- 07.10.2017
- Հայաստան
- arm
VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային դիմադրության ճակատ նախապատրաստողների շրջանակում մեծ հույսեր ունեն, որ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը հնարավոր է գալիք շաբաթ մասնակցի Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ազգային դիմադրության ճակատ եւ ժողովրդական ընդվզում նախապատրաստելու հավաքին։ Տեղեկություններ կան, որ նրան օրերս զանգել է դիմադրության ճակատի կազմակերպիչներից մեկը եւ հայտնել Սեֆիլյանի առաջարկի մասին։ Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ երկրում չէ, կվերադառնա մոտ մեկ շաբաթից։ Նա ասել է, որ նման հարցերը հեռախոսով քննարկելը ճիշտ չէ, կվերադառնա՝ կզրուցեն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ նախորդ օրը մեզ տեղեկություններ էին հասել, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ պետ Հովհաննես Հակոբջանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մեզ հայտնի է դարձել, որ Հակոբջանյանի ազատման հիմքում մի տհաճ պատմություն է։ Բանն այն է, որ քաղաքացիական հայցով նախատեսված գումարը՝ «իսկը» վճարելու դիմաց կալանավորներից մեկին ազատել են, իսկ գումարը՝ մոտ 1մլն դրամի չափով, տվել են Հակոբջանյանին, որ վճարի։ Եվ քանի որ ոչ աշխատանքային օրեր են եղել, նա մի քանի օր չի վճարել այն։ Այդ մասին իմացել են վերևներում․ ստացվել է, որ առանց գումարը վճարելու մարդուն ազատել են։ Եվ քանի որ բանը հասել էր դիվանբաշուն, չեն կարողացել ծածկադմփոց անել այս պատմությունը, որոշել են ազատել Հակոբջանյանին՝ ձևակերպելով իր դիմումի համաձայն։ Նշենք, որ Հովհաննես Հակոբջանյանը ՔԿՀ համակարգի հնաբնակներից է, աշխատում է մոտ 20-30 տարի։ Նախկինում եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ օպերատիվ բաժնի պետ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաշատի ընտրություններում «զադնի» չդնելու, ամեն կերպ իրենց թեկնածուին քաղաքապետ դարձնելու Աբրահամյանների նկրտումները կանխվել են նախագահականի կողմից. Արգամ Աբրահամյանին հրավիրել են Սերժ Սարգսյանի մոտ, որից հետո Արտաշատում ընտրությունների մասով այլևս լռություն է: Չնայած պնդմանը, որ Արգամը խիստ տպավորված է դուրս եկել նախագահի մոտից, ըստ որոշ աղբյուրների, նեղ միջավայրում ասել է․ «Ես էն օրերին ՀՀԿ ցուցակով հորս փոխարեն պիտի պատգամավոր դառնայի»։ Այնուհանդերձ, վերջին նստաշրջանին նա այդպես էլ չեկավ խորհրդարան։ Ավելին` չի պատասխանում ընկերների հեռախոսազանգերին: Ըստ ՀՀԿ մեր աղբյուրների` «երևի դեռ հաշվում են, թե ինչու է նախագահի մոտ կանչվել ոչ թե Աբրահամյան-ավագը, այլ կրտսերը»: Իսկ ինչո՞ւ։ Որպեսզի ևս մեկ անգամ շեշտվի, որ Աբրահամյան-ավագն անելիք չունի՞ քաղաքական դաշտում: «Էդ արդեն պտի հաշվողներից հարցնել»,- ասաց մեր զրուցակիցը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ դժկամությամբ է մասնակցել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կազմակերպած Եվրասիական գործընկերության միջազգային VI խորհրդաժողովին: Կարեն Կարապետյանին ճանաչողները գիտեն, որ նա առանձնապես լուրջ չի վերաբերվում Արա Աբրահամյանին: Պարզվում է, սակայն, որ վարչապետը լարված հարաբերությունների մեջ է այդ խորհրդաժողովին մասնակցող ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանիհետ: Կարեն Կարապետյանին հայտնի է դարձել, որ ՌԴ ամենաբարձր իշխանական շրջանակների հետ շատ ջերմ հարաբերվող Տիգրան Սարգսյանը լոբբինգ է անում իր ծրագրերի դեմ՝ հօգուտ Սերժ Սարգսյանի՝ այդպիսով Սուրենիչը մի կողմից իր երախտագիտությունն է հայտնում Սերժ Սարգսյանին իր ներկա պաշտոնի համար, նաև հույս ունի, որ Սերժ Սարգսյանը հետագայում էլ իրեն անգործ չի թողնի»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավար Արա Վարդանյանը հայտարարել է, որ առաջիկա հեռուսամարաթոնի ժամանակ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը մեծ անակնկալ է խոստացել՝ չմանրամասնելով, թե խոսքն ինչ անակնկալի կամ ինչ գումարի մասին է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Սամվել Կարապետյանը վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագրերի հիմնական դոնորն է և նրա վարչապետության ֆինանսավորողը: Հաջորդ ամիս Սամվել Կարապետյանի անակնկալը ևս Կարեն Կարապետյանի վարչապետական նկրտումների շրջանակներում է: Հիշեցնենք, որ Ս. Կարապետյանը 250 մլն դոլարի մի խոստում էլ արել էր 2008թ.՝ Սերժ Սարգսյանի կոչին ընդառաջելով և նրա պաշտոնավարման 100 օրվա առթիվ»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԵՊՀ-ում գնալով վիճակը լարվում է: 60 տոկոսով կրճատվել են դասախոսների աշխատավարձերը, ինչն առաջացրել է աշխատակիցների դժգոհությունը: Տասնյակ դասախոսներ պատրաստվում են ազատվել աշխատանքից: Նրանք մինչ օրս չեն ստացել սեպտեմբեր ամսվա աշխատավարձը՝ այն դեպքում, երբ նախկինում նախորդ ամսվա աշխատավարձն ամենաուշը ստանում էին հաջորդ ամսվա առաջին իսկ օրը: Նշենք, որ չնայած ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բազմիցս արած հավաստիացումներին, որ ուսանողների թվի զգալի կրճատումը չի ազդի աշխատավարձի ֆոնդի վրա, այնուամենայնիվ, ԵՊՀ դասախոսների աշխատավարձը ոչ միայն կրճատվել է, այլև շարունակելու է ավելի նվազել»:
«Առավոտ» թերթը գրում է. «Կառավարությունը քննարկում է աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելու հարցը։ «Առավոտ»-ի հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասել է, որ չի հավատում իշխանությունների բերած վիճակագրությանը, թե վթարների մեծ մասը լինում են աջ ղեկով մեքենաների հետ, հետևաբար մարդկանց անվտանգության մասին մտածելով՝ արգելում են: «Ես այստեղ տեսնում են հերթական կոռուպցիոն գործարքը, ՀՀԿ-ականներից ինչ-որ մեկը ցեխ է դրել՝ մեքենաների ղեկը աջից ձախ դարձնելու։ Ուզում են՝ մեկին լավություն անել։ Ո՞նց եղավ տաքսիների դեղին համարների դեպքում, որոշեցին դեղին համարներ, հետո ասացին՝ դե լավ, պետք չի։ Որոշեցին, որ բոլոր մեքենաներում պետք է դրվի կրակմարիչներ, մարդիկ գնացին գնեցին, էդ մի պարտիան բերել էին, վերջացավ, ասացին, չլինի էլ կլինի։ Ես նմանատիպ գործարք էլ այս դեպքում եմ տեսնում։ Միգուցե նախարարը կամ իր մերձավորներից մեկն ունի նման բիզնես, ուզում է անձնական բիզնեսը զարգացնել։ Որովհետև որևէ լուրջ հիմնավորում չեմ տեսնում»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ 2013թ. դեկտեմբերին Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը դատական համակարգում կոռուպցիոն դրսևորումների մասին հատուկ զեկույց էր հրապարակել՝ ներկայացնելով նաև կաշառքների «գնացուցակը»: Ըստ այդմ, առաջին ատյանի դատարաններում դատավճիռ կայացնում են 500-10.000 ԱՄՆ դոլարով, վերաքննիչ դատարաններում՝ 2.000-15.000 ԱՄՆ դոլարով, իսկ բարձրագույն ատյանում՝ վճռաբեկ դատարանում՝ 10.000-50.000 ԱՄՆ դոլարով:
Զարմանալի զուգադիպությամբ՝ վերջին մեկ տարում կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալված դատավորների քրեական գործերում հենց այդ գումարներն են «շեշտվում»: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը, ըստ պաշտոնական մեղադրանքի, 1000 ԱՄՆ դոլար կաշառք էր վերցրել: Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանը` 600 ԱՄՆ դոլար, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը և նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը` 2 հազար դոլար: Ու զարմանալին այն է, որ 4 տարի առաջ նախկին պաշտպանի ներկայացրած դատական համակարգում պտտվող կաշառքի սակագները չեն փոխվել՝ չնայած երկրում արձանագրված գնաճին»: