- 09.10.2017
- Հայաստան
- arm
HSBC բանկը Հայաստանում տրամադրել է իր գործունեության ընթացքում ամենախոշոր վարկային միջոցներից մեկը՝ 55 մլն եվրո «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲ ընկերությանը: Ֆինանսավորումը նշանավորում է HSBC-ի և ՀԷՑ-ի միջև տասնամյա համագործակցությունը: Այս մասին տեղեկացնում են ՀԷՑ-ից:
Գործարքը հիմնվում է գործընկերների միջև փոխվստահության ու նրանց պատրաստակամության վրա՝ նպաստելու Հայաստանի էլեկտրական ցանցի համակարգի կայուն գործունեության և արդյունավետ կառավարմանը: Վարկային միջոցները կօգտագործվեն վերակառուցելու ՀԷՑ-ի նախկին բաժնետիրոջ վարկը :
HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը լավատես է ՀԷՑ-ի հետ ռազմավարական գործընկերության հարցում. «Այս գործարքը հիմնված է HSBC-ի և ՀԷՑ-ի միջև վստահության և երկարաժամկետ համագործակցության վրա: Սա վկայում է նաև մեր հետևողականության մասին, որով ցանկանում ենք նպաստել ներդրումներին՝ ուղղված Հայաստանում կայուն և անվտանգ էներգետիկ ոլորտի զարգացմանը: Գործարքը ՀԷՑ-ի ավելի ծավալուն ներդրումային սխեմայի մաս է կազմում՝ ուղղված ՀԷՑ-ի ֆինանսական կայունությունն ապահովելուն երկարաժամկետ հեռանկարում: Այս գործարքն իր դրական ազդեցությունը կունենա ՀԷՑ-ի ֆինանսական առողջացման վրա: Հարկ եմ համարում նշել նաև, որ վարկային միջոցները ներգրավվում են առանց պետական երաշխիքի: Ֆինանսավորումը կօգնի ունենալ առավել ապահով, կայուն ու արդյունավետ ընկերություն»,- նշում է ՀԷՑ Գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը: