VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«168 ժամ» թերթը գրում է. «Կարծում եմ, որ Թրամփի աշխատակազմը ԼՂ հակամարտությանն ամենաբարձր մակարդակով չէ ուշադրություն դարձնում: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ նախագահ Թրամփը փորձում է նվազեցնել ԱՄՆ ղեկավարության դերակատարությունն աշխարհում, այդ թվում՝ Պետքարտուղարությունում խիստ բյուջետային կրճատումների միջոցով: Ի վերջո, ամենայն հավանականությամբ, աշխատակազմը կընդունի, որ Մինսկի խմբի միջոցով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցումն ապահովում է մի կոնկրետ ծրագիր, որի վրա ԱՄՆ-ը ու Ռուսաստանը կարող են աշխատել համատեղ՝ հանուն խաղաղության»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին է ասել ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Տալինում Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան՝ անդրադառնալով ԼՂ հարցում Սպիտակ տան դիրքորոշմանը:
Ըստ նրա՝ իսկապես Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահի պաշտոնի կրճատումն անխոհեմ եւ նույնիսկ՝ վտանգավոր քայլ է, քանի որ դա կարող է ստեղծել վակուում, ինչը արդյունքում Մինսկի խմբի գործընթացը կարող է ձախողվել, որի հետեւանքը լարվածության պարուրաձեւ աճը կլինի, որի գագաթնակետն այլ պատերազմը կարող է լինել: «Ավելին՝ բյուջետային տեսանկյունից այս քայլն անիմաստ է, քանի որ ԱՄՆ համանախագահի պաշտոնի ծախսերը հոգում է ԵԱՀԿ-ն, եւ ոչ՝ ԱՄՆ կառավարությունը»,- ասել է Բրայզան: Ի դեպ, նրա կարծիքով՝ Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը վերսկսել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրական բանակցությունները»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ հասած լուրերի համաձայն՝ կրկին ուժեղացվել է Բաղրամյան 26-ի եւ հատկապես Սերժ Սարգսյանի անվտանգության հսկողությունը: Այդ ամենն առավել ակնհայտ երեւացել է վերջին օրերին Սերժ Սարգսյանի՝ մի քանի պետական գերատեսչություններ այցերի ժամանակ: Օրինակ՝ ՊՆ Սերժ Սարգսյանի վերջին այցի ժամանակ հրահանգվել է փակել նախարարության ապակիները, որպեսզի դրսից չերեւա, թե նախարարության որ սենյակում է անցնում հանդիպումը: ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, նշել է. «Ընդամենը նորմալ միջացառումներ են, որոնք իրականացվում են նման բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգությունը ապահովելու նպատակով: Տարածաշրջանում Դուք տեսնում եք՝ ինչպիսի աշխարհաքաղաքական պրոցեսներ են գնում, եւ մենք էլ, ըստ այդմ, մեր միջոցառումները կազմակերպում ենք: Մտահոգվելու խնդիր չկա, մենք մեր ընթացիկ աշխատանքն ենք կատարում»:
«Իրատես» թերթը գրում է. «ԲՀԿ-ում արդեն որոշել են` 2018-ին «մտնում» են կոալիցիա: Բացի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից, նրանք հույս ունեն ստանձնելու սոցիալական բլոկի, նաեւ մշակույթի նախարարությունները. ինչպես նաեւ իրենց «փայ» փոխվարչապետի պորտֆելը, որի համար շրջանառվում են Իշխան Զաքարյանի, Միքայել Մելքումյանիանունները: Եվ ոչ միայն: Տեսակետ կա, որ Իշխան Զաքարյանին անձամբ լոբբինգ է անում ոչ անհայտ Խաչատուր Սուքիասյանը: ԲՀԿ մեր աղբյուրների տեղեկացմամբ` դա այդքան էլ այդպես չէ. «Խաչիկն անձամբ դեմ չի լինի, որ ինքը լինի փոխվարչապետ. ի դեպ, վերջին շրջանում հենց այդ առիթով է նրա «ներքին շողանքը»: Իսկ Հովիկ Արգամի՞չը` հարցրինք: «Նրա ժամանակն ավարտվեց. Քոչարյանն էլ չէր ուզում, բայց ստիպված էր հարմարվել երիտասարդ թոշակառուի կարգավիճակին»,- ասացին: Ի դեպ, ըստ նույն աղբյուրների, կա նաեւ փոխվարչապետի չորրորդ թեկնածուն. դա անձամբ ինքն է` Գագիկ Ծառուկյանը: «Մի բացառեք նաեւ նրա տարբերակը»,- խորին հարգանքով շշնջաց մեր աղբյուրը»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե շատերին զարմացրած` Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլում» Սամվել Կարապետյանի ներդրումային մասնակցությունը բացատրվում է ոչ միայն վերջինիս կողմից իր սանահորը արտասահմանյան շուկաներով ապահովելու ցանկությամբ, այլեւ Կարապետյաններն ընդդեմ Ծառուկյանի» կոնֆիգուրացիաներով: Ասում են նաեւ, թե Կարապետյանները ցանկանում են վերաձեւակերպել հայաստանյան օլիգարխիկ դաշտը եւ այնտեղ «վեր խոյացնել» Ծառուկյանին հակակշիռ օլիգարխի. «Եթե Քոչարյանի ժամանակ թիվ մեկ օլիգարխը Ծառուկյանն էր, հիմա նժարը կթեքվի Ալեքսանյանի կողմը: Թերեւս դրանով կարելի է բացատրել եւ այն իրողությունը, որ վարչապետ Կարեն Կարապետյանին «շատ մոտ» ՊԵԿ-ի տոտալ ստուգումները Ծառուկյանի եւ Ալեքսանյանի ընկերությունններում Ծառուկյանին խիստ նյարդայնացնում են, իսկ Ալեքսանյանին` ոչ»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության գնումների 2017 թվականի պլանից տեղեկանում ենք, որ ընթացիկ տարում գերատեսչությունը «Տոյոտա-Երեւան» ընկերությանից ձեռք է բերել 43 հատ 2017 թվականի արտադրության Toyota Corolla մակնիշի մեքենա: Ոստիկանությունը «Տոյոտա-Երեւան» ընկերությանը այս 43 մեքենաների համար վճարել է 350 մլն ՀՀ դրամ: Պայմանագրի համաձայն՝ 27 մեքենաներից յուրաքանչյուրի արժեքը 8 մլն 120 հազար դրամ է, իսկ 16-ինը՝ 8,5 մլն: Պայմանագրում առկա տեղեկություններով մեքենաների արտադրող երկիրը Թուրքիան է: «Տոյոտա-Երեւան» ընկերությունը, հիշեցնենք, կապվում է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանիանվան հետ: Ոստիկանության մեքենաներն ապահովագրվում են «Նաիրի Ինշուրանս» ընկերությունից, որը կրկին Քոչարյանների ընտանիքին է պատկանում: Ապահովագրության համար ոստիկանությունը այս ընկերությանը փոխանցել է մոտ 7,5 մլն դրամ: Ձեռք բերվող 43 մեքենաների հետ կապված մեկնաբանություն խնդրեցինք ոստիկանությունից, սակայն այնտեղից առաջարկեցին պարզբանման համար դիմել գրավոր: Առաջիկայում մեր ընթերցողին կներկայացնենք, թե ինչ նպատակով է ոստիկանությունը ձեռք բերում այս մեքենաները»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում հերթական աղմկահարույց նախագիծը կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը: Խոսքը 2003-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի մասին է, որը բովանդակային լուրջ փոփոխության է ենթարկվել, քանի որ այն հնացած է համարվում: Մասնավորապես՝ օրենսգրքի «Սահմանադրական իրավունքների եւ ազատությունների դեմ ուղղված հանցագործություններ» բաժնում ներառված է խտրականությունը, որը, փաստորեն, քրեականացվել է: Նախագծի 197 հոդվածում, որտեղ կիրառվում է «սեռական կողմնորոշում» եզրույթը եւ սահմանում է, որ խտրականությունը` մարդու իրավունքները, ազատություններն ու օրինական շահերն ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված մասնավորապես սեռական կողմնորոշումից, պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը 80 ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:
Խտրականությունը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` 80-150 ժամ տեւողությամբ, կամ որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 5 տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Այս հոդվածն արդեն իսկ մեծ հակազդեցություն է առաջացրել նախագծին ծանոթացած որոշ անձանց մոտ: Ոմանք դրույթը որակում են «ապազգային, հակաբարոյական» եւ մտավախություն են հայտնում, որ «ոչ ավանդական» սեռական կողմնորոշում ունեցողները կարող են օգտվել առիթից եւ հիշյալ հոդվածին հղում անելով՝ շանտաժի ենթարկել ուրիշներին»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 30-ից խորհրդարանը սկսել է Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումները: Այդ նախագիծը սկզբունքորեն ոչնչով չի տարբերվում վերջին գրեթե տասնամյակի բյուջեներից, քանի որ այն գտնվում է, այսպես ասած, գոյատեւման փիլիսոփայության շրջանակում: 2009 թվականից ի վեր Հայաստանի գործնականում բոլոր բյուջեները գոյատեւման փիլիսոփայության շրջանակում են: Խնդիրն այն է, որ երբ Հայաստանում մեկ տարի առաջ փոխվում էր կառավարությունը, հանրությունն այդ փոփոխությունից ոչ թե սպասում էր լուսավոր ապագայի վերաբերյալ, այսպես ասած, բանավոր հավաստիացումների կամ պարզապես բանահյուսության նոր դեմքերի, այլ գործիչների, որոնք բանահյուսության փոխարեն, հանրությանը կտային դրական սպասման գործնական ազդակներ: Առայժմ այդ ազդակները շարունակում են մնալ բանահյուսության ժանրում, պարզապես դեռեւս շարունակում են համակրելի մնալ դրանով զբաղվող կառավարական դեմքերը՝ ի տարբերություն նախորդ կառավարության:
Իշխանության ձեւավորման մեխանիզմը հանրային չէ, այսինքն՝ հասարակության կամքը դրանում խնդիր է, ոչ թե որոշիչ գործոն: Խնդիր է, որ իշխանությունը հաղթահարել ու հաղթահարում է ուժով, վարչական լծակով, ֆինանսական միջոցներով: Իհարկե, մինչ այժմ իշխանությունը այդ ճանապարհով ձեւավորվել է առանց հանրային վճռորոշ մասնակցության, բայց ներկայումս կա մի առանձնահատկություն՝ ընտրություն կոչվող գործընթացը անցել է, իսկ իշխանություն չի ձեւավորվել: Ավելին՝ այժմ հանրություն, ըստ էության, նույնիսկ ֆորմալ առումով չկա, ընտրություն չկա, եւ իշխանության ձեւավորումը պետք է տեղի ունենա հետընտրական ներիշխանական խմորումների միջոցով: Իսկ դա էլ իր հերթին բերում է մեկ այլ առանձնահատկության:
Բանն այն է, որ երբ կա հանրային ֆորմալ խնդիր, համակարգն, ըստ էության, առնվազն այդ մասով ստիպված է կոնսոլիդացվել մի խնդրի շուրջ եւ գործել դրա հաղթահարման ուղղությամբ: Երբ այժմ բուն խնդիրն արդեն համակարգի ներսում է, չկա հանրության թեկուզ ֆորմալ գործոնի հարց լուծելու անհրաժեշտություն, առաջանում է իշխանության համակարգի կոնսոլիդացիայի խնդիր: Չկա կոնսոլիդացիա, սրվում են ներքին հակադրություններն ու հակասությունները: Դրանք սրվում են, հետեւաբար տնտեսությունն էլ դառնում է այդ իրադարձությունների, այսպես ասած, զոհը, քանի որ ոչ ոք չի ցանկանում շոշափելի պատասխանատվություն ստանձնել տնտեսական հեռանկարի համար, եթե չունի վստահություն իշխանության հեռանկարի հարցում:
Այդպիսով, Հայաստանը ներկայումս մի վիճակում է, երբ Սերժ Սարգսյանը պատրաստվում է պատասխանատվությունը թողնել Կարեն Կարապետյանի վրա՝ տնտեսական բեկման բացակայությունը դիտարկելով որպես նրա անարդյունավետության հետեւանք, իսկ Կարեն Կարապետյանն էլ, հակառակը, փորձում է ցույց տալ, որ Սերժ Սարգսյանի քաղաքական աջակցությունն է անբավարար, դրա համար էլ ավելի շուտ համակարգն է առաջ տանում իր շահերը, քան Կարապետյանը իր քաղաքականությունը: Ճշմարտությունն, իհարկե, այս դեպքում մեջտեղում է, կամ բոլորովին Սարգսյան-Կարապետյան տիրույթում չէ: Գործնականում նույնն էր պատճառը նաեւ Սարգսյան-Աբրահամյան հարթությունում՝ լուծված չէր իշխանության հարցը, հետեւաբար չէր կարող գոյություն ունենալ տնտեսական քաղաքականություն: Կա տնտեսական պատերազմ իշխող համակարգի ներսում, որն, իհարկե, ընթանում է ոչ բացահայտ, ոչ բառի ամենաուղիղ իմաստով, սակայն հենց դրա տրամաբանությամբ: Պատերազմ տնտեսական ռեսուրսների համար, քանի որ դրանք են նաեւ կանխորոշելու իշխանության հարցը: Պարզապես այդ պատերազմի առանձնահատկությունն այն է, որ առավել մեծ կորուստ ունենում են ոչ թե մասնակիցները, այլ հասարակությունը եւ պետությունը: Մասնակիցները, թերեւս, կորուստ չեն էլ ունենում, նրանք պարզապես կա՛մ ավելացնում են ունեցածը, կա՛մ ամենավատ դեպքում՝ պահպանում եղածը»: