Հայկ Հարությունյանի մահվան դեպքով հարցաքննվել են «Hayeli.am»-ի և «Armlur.am»-ի խմբագիրները

  • 25.09.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

2
 76

Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով այսօր վկայի կարգավիճակով հարցաքննվել են «Hayeli.am» և «Armlur.am» կայքերի խմբագիրները:


Նրանք հրաժարվել են հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու վերաբերյալ նախաքննական մարմնի առաջարկից և մեջբերելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը՝ չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը:


Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, քննիչի հարցին, որ դեպքին ականատես վկան, ծանոթանալով հրապարակումներին, ժխտել է հրապարակումներում ներկայացված հանգամանքները, լրատվամիջոցների ներկայացուցիչները հակասական տեղեկատվության վերաբերյալ դիրքորոշում չեն հայտնել և պարզաբանել են, որ իրենք ընդամենը հրապարակել են իրենց աղբյուրների հայտնած տեղեկատվությունը՝ կրկին հրաժարվելով բացահայտել աղբյուրը:


«Հայտնում ենք, որ Հայկ Հարությունյանի մահվան դեպքին ականատես վկան իր լրացուցիչ ցուցմունքում հայտնել է, որ ԶԼՄ-ներին դեպքի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի հայտնել: Ավելին՝ նա վրդովմունք է հայտնել՝ ԶԼՄ-ներում տեղ գտած ապատեղեկատվության վերաբերյալ», – ասված է հայտարարության մեջ: