Հայաստանի նոր կառավարության հանձնառու է լիարժեք կիրառելու ՍԾՏՀԿ ներուժը տարածաշրջանային տնտեսական և առևտրային համագործակցության խթանման ու մեր կազմակերպության կանոնադրական նպատակների արդյունավետ իրականացման նպատակով: Այս մասին ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 38-րդ երևանյան հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Այս նպատակներն ընկած էին նաև մեր նախագահության հիմքում: Անցած վեց ամիսների ընթացքում մենք անցկացրել ենք Ավագ պաշտոնյաների հանձնաժողովի երկու հանդիպում, աշխատանքային խմբերի 14 հանդիպում և Կրթության և զբոսաշրջության հարցերով երկու նախարարական հանդիպում: Վերջապես, գրեթե 6 տարվա քննարկումներից հետո, ընդունվել է Կանաչ էներգիայի ռազմավարությունը: Սևծովյան նախագծերի զարգացման ղեկավար կոմիտեն ընդունել է Հայաստանի կողմից առաջարկված՝ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների և փոքր ու միջին ձեռնարկատիրության վերաբերյալ նախագիծը:
Հանդիսանալով ՍԾՏՀԿ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների աշխատանքային խմբի համակարգող երկիր և ունենալով տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ու ծրագրավորման ոլորտում զգալի կարողություններ՝ Հայաստանը հետևողականորեն խրախուսում է այս բնագավառում անդամ պետությունների միջև նպատակաուղղված համագործակցությունը: 2019թ. Հայաստանը կհյուրընկալի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը: Մենք հրավիրում ենք ՍԾՏՀԿ անդամ պետություններին օգտվել այս հնարավորությունից՝ կիսվել և փոխադարձաբար օգուտ քաղել մեր հավաքական փորձից և առավել ընդլայնել այս բնագավառում տարածաշրջանային ամուր համագործակցությանը:
Զբոսաշրջության կայուն զարգացումը նշանակալի ներուժ է կրում ՍԾՏՀ տարածաշրջանում համագործակցության համար: Հայաստանը նախաձեռնել է «Գինու զբոսաշրջությունը Մետաքսե ճանապարհին» նախագիծը և հետամուտ է դրա իրականացմանը նաև ՍԾՏՀԿ – Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպություն համագործակցության շրջանակներում: Նախագիծն արդեն իսկ վայելում է ՍԾՏՀԿ որոշ անդամ պետությունների աջակցությունը: Մյուսներին ևս կոչ ենք անում միանալ:
Համագործակցության ձեռնարկատիրական հարթության շրջանակում Հայաստանը կարևորում է ՍԾՏՀԿ տնտեսական համայնքի շրջանակներում առավել ամուր ներգրավվածությունը, գործարար փոխհարաբերություններում փոքր և միջին ձեռնարկությունների խթանումը և աջակցությունը:
Մենք նաև հավատացած ենք, որ ՍԾՏՀԿ 2012թ․ տնտեսական օրակարգն ունի վերանայման և համաշխարհային տնտեսական ներկայիս միտումներին հարմարեցման կարիք։ Այս առումով ՍԾՏՀԿ ինստիտուցիոնալ ներուժը իրատեսական գնահատման կարիք ունի։ Որպես միջազգային կազմակերպություն՝ ՍԾՏՀԿ-ն միակը չէ, որ անցնում է բարեփոխումների միջով: Մենք բոլորս կարիք ունենք առավել արդյունավետ և գործուն կազմակերպության։ Այնուամենայնիվ, բարեփոխումների գործընթացը չի նշանակում Կազմակերպության հիմնական նպատակների վերաշարադրում։ Հավատացած ենք, որ ՍԾՏՀԿ արդյունավետության բարձրացման համար մենք պետք է ձեռնարկենք արդյունքին միտված գործնական և իրատեսական միջոցներ, որպեսզի հասնենք վերջին գագաթաժողովի հռչակագրում ամրագրված ռազմավարություններին և ՍԾՏՀԿ հանրությանը, որպես այդպիսին, ընձեռենք շոշափելի օգուտներ:
Որոշ անդամ պետությունների կողմից ՍԾՏՀԿ-ի հարթակը չարաշահելու և քաղաքականացնելու շարունակական փորձերը բացասաբար են ազդում ոչ միայն տարածաշրջանում բազմակողմ տնտեսական համագործակցության, այլև Կազմակերպության առանցքային հիմքերի վրա։ Նման փորձերը խարխլում են ՍԾՏՀԿ` որպես տարածաշրջանային տնտեսական արդյունավետ կազմակերպության նկատմամբ վստահությունը։ Մենք պետք է վճռականորեն կանխենք այդպիսի վտանգավոր միտումները, այդ թվում՝ ՍԾՏՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, որը պետք է աջակցի կազմակերպության առանցքային նպատակների իրականացմանը՝ ՍԾՏՀԿ-ի մնացած կառույցներից անկախ զուգահեռ գործունեությամբ զբաղվելու փոխարեն։ Բացի այդ, բաց սահմանները, ապաքաղաքականացված, անկաշկանդ, ազատ և ընդգրկուն տարածաշրջանային համագործակցությունը, որպես այս կազմակերպության առանցքային նպատակներ, նույնպես կարևոր պայմաններ են տարածաշրջանում կայունության և խաղաղության խթանման համար»,- նշել է ԱԳ նախարարը։
Նրա խոսքով, ՍԾՏՀ-ի շրջանակներում տնտեսական համագործակցությունն ավելի կշահի տարածաշրջանային այլ կազմակերպությունների ու ինտեգրացիոն հարթակների հետ փոխգործակցությունից։ Նա ընդգծել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, որը տալիս է մաքսային ազատ մուտքի հնարավորություն դեպի ավելի քան 180 միլիոն սպառող ունեցող շուկա։ Հայաստանն ունի նաև ամուր և ընդլայնվող համագործակցային հարաբերություններ Եվրոպական միություն հետ, որի իրավական հիմքը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է։ Իսկ այս տարվա հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը։