալով այն ընկերություններին, որոնք ուղղում էին իրենց ստացած եկամուտները նոր ինվեստիցիաների և արտահանման մեջ, ստանալ լուրջ արտոնություններ, ազատելով այդ եկամտի մասը հարկերից, թույլ տալով արտահանող ընկերություններին ներմուծել հաստոցներ և այլ սարքավորումներ՝ առանց իմպորտի մաքս վճարելու, և տալով այդ ընկերություններին հնարավորություն՝ ստանալ վարկեր ավելի ցածր տոկոսով, եթե արտադրանքը արտահանվում է:

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS