- 25.09.2019
- Հայաստան
- arm
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած պատվիրակության ՄԱԿ-ի 74-րդ գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնելու համար վարձակալված ինքնաթիռը (որի արժեքը կազմել է շուրջ 165 մլն դրամ) թեմա է դարձել որոշ կայքերի համար: Ես շատ ուրախ եմ, որ այդպիսի որոշում է կայացվել, հիմա ասեմ, թե ինչու:
Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը, որի հակադարձել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նախկին մամուլի խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
«Այս պահին Հայաստանի ղեկավարին սպասարկող «борт номер 1»-ը ձեռք է բերվել 2008-ին, վարկային միջոցներով: Airbus 319 ինքնաթիռը օվկիանոսի վրայով թռչել չի կարող, ուստի մի կտորով ԱՄՆ հասնելու համար այս կարողությունն ունեցող օդանավի անհրաժեշտություն կա:
Հիմա հարց կառաջանա, իսկ ի՞նչ էր անում օրինակ Սերժ Սարգսյանը: Պատասխանեմ. նա հարցը լուծում էր աշխարհում անձնական ինքնաթիռ ունեցող մի քանի հայ գործարարների միջոցով, ինչը` ակնհայտորեն պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնողին պարտքի տակ էր դնում, իսկ անվճար այս «սիրալիրությունից» կաշկանդվածությունը վստահաբար պիտի փոխհատուցվեր պետության և դրա շահի հաշվին:
Ինձ համար երկրի ղեկավարի անվտանգությունը հատկապես արտաքին տարածքում թիվ մեկ գերակայություն է, բայց պակաս կարևոր չէ այսպես կոչված անվճար սիրալիրություններից հրաժարվելը: Ուստի քանի դեռ մեր պետությունը չունի ՀՀ առաջին դեմքին աշխարհի որևէ անկյունում սպասարկելու հնարավորություն ունեցող «борт номер 1», ապա այո, ավելի լավ է մեր բյուջեի հաշվին անհրաժեշտ օդանավ վարձակալելով լուծենք խնդիրը, քանի որ համոզված եմ, որ անվճար սիրալիրությունները հետո շատ ավելի թանկ են նստելու մեր ու մեր պետության վրա…», – ասված է նրա գրառման մեջ:
Նրան նույն գրառման տակ մեկնաբանության տեսկով արձագանքել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ նշելով, որ Խառատյանի տեղեկատվությունը սխալ է եւ Սերժ Սարգսյանը մշտապես ԱՄՆ է մեկնել պետբյուջեի միջոցներով ու ոչ չարթերային թռիչքներով:
«Ուղղակի ապշած եմ, որ նման միտք լսում եմ քեզանից` երեկվա բարձրաստիճան պաշտոնյայից: Որպես նախագահի նախկին խոսնակ, կարող եմ հավաստել, որ տրանսատլանտյան բոլոր գործուղումների ժամանակ, կրկնում եմ` բոլոր, պատվիրակությունը, ներառյալ նախագահը, ինքնաթիռ համար 1-ով մեկնել են Փարիզ, իսկ այնտեղից Air France-ի կամ այլ ավիաուղիների ինքնաթիռներով Նյու Յորք, Վաշինգտոն, Լոս Անջելես և այլն:
Ու սա կարելի է ճշտել հաշված րոպեների ընթացքում: Գիտես` ումից ու ինչպես ( օրինակ` Զորիկից (Զոհրաբ Մնացականյան, ԱԳ նախարար) կամ Վարուժանից, որոնք տասնյակ անգամ մաս են կազմել այդ պատվիրակությունների): Չեմ կասկածում, որ գրառումդ թյուր տեղեկացվածության արդյունք է», – ասված է Ֆարմանյանի գրառման մեջ, որը տեւական ժամանակ եղել է Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը: