Մամուլ. Փաշինյանը վերջապես հասկացավ. նա կադրային «ջարդ» կիրականացնի

  • 22.05.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

16
 136

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Եթե մինչև հաջորդ ամիս որևէ լուրջ ֆորս-մաժոր տեղի չունենա, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կառավարությունում և դրան ենթակա կառույցներում լուրջ կադրային փոփոխություններ իրականացնել: Փաշինյանը հասկացել է, որ իր կադրերը ոչ միայն պրոֆեսիոնալ չեն, և չեն տիրապետում պետական կառավարման հմտություններին, այլ նաև իրենց ղեկավարած հաստատություններում չեն վայելում քիչ թե շատ հեղինակություն, որը անմիջականորեն ազդում է իշխանության հեղինակության վրա ընդհանրապես»:


«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ-ում տեղի ունեցած զարգացումների համատեքստում բավականին հետաքրքիր խոսակցություն է տեղի ունեցել ԱԳՆ-ում: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ԱԳՆ-ում բոլորը բավականին լարված են, որովհետեւ հասկանում են, թե ինչ լուրջ խնդրի առաջ են կանգնելու առաջիկայում՝ կապված դատական համակարգի նկատմամբ ՀՀ իշխանությունների քայլերի վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքի հետ: ԱԳՆ-ում նեղսրտած են եւ չգիտեն, թե ինչպես են առաջացած հարցերը «սվաղելու»: Թերթի տեղեկություններով, աշխատանքային խորհրդակցության վերջում նախարար Զոհրաբ Մնացականյանը, որպեսզի «դուխ» տա իր աշխատակիցներին, ասել է՝ «մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում, սա ի՞նչ է, որ «չմաքրենք»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ուժային կառույցներին հանձնարարություն է տրված գտնել դատավորների վրա ազդելու այնպիսի միջոցներ, որը նրանց կստիպի հրաժարականի դիմումներ ներկայացնել: Խոսքը վերաբերում է նրանց ունեցվածքին՝ անշարժ եւ շարժական գույքի տեսքով: Անհրաժեշտ է գտնել առնվազն մի քանի դատավորների, ովքեր կհետեւեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին եւ հրաժարականի դիմում կներկայացնեն: Չնայած դատավորները այնքան էլ միամիտ մարդիկ չեն, որ ամբողջ ունեցվածքը իրենց անունով ձեւակերպեին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան դատաիրավական համակարգում վիրահատական միջամտությունների իրականացման անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանիհայտարարություններից, եւ դատարանների շենքերը շրջափակելու կոչին հաջորդած ակցիայից հետո մտավախություն կար, որ միջազգային կառույցները, այնուամենայնիվ, բացասաբար կընդունեն կատարվածն ու կոշտ կարձագանքեն: Նախկին իշխանություններն այդ կապակցությամբ մեծ աղմուկ բարձրացրին` միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելով կատարվածի վրա: Տեղի ունեցավ հակառակը: Միջազգային կառույցները՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ԵԽԽՎ համազեկուցողները, ՀՀ-ում ԵՄ դեսպանը, իրենց քաղաքական աջակցությունն են հայտնել իշխանությունների նախաձեռնությանը եւ շեշտել այդ գործընթացում ՀՀ սահմանադրությանը համահունչ գործելու անհրաժեշտության մասին:


ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց. «Հայաստանի ժողովուրդը հստակ մատնանշել է, որ սատարում է այս փոփոխություններին, եւ մենք կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինել դատական բարեփոխումների` երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով»: ԵԽԽՎ համազեկուցողները շեշտել են, որ դատական համակարգի բարեփոխումները շարունակում են առաջնահերթություն լինել, ուստի իրենք ողջունում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ինչպես նաեւ այդ ամենը Եվրոպայի խորհրդի օգնությամբ իրականացնելու ցանկությունը: ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին էլ ասել է, որ պատրաստակամ են «աջակցել ՀՀ-ին արդարադատության ոլորտում խորը եւ համապարփակ բարեփոխումների համար տեխնիկական կամ խորհրդատվական աջակցությամբ, բավականին ծավալուն ֆինանսական աջակցությամբ: Մենք մեծապես աջակցում ենք վարչապետի կողմից ստանձնած պարտավորություններին` արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ»: Փաստորեն, իշխանություններն ունեն քաղաքական աջակցություն, բայց, նկատենք, ոչ պակաս կարեւոր է ֆինանսական աջակցությունը. ի վերջո, նման լրջագույն խնդիրներն ինքնուրույն լուծելու համար միայն քաղաքական կամքը բավարար չէ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ իրավապահ համակարգը փնտրում է աղբյուրին, որը դատական փորձագետ ներկայացած Արտակ Գալստյանինհայտնել է` Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին ու Վերաքննիչի եւս երկու դատավորներ՝ Արշակ Վարդանյանն ու Մխիթար Պապոյանը: Մեր տեղեկություններով` իրավապահները ստուգումներ են անում ու բացատրություններ վերցնում դատական համակարգի ներկայացուցիչներից` փորձելով հասկանալ, թե նրանք ինչ կապ ունեն դատական փորձագետի հրապարակած տեղեկությունների հետ: Ասել է թե` դատական համակարգում կասկածներ ունեն, որ միգուցե իրենց մոտից է այդ ինֆորմացիան դուրս եկել, եւ դատավորների դեմ «շառ են անում»: Ինչ կպարզվի այս ամենի արդյունքում, սպասենք զարգացումների, սակայն ակնհայտ է այն, որ դատական համակարգում խառնված են իրար»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Բակո Սահակյանի եւ «Իմ քայլի» փակ հանդիպումն անցել է բավականին կառուցողական, բացառությամբ մի էպիզոդի․ երբ Փաշինյանի ֆանատ Քրիստինե Պողոսյանն Արցախի նախագահին բարեւելուց հետո հարցրել է՝ Քոչարյանը ո՞նց է, Բակո Սահակիչը, որի հանդարտությանը կարելի է նախանձել, կոշտ արձագանքել է՝ եթե այդքան մտահոգ եք Քոչարյանի որպիսությամբ, կարող եք դիմել նրա գրասենյակ, եւ պահանջել է փոխադարձ հարգանքի մթնոլորտ պահպանել։ Հարցեր են հնչել ինչպես Արցախի շուրջ զարգացումների, այնպես էլ Արցախի նախկին եւ ներկա պաշտոնյաների հայտարարությունների մասին։ Հետաքրքրվել են Վիտալի Բալասանյանի պահվածքով։ Բակո Սահակյանը նշել է, որ կարելի էր ավելի կոռեկտ լինել, բայց «մարդու խառնվածքից է, բոլորս իրար նման չենք»։ Ասել է, որ եթե ինչ-որ խնդիր է առաջանում, չպետք է միմյանց հետ Ֆեյսբուքով խոսեն, ինքը պատրաստ է ցանկացած ֆորմատով հանդիպել՝ տհաճ նստվածքներից խուսափելու համար։ Հարցրել են Քոչարյանի կալանքը փոխելու երաշխավորության մասին, ասել է, որ դա ոչ միայն Քոչարյանի հետ ունեցած ընկերական հարաբերություններով էր պայմանավորված, այլեւ մթնոլորտը լիցքաթափելու, դատարանի մոտ հավաքված կողմ եւ դեմ քաղաքացիների միջեւ բախում թույլ չտալու ցանկությամբ։ Հետաքրքրվել են՝ Արցախից մարտի 1-ին Հայաստան զորք բերվե՞լ է, նա կտրուկ հերքել է»:


«Իրավունք» թերթը գրում է. «Շրջանառվող լուրերի համաձայն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ Զարեհ Սարգսյանի ՔՊ-ական պատգամավոր որդու օրենսդիր «կայֆերը» շարունակվում են: Ականատեսների պնդմամբ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հիմա էլ «ախռաննիկներ» է պահում, նրան քաղաքում մշտապես ուղեկցում են սպորտային հագուստով եւ թիկնապահի կեցվածքով 2-3 անձ: Ի դեպ, հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը վերջերս աչքի էր ընկել նաեւ Երեւանի փողոցներում Mercedes-AMG GT C Roadster մոդելի ավտոմեքենա վարելիս: Այդ ավտոմեքենայի շուկայական արժեքը շուրջ 150 հազար դոլար է, եւ երբ աղմուկ բարձրացավ, նա հայտարարեց, որ ընկերոջ մեքենան է: Այնպես որ, չի բացառվում, այս անգամ էլ հայտարարի, թե ընկերոջ «ախռաննիկներն են» իր հետ քաղաքում շրջում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մինչեւ հունիսի 10-ը կլինի արձակուրդում: Բոլորի համար պարզ է, որ Պետրոսյանը արձակուրդ է գնացել, որ օգնի ՔՊ թեկնածուին հաղթել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, որոնք կայանալու են հունիսի 9-ին: Բայց նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՔՊ թեկնածուն հաջողության շատ քիչ հնարավորություն ունի, հնարավոր է, որ Փաշինյանը այս կերպ ազատվում է Պետրոսյանից, ով ընտրությունները տապալելու դեպքում պաշտոնին վերադառնալու ոչ մի բարոյական իրավունք չի ունենա: Ի դեպ, Ռոմանոս Պետրոսյանից շատ դժգոհ է նաեւ Սասուն Միքայելյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով չի ձևավորվի, քանի որ «ԱԺ կանոնակարգ» օրենքով «Պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով»: Այսինքն, տվյալ պարագայում այդ գործառույթը կստանձնի ԱԺ պաշտպանության, անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովը՝ Անդրանիկ Քոչարյանիգլխավորությամբ»։


«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին կառավարության պաշտոնական կայքը տեղեկություն տարածեց, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արարատի մարզի երկու փոխմարզպետ ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մինչեւ իշխանության գալը վարչապետն ու թիմակիցներն անընդհատ քննադատում էին, որ տարծքային կառավարման մարմիններն իրենց չեն արդարացնում, եւ այնտեղ լուրջ ու խորքային անելիքներ կան, եւ հատկապես թիրախավորվում էին փոխմարզպետները՝ նշելով, որ նրանք, ըստ էության, ոչնչով չեն զբաղվում, եւ այդ հաստիքները պետք է վերացվեն: Սակայն իշխանափոխությունից արդեն անցել է մեկ տարի, իսկ իշխանությունների կողմից այս ոլորտի հետ կապված կոնկրետ գործողություններ չեն արվել: Կատարված պաշտոնանկությունները բավականին հետաքրքրական են հատկապես այն առումով, որ Արարատի մարզպետն անընդհատ հայտնվում է ինչ-որ զավեշտալի ու անհասկանալի իրավիճակներում, բայց շարունակում է պաշտոնավարել: Քանիցս խոսել ենք այն մասին, որ մարզպետներն այս իշխանությունների ամենաթույլ եւ ռիսկային կադրերն են: Կան տեղեկություններ, որ մարզպետարանների ղեկավար կազմերի փոփոխությունները շարունակություն են ունենալու, եւ այս ֆոնին հետաքրքրական է, թե ով է լինելու հաջորդը: Չի բացառվում, որ մարզպետարաններում սկսված այս տոտալ փոփոխություններն անդրադառնան նաեւ Արագածոտնի մարզին, քանի որ մարզպետ Դավիթ Գեւորգյանի կողմից ռուսական դրոշը տրորելու տեսանյութի տարածումից հետո ՀՀ-ն խնդիր ունի ՌԴ-ին ցույց տալու, որ նա հատուկ չի նշանակվել մարզպետ. այդ տեսանյութերը նշանակումից որոշ ժամանակ անց են հայտնվել համացանցում, իսկ իշխանությունները կարող էին եւ նման ակցիայի մասնակցության մասին տեղյակ չլինել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջապես Արարատ Միրզոյանը հնարավորություն ունեցավ մոտիկից տեսնելու ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, սեղմել նրա ձեռքը»,- ասաց մեր զրուցակիցը: Հիշենք` ԱԺ նախագահը Բիշքեկում մասնակցում էր ՀԱՊԿ խորհրդի նիստին, որ պետք է հաստատեր նաեւ տեւական ժամանակ քննարկվող ՀԱՊԿ կանոնադրական փոփոխությունները: Ի դեպ, բիշքեկյան նիստից մի քանի օր առաջ` Մոսկվայում, ՀԱՊԿ մշտական խորհուրդն արդեն իսկ հաստատել էր այդ փոփոխությունները. «Դրանք առնչվում են ՀԱՊԿ քարտուղարի հետկանչման մեխանիզմներին. արդյոք այդ պաշտոնը մնո՞ւմ է նույն երկրին` օբյեկտիվ հետկանչման դեպքերում, թե՞ ռոտացիա է տեղի ունենում եւ անցնում հաջորդ երկրին։ Կա հետեւյալ մոտեցումը․ եթե 2 տարին լրացրել է, ապա ռոտացիան տեղի է ունենում, եթե պակաս է, տվյալ երկիրը կարող է այլ թեկնածու առաջարկել։ Բոլոր դեպքերում պետք է ասել, որ ՀՀ-ն այս փուլում շահած դուրս եկավ խաղից»: Էդ ինչպե՞ս։ «Շահեցինք այն առումով, որ մեր քվոտայի ժամկետը պահեցինք, եւ Բելառուսը չկարողացավ իր թեկնածուին` Ստանիսլավ Զասին նշանակել. հիշեք, որ Բելառուսը ցանկանում էր Զասին նշանակել դեռ 18-ին, դեկտեմբերին Լուկաշենկոն հայտարարում էր, որ իրենց թեկնածուն է ՀԱՊԿ ղեկավարը, մենք Բելառուսին ցույց տվեցինք, որ իր ուզածով չեղավ, ու Բելառուս-Ղազախստան «զագըվըրը» չկայացավ, ինչն Ադրբեջանի շահերից էր բխում»։ Իսկ ոչի՞նչ, որ այդ քայլերի արդյունքում ՀԱՊԿ կառույցը բավականին հեղինակազրկվեց, ի դեպ, ինչպե՞ս են, Ձեր գնահատմամբ, Փաշինյան-Ռուսաստան հարաբերությունները։ «Պրոբլեմներ կան, սակայն առկա են նաեւ դրական տենդենցներ։ Ընդ որում, պրոբլեմները ոչ այնքան Փաշինյանի, որքան նրա շրջապատի հետ են»: