ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց հուլիսի 26-ին, նա հրավիրվեց որպես վկա, բայց առաջին իսկ պահից ասացին՝ որոշել են մեղադրանք առաջադրել, հարցաքննել որպես մեղադրյալ: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։ Քոչարյանը կալանավորված է 2 ամսով։ Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։ Նրան, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։
Ինչպե՞ս է կանչվել Քոչարյանը հարցաքննության
«Մենք խոսում ենք ոչ թե Ռոբերտ Քոչարյանի գործի մասին, այլ մի գործի մասին, որը մի ամբողջական գործ է՝ սկսած մարտի 1-ի իրադարձություններից մինչեւ օրս: Այդտեղ ե՛ւ մարտի 1-ի իրադարձություններն են, եւ այլ իրադարձություններ են, որոնցով բազմաթիվ քրգործեր են անջատվել, մարդիկ են դատապարտվել: Մեզ համար որպես ելակետ հանդիսանալու է ՀՔԾ-ի հուլիսի 3-ի հաղորդագրությունը, որն իրավունք ունենք վերլուծելու:
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց հուլիսի 26-ին: Նրան հրավիրել են որպես վկա, բայց անմիջապես մեղադրանք են առաջադրել: Դրանից հետո նա ցուցմունք չի տվել, թեեւ մենք պատրաստվել էինք ցուցմունք տալու: Ռոբերտ Քոչարյանը ծանոթանում էր մեղադրանքի բովանդակությանը, ես չէի ծանոթանում, որովհետեւ երբ հայտարարվեց, որ ցուցմունք չի տալու, ինձ մեղադրանքի բովանդակությունը չէր հետաքրքրում: Մտածում էի՝ դուրս կգամ, կծանոթանամ: Կարծում էի, որ կկալանավորեն: Քննիչներից մեկը վերցրեց Քոչարյանի փոքրիկ ցուցմունքը՝ մոտ 17-18 տող, դուրս եկավ սենյակից: Մի քանի րոպեից վերադարձավ եւ բերեց որոշում՝ խափանման միջոցը կալանավորում ընտրելու մասին: Մտածում էի՝ կձերբակալեն: Տվեցին 136 էջանոց տրցակը, որոշումը եւ ասացին՝ ազատ եք»,-ասաց նա, հայտնում է ՀԺ-ն:
Փաստաբանը նշեց, որ անսպասելիորեն նույն օրը երեկոյան 21.35-ին իրեն ծանուցել են, որ խափանման միջոցը որոշելու դատական նիստը նշանակված է նույն օրը, 22.00-ին: Ռուբեն Սահակյանի խոսքով, պարզվել է, որ Ռոբերտ Քոչարյանը չէր ծանուցվել նիստի մասին: Նա նշեց, որ գործի նյութերին ծանոթանալու համար իրեն առնվազն 1 օր ժամանակ է պետք, ուստի, միջնորդել են, որ իրենց ժամանակ տրվի, սակայն դատավորը մերժել է. «Ժամը 01.30-ին քննչական խումբը բերեց որոշում՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Այսինքն, որոշեցին արդեն կալանավորել: Չկալանավորեցին, առավոտյան Ռոբերտ Քոչարյանը եկավ նիստին»:
«Սա պատվեր է», իսկ ի՞նչ կապ ունի Սորոսը
Ռուբեն Սահակյանն ընդգծեց, թե այն, որ դատարանը նման հապճեպությամբ է գործում, ազդակ էր, որ Քոչարյանին կալանավորելու են, որ չի բավարարվելու գրավի միջնորդությունը: «Հստակ էր, որ սա պատվեր է, որը պետք է կատարվի, ում կողմից է պատվերը, բնական է, ես չեմ կարող ասել, ենթադրել կարող եմ, բարձրաձայնել՝ ոչ: Ես կարծում եմ, որ մեղավորները գտնվում են Գլխավոր դատախազությունում, ՀՔԾ-ում»,-ասաց պաշտպանը:
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը հայտնել էր, որ ՀՔԾ նոր պետ Սասուն Խաչատրյանը ոչ միայն վճռաբեկի քրեական պալատի նախկին նախագահ, հայտնի իրավաբան Մհեր Խաչատրյանի որդին է, այլև «Սորոսի հիմնադրամի» «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրը: “Ոմանք սրա մեջ տեսնում են այն թեզի հաստատումը, որ «Սորոսը» մեծ դերակատարում է ունեցել հայաստանյան վերջին իրադարձությունների ժամանակ”, – գրում է թերթը՝ հիշեցնելով, որ ՀՔԾ-ն է քննում Մարտի 1-ի գործը, և ՀՔԾ որոշմամբ են կալանքի միջնորդություններ ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և Միքայել Հարությունյանի վերաբերյալ:
«Եթե մարդուն մեղադրում ես, ապա մեղադրիր օրենքի շրջանակներում, եթե ուզում ես կալանավորել, ապա բարի եղիր օրենքի տառին համապատասխան կազմակերպիր քո գործողությունները: Եթե մարդը կատարել է մեղմ արարք, ավելի խիստ պատասխանատվություն մի առաջարկիր: Դա եղել է ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի օրոք: Թավշյա հեղափոխությունից հետո փաստաբաններս մեծ հույսեր ստացանք, որ ինչ-որ բան փոխվելու է: Արդեն համոզված եմ, որ նման հույս ունենալ չի կարելի, չի լինելու, եթե վարչապետը ձեռքը չդնի սեղանին ու ասի՝ էս ինչ եք անում, ես եկել եմ, որ ժողովուրդը հավատա ինձ, իսկ դուք դանակ եք խրում իմ թիկունքից»,-հայտարարեց Ռուբեն Սահակյանը:
Պարզունակ իրավական անգրագիտություն
Ռոբերտ Քոչարյանի գործով պարզունակ իրավական անգրագիտություն է դրսեւորվել, վստահ է Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը:
«Եթե այդքան ստվար զանգված նման ձեւով մոտեցել է հարցին, ընդ որում, թաքցրել է քրեական գործի նյութերի մի մասը եւ չի տրամադրում մեզ, խախտում է եվրոպական կոնվենցիայի սկզբունքը, ուրեմն դժվար է լինելու արդարացնել Ռոբերտ Քոչարյանին: Այնքան ակնհայտ փաստերը, արդարացնող ապացույցները ուղղակի առանց պատճառաբանությունների չեն ընդունվելու, մերժվելու են»,-ասաց նա:
Փաստաբանը նկատեց, որ մի դեպքում հնարավոր կլինի հեշտ արդարացնել Ռոբերտ Քոչարյանին. «Եթե այս գործընթացին միջամտի պարոն վարչապետը: Ճիշտ է, ինձ կասեն՝ իսկ ի՞նչ իրավունք ունի նա միջամտելու: Բայց նա կարող է հանձնարարել գլխավոր դատախազին՝ մի հատ մանրամասն նայեք, խնդրում եմ, իմ անունը հոլովվում է այստեղ: Եթե անի այդ բանը, գուցեեւ իրավիճակը հեշտանա: Այդ դեպքում՝ շատ ավելի հեշտ կլինի արդարացնել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս կրկնել է, որ Բաղրամյան 26-ից որեւէ դատարանի հրահանգ չի տրվելու: