Թեհրանն ունի աշխարհի ընթացքի վրա ազդելու մեծ պատմություն։ Բայց եթե 1943-ին Թեհրանն ավելի շատ հանդիպման վայր էր, ապա այսօր՝ ազդեցիկ ձայնի փայատեր։
Ռուսաստանի նախագահն այս պատմական օրերին իր այցով Թեհրան և կարևորագույն օրակարգերի հայտարարմամբ ընդգծեց և միտումնավոր բարձրացրեց Թեհրանի դերը տարածաշրջանային և ավելի խոշոր մասշտաբների հարցերում։ Պուտին-Էրդողան հանդիպումը Թեհրանում նույնպես Իրանի Իսլամական հանրապետության դերակատարման բարձրացման ցուցիչ է։
Երեք խոշոր տերությունների հանդիպումից անմիջապես հետո Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց Թեհրանում է 3+3 ձևաչափով հանդիպման նախապատրաստման մասին։
Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը ինչ-որ մի պահից պետք է ներգրավվեն իրենց մասին կայացվող որոշումների ընթացքին։ 1943-ի Թեհրանում նման ձևականություններ չկային, և փոքր պետությունների ու ժողովուրդների ճակատագրերը որոշվում էին առանց ավելորդ բարեկրթության։ Հիմա, ամեն դեպքում, 21-րդ դար է։
Պուտինի ելույթը Թեհրանից հետո
ՌԴ նախագահը Թեհրանում փակ դռների հետևում հանդիպումից անմիջապես հետո ռուսաստանյան լսարանի առաջ հրապարակային ելույթ ունեցավ «Ուժեղ գաղափարներ՝ նոր ժամանակների համար» ֆորումում։ Չափազանց հետաքրքիր ձևաչափ էր։ Հնչեցված գաղափարներից երկուսն առանցքային էին.
- Համաշխարհային պատմության մեջ սկսվում է նոր դարաշրջան
- Միայն սուվերեն պետություններն են ի վիճակի ունենալ զարգացում և աճի դինամիկա։
Կովկասյան նոր ճարտարապետությունը և մենք
Պատերազմից անմիջապես հետո պարզ էր, որ սկսվել է Հարավային Կովկասի նոր ճարտարապետությունը, որին բոլորն այս կամ այն կերպ պատրաստվում էին։ Բացի Հայաստանից։
Մեր գնահատականները մեր մասին սխալ էին և սխալ են առ այս պահը։ Հայաստանն ամենաթույլը չէ, ամենախոցելին չէ, ամենաանհեռանկարը չէ. Հայաստանն ուղղակի ամենաանպատրաստն է։ Մենք կարիք ունենք «նոր ժամանակների համար ուժեղ /նոր/ գաղափարների»։ Ու մենք այդ գաղափարները չենք մշակում։ Եթե ռուսներն են իրենց համար դա կարևորում, ապա մեզ համար դա պարզապես կենսական է։
Իշխանությունըհանդես է գալիս միայն իրեն հասկանալի դեկլարատիվ ձևակերպումներով, ուրիշ ոչինչ։ Իսկ գործնականում նրա քայլերը նշանակում են միայն Ադրբեջանի պայմանների կատարում և Թուրքիայի հետ «լավ լինելու» մանկական պատկերացումներ։ Հակաիշխանական համակարգը սրան հակադրում է պարզունակ, էլի դեկլարատիվ հակաթուրքականությունը՝ «Հայաստանն առանց թուրքի» և «դեմ ենք ապաշրջափակմանը» ժամանակավրեպ ձևակերպումներով։
Ինչո՞ւ այսպես ստացվեց, դժվար է ասել։ Այդպես չպետք է լիներ, որովհետև կար սոլիդ այլընտրանք ձևավորելու անհրաժեշտ ռեսուրսը։
Ռուսաստանի դեսպանն ավելի է, քան դեսպանը
Հայաստանի և Արցախի անտանգությունն այս պահին ապահովում է Ռուսաստանը, նրա բանակն է ֆիզիկապես կանգնած սահմանագծին, և նրա քաղաքական կշիռն է կասեցնում ադրբեջանաթուրքական նոր ագրեսիան։ Սա՝ այս պահին, թե ինչ կլինի ավելի ուշ՝ շատ դժվար է հաշվարկել։
Անհավանական է, բայց այս պայմաններում Հայաստանում զարգանում են հակառուսական տրամադրություններ՝ ընդհանուր ազգային և պետական անկման ֆոնին։ Ակնհայտ է, որ այդ ուղղությամբ տարվում է լուրջ աշխատանք։
Երբ քո պետության ֆիզիկական անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը, իսկ քո երկրի ներսում աճում են հակառուսական տրամադրություններ, և անարգել գործունեություն է ծավալվում այդ ուղղությամբ, դա մեծ աղետի նախանշաններն են։ Այստեղ անելիք ունեն թե´ ներսի գիտակից շրջանակները, թե´ հենց Ռուսաստանը։
Պարզ մի օրինակ. պրոռուսական ակտիվիստների բանտարկությունները անցնում են ռուսական խոր անտարբերության ներքո։ Դա բերում է հայ հասարակության ներսում Ռուսաստանի հեղինակության անկմանը։ Մարտի 1-ից հետո արևմտյան դեսպաններն օրվա ռեժիմով զբաղված էին դատաիրավական պրոցեսներով, պրոարևմտյան ակտիվիստներին ամեն տեսակի աջակցության ցուցադրմամբ և կազմակերպմամբ, ընդհուպ մինչև քրեական օրենսգրքի հոդվածներ փոխել տալով։
Կա տպավորություն, որ Ռուսաստանը նման հարցերոմ դեռևս չունի «նոր գաղափարներ, նոր ժամանակների համար» և չի կարողանում գտնել համարժեք աշխատանքի ճիշտ մոտեցումները։ Հայտնի բանաստեղծական տողը վերաշարադրելով՝ «Ռուսաստանի դեսպանն ավելին է, քան դեսպանը»։ Հակառակ դեպքում դեռևս գոյություն չունեցող թուրքական դեսպանն ավելի ազդեցիկ է դառնում։
Ընդհանուր վտանգի առաջ
Կա մի ծանր կասկած, որ Թեհրանի հանդիպումների արդյունքում իրավիճակը (մեր մասով) չի լիցքաթափվել, և զարգացումները դեռևս հստակ չեն։ Մեր պետությունն այսօր քանդված վիճակում է, և ունի բովանդակային ու ռազմական Սիրիայի վերածվելու շատ մեծ հնարավորություն։ Գերտերությունների հատուկ ծառայությունների անակնկալ այցերը Երևան, Ալիևի կոշտացող սպառնալիքները, Իրանի հանդեպ լարվածությունը և Ռուսաստան-Արևմուտք գրեթեպատերազմը խոսում են այն մասին, որ ամեն պահի հնարավոր է նոր զարգացում, և Հայաստանը կանգնած է տեսանելի վտանգի առաջ։
Երկրի ներսում այս՝ ընդհանուր վտանգի գաղափարը պետք է լինի մեր գործողությունների առանցքում։ Ու հիմա Հայաստանում «նոր ժամանակների համար՝ նոր գաղափարներ» են պետք։
Եվ թե´ իշխանությունը, թե´ Նիկոլը (այս երկուսի միջև կա որոշակի տարբերություն), թե´ ոչ իշխանական համակարգը ունեն հընթացս հետևություններ անելու և նկատելի փոփոխությունների ենթարկվելու անհրաժեշտություն։ Սա է պահանջում ազգային, պետական շահը։ Բարիկադներում վերանայումներ են պետք՝ ձևակերպումների, հռետորաբանության, մարտավարական և այլն։ Որպես առաջին քայլ՝ ընդհանուր վտանգի գիտակցման, իշխանությունը պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցվեն բոլոր հետապնդումները, դադարեցնի քաղաքական բոլոր դատավարությունները, իսկ ընդդիմությունը պետք է հրաժարվի անձնական սպառնալիքի և վիրավորանքի ձևակերպումներից։ Այս պարզ երկու քայլերը կմեղմեն ներքին լարվածությունը։
Դա արդեն հնարավորություն կստեղծի՝ կոմունիկացիայի հաջորդ մակարդակների համար։
Պետք է ձևակերպվեն նոր ժամանակներում հայկական տեսակետները։ Եթե այդ տեսակետները պրագմատիզմի և ազգային արժանապատվության հենքի վրա ձևակերպված չեն, ապա անհնար է լինելու խոշոր խաղացողներին դրանք ներկայացնել, և առավել ևս անհնար է լինելու սեփական ժողովրդին համախմբել դրանք պաշտպանելու գաղափարի շուրջ։ Մենք պետք է մշակենք տնտեսական, կոմունիկացիոն, ռազմական, քաղաքական հարցերի սոլիդ փաթեթ՝ Ռուսաստանի և Իրանի հետ սերտ աշխատանքի։ Կոնկրետ առաջարկներով, կոնկրետ լուծումներով։Կան բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ, որոնք Հայաստանը կարող է զարգացնել։
Եթե դրա համար պետք է Աժ-ում միասին աշխատել, ուրեմն պետք է աշխատել։ Եթե պետք են նոր ընտրություններ, ուրեմն պետք է անել դրանք, եթե պետք է նոր կառավարություն, ուրեմն պետք է այն լինի, եթե պետք է ինչ-որ նոր ձևաչափ որակյալ աշխատանքի և արդյունքի համար, ուրեմն պետք է, եթե պետք է իշխանությունից և հարթակից դուրս ունակ մարդկանց ջանքերը միավորել, ուրեմն պետք է։ Մեզ պետք է միասնական ներքին պրոյեկտ։ Դադարեցնել է պետք «հայաթի տղու» աշխարհայացքով ներքին պրոցեսը։ Սա խաղ չէ, սա մեր պետության գոյության հարցն է, մեր ընտանիքներին, մեր բոլորին ուղղված ֆիզիկական սպառնալիք։
Եթե մեզ մեկ րոպե նայենք Թեհրանի պատուհանից, ապա Հայաստանն ունի այս պատկերը. իշխանություն՝ իր անհասկանալի պահվածքով, հակաիշխանություն՝ իր միագիծ հակաթուրքականությամբ, և բացառիկ անտարբեր հասարակություն։
Այսօրվա վիճակը պետական աննորմալություն է, որը մեզ տանում է սպասվող-անակնկալ պատերազմի կամ կորստի։ Հարավային Կովկասում նոր ճարտարապետության պրոցեսի պայմաններում հնարավոր չէ պետությունը դուրս դնել իրական պրոցեսներից և հանդես գալ կա´մ բացառապես սպիտակ դրոշով, կամ´ ժամանակավրեպ պատկերացումներով։ Դա խոշոր խաղացողների մոտ անմիջապես կձևավորի այդ պետության գոյության նպատակահարմարության հարցը։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ