- 21.08.2019
- Հայաստան
- arm
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է իռլանդական «RyanAir» ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Դեյվիդ Օ’Բրայընին և ուղղությունների զարգացման գծով ղեկավար Քեյթ Շերիին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը զբոսաշրջությունը հայտարարել է առաջնահերթություն, ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի, և այս համատեքստում կարևոր քայլերից է քաղաքացիական ավիացիայի զարգացումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գործադիրը կարևորում է ՀՀ ավիացիոն շուկայում այս բնագավառը ներկայացնող առաջատար ընկերությունների ներգրավումը, և «RyanAir»-ի ներկայացուցիչների հետ հանդիպումը լավ առիթ է՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու համար:
«RyanAir»-ի գլխավոր կոմերցիոն տնօրենը նշել է, որ ընկերությունը մտադրություն ունի առաջիկայում մուտք գործել հայկական ավիաշուկա, և Քաղավիացիայի կոմիտեի, «Զվարթնոց» օդանավակայանի հետ ներկայում քննարկումներ են ընթանում այդ գործընթացի շուրջ: Նա ներկայացրել է մեր երկրում գործունեություն ծավալելու տեսլականը՝ խոսելով Հայաստանից նոր ուղղություններով չվերթների, սակագնային քաղաքականության և այլ հարցերի շուրջ:
Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ավիաընկերության՝ Հայաստան մուտք գործելու մտադրությունը, կառավարության պատրաստակամությունն է հայտնել հնարավորինս աջակցել այդ գործընթացին: Կառավարության ղեկավարն առաջարկել է շարունակել համատեղ աշխատանքը՝ փոխշահավետ համագործակցության կոնկրետ տարբերակի շուրջ: