Verelq: Վարչապետի պաշտոնակատարի արտահայտությունները ատելության խոսքի դրսևորումներ են. ՀՀԿ շտաբ

  • 28.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 50

Վարչապետի պաշտոնակատարի երեկ և այսօր արած մի շարք արտահայտություններ ատելության խոսքի ամենավառ դրսևորումներ են, որոնք անցնում են քաղաքական պայքարի թույլատրելի բոլոր սահմանները, ինչպես նաև ոտնահարում են մարդկային ու բարոյական մի շարք սկզբունքներ` օրինակ կնոջը թիրախավորելը:


Այս մասին ասված է ՀՀԿ Կենտրոնական նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության մեջ։ «Այսպիսի վարքագիծը աննախադեպ է մեր քաղաքական մշակույթում, հատկապես` բարձրաստիճան պաշտոնատար անձի, այն էլ` մեր բոլորի անվտանգության ու բարեկեցության համար պատասխանատու վարչապետի կողմից:


Առիթ ունեցել ենք մեր հայտարարությամբ անդրադառնալ վարչապետի պաշտոնակատարի կողմից վարչական ռեսուրսի չարաշահմանը, որի մեկ ակնառու օրինակն էլ այն է, որ պաշտոնապես գտնվելով արձակուրդում՝ վարչապետի պաշտոնակատարը սպառնալիքներ էր հնչեցնում ընտրված պաշտոնյաների նկատմամբ, իսկ ոստիկանությանը, ըստ էության, տալիս էր պարտադիր կատարման հանձնարարականներ:


Հրավիրում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի և միջազգային դիտորդական առաքելությունների ուշադրությունը վարչապետի պաշտոնակատարի ելույթների, վարքագծի ու հռետորաբանության վրա», – ասված է ՀՀԿ Կենտրոնական նախընտրական շտաբի հայտարարության մեջ։


Սպիտակում «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ անդրադարձել է նույն դաշինքի թեկնածու Սասուն Միքայելյանին ուղղված քննադատություններին, մասնավորապես, այն քննադատություններին: «Սասուն Միքայելյանի մարմնում, տո, ձեր քաշի չափ «ասկոլկա» կա։ Ձեր քաշի չափ։ Դուք էդ ումի՞ց եք պաշտպանում արցախյան ազատամարտը։ Դուք, որ երկար տարիներ ոչ միայն բերաններդ ջուր առած, հետևել ու ղեկավարել եք բանակի թալանին և հիմա էլ եղունգներով ուզում եք պաշտպանել բանակը թալանելու ձեր իրավունքը։ Ես թույլ չեմ տալու ձեզ», – հայտարարել է Փաշինյանը։


Այնուհետև շարունակեց ելույթը՝ հարցնելով. «Ո՞նց, դեռ էս երկրում մարդ կա՞, որը համարձակվում է քաղաքացուն վախեցնե՞լ։ Տո բոլորին կպառկըցնենք ասֆալտներին, էս ովեք՞ր են սրանք, ի՞նչ հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ հաստավիզ, ի՞նչ մուսկուլավոր, բոլորիդ կպառկըցնենք ասֆալտներին ու տարիներով վեր չեք կենա էդ ասֆալտների վրայից։


Ու հիմա ես ոստիկանությանը, այո, ասում եմ՝ չփորձի որևէ մեկը թպրտալ, չփորձի մի հատ հանցավոր տարր՝ գող կըլնի, ավտարիտետ կըլնի, պատերով կտանք բոլորին, պատերով։ Գլուխներդ պատին կտաք, կվախեցնեք քաղաքացուն, ձեր անունները մի հատ ասեք, դուք ծակերից չպիտի դուրս գաք։ Ձեր տեղը բանտերում ա, դուք հայտնվելու եք բոլորդ բանտերում։ Կրիմինալ, կըլնի, ավտարիտետ, թե գող, մեկդ չթպրտաք էս ընտրություններով, չփորձեք ժողովրդին որևէ հարկադրանքի ենթարկել։ Հանրապետական գյուղապետեր, նստեք ձեր կաբինետներում ու նորմալ աշխատեք, չփորձեք քաղաքացուն ասել, թե ում ընտրի։ Քաղաքացին լավ գիտի՝ ում ընտրի»։

Աշոտյանը կանչվել է Երեւանի քննչական վարչություն. խոստանում է պատմել մանրամասներ

  • 28.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 58

ՀՀԿ փոխնախագահ Արեն Աշոտյանը տեղեկացնում է, որ գտնվում է Երեւանի քննչական վարչությունում՝ մի քանի ամիս ձգձգվող գործով: Այս պահին գտնվում եմ Երեւանի քննչական վարչությունում արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով, դեռեւս որպես վկա։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արեն Աշոտյանը:


«Վերջին անգամ հրավիրել էին հարցաքննության մոտ երկու ամիս առաջ։ Գործի եւ այսօրվա մանրամասները կպատմեմ երեկոյան։ Ինչպես նաեւ կանդրադառնամ այն հարցին, թե ինչ է նշանակում կարճատեւ ընտրարշավից կտրել Հանրապետականի քարոզչության պատասխանատուին եւ գործող վարչակարգի հիմնական քննադատներից մեկին:


Մի բան պարզ է՝ լավ եմ աշխատում», – ասված է Աշոտյանի գրաջման մեջ։


Հոկտեմբեր ամսին ՀՔԾ-ն ընթացք է տվել Աշոտյանի՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի աշխատակից լինելու հանգամանքների հետ կապված մեղադրանքներին:


Այս օրծն Արմեն Աշոտյանը գնահատել էր իրեն «սպառնալու եւ ճնշում գործադրելու ապարդյուն փորձ»։


Այնուհետեւ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ Աշոտյանին կոչ անելով զերծ մնալ կառույցի հասցեին հերյուրանքներ տարածելուց:


«Ա. Աշոտյանին առաջարկում ենք հրապարակել ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրեն ուղղված սպառնալիքի փաստերը, այդ թվում՝ իրեն սպառնացած՝ ՀՀ ՀՔԾ պաշտոնյայի տվյալները, հակառակ դեպքում՝ նրանից ակնկալում ենք հրապարակային հերքում եւ հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ ՀՀ հատուկ քննչական ծառայության հասցեին հերյուրանքներ տարածելու գործելաոճից»,-ասված էր ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Դուք վարչապետի պաշտոնակատար ե՞ք, թե՞ ասֆալտչիկ. Շարմազանովը՝ Փաշինյանին (տեսանյութ)

  • 28.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 66

Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը քարոզարշավի երրորդ օրը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ կլինի Լոռու մարզի բոլոր համայնքներում՝ ներկայացնելու 11-ամյա գործունեությունը:


Նա անդրադարձավ նաև երեկ Լոռու մարզում տեղի ունեցած կարևոր մի իրադարձության: «Այցելել էին այսօրվա իշխանության ներկայացուցիչները՝ վարչապետի պաշտոնակատարի գլխավորությամբ, և ցավով պետք է նշեմ, որ հյուրընկալ Լոռիում մարդ էր վատացել, ու այդ վատացած մարդը ոչ պակաս, ոչ ավելի Նիկոլ Փաշինյանն էր: Գործը հասել էր նրան, որ աջ ու ձախ լոռեցիներին սպառնալիքների, շանտաժի, մատ թափ տալու, ասֆալտին փռելու, վզից բռնելու կոչեր էր անում: Ա՛յ ընկեր ջան, լոռեցիներին սկի թուրքերը չեն կարացել վզից բռնել կամ ասֆալտին փռել: 18 թվին Ղարաքիլիսայի ճակատամարտում փառապանծ լոռեցիները Նժդեհի հետ պաշտպանել են Հայաստանը»,-ասաց նա:


Շարմազանովը կոչ արեց քաղաքական բանավեճի անցնել: «Ի՞նչ է նշանակում ասֆալտին փռել, վզից բռնել, դուք վարչապե՞տ եք, թե՞ ասֆալտ փռող, ինչպե՞ս կարելի է իջնել այդ մակարդակի, սա քաղաքական բանավե՞ճ է, թե՞ քուչի բազար»,- ասաց նա՝ հավելելով, որ վատ է զգում երկրի նման ղեկավարի համար:


«Ծրագիր ունես՝ գնա ներկայացնելու, դո՞ւ պետք է որոշես՝ ՀՀԿ-ն պետք է լինի, թե չլինի, ՀՀԿ-ն սովետի ժամանակ եղել է ու կլինի, քո նման մարդիկ կգան ու կգնան, իսկ Աշոտ Նավասարդյանի կուսակցությունը կմնա, սա գաղափարի կուսակցություն է»,- ասաց նա և ապա անդրադարձավ Փաշինյանի կոչին, որում ասվում էր, որ ՀՀԿ-ին չընտրեն:



«Ի՞նչ ես հոխորտում, թե ՀՀԿ-ին մի ընտրեք, սա ազատ ընտրություն է, ով ում ուզի, կընտրի, խեղճ գյուղապետերի հետևից ինչի՞ ես ընկել, յուրաքանչյուր գյուղապետ համայնքի սերուցքն է, հավաքական կամքն է: Յուրաքանչյուր գյուղապետ ավելի լեգիտիմ է, քան դու այսօր, և չփորձես լոռեցիների հետ այդ տոնով խոսել, կընտրեն քեզ՝ շնորհավոր, կընտրեն մեզ, թող ընտրեն մեզ, ինչի՞ ես վատացել, ա՛յ ախպեր, մի՛ մոռացի՝ պետության ղեկավար ես ոչ բարով»,- ասաց նա:


Շարմազանովը նաև խոսեց Փաշինյանի այն դիտարկման մասին, թե իրեն են մոտեցել և ասել, թե գյուղապետերը սպառնում են իրենց, որ ՀՀԿ-ին ընտրեն:


«Քո կողմնակիցներն են վախեցնում, ըստ օդում կախված լուրերի՝ պետական աշխատողներին տանում եք միտինգների, ելույթով էլ ահաբեկում ես ընտրողներին, մատ ես թափ տալիս ընտրողների վրա, մատդ կկոտրի հենց ընտրողը դեկտեմբերի 9-ին: Մոսկվայում ասֆալտչիկների տեղ կա, թիմիդ վերցրո՛ւ, գնա՛, փռի՛, մեզ ասֆալտչիկ չի պետք, մեզ պետության ղեկավար է պետք»,- ասաց նա:

Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրեց բանավեճի

  • 28.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

23
 229

ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը դիմել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:


«Հաշվի առնելով, որ արդեն երրորդ օրն է ձեր քարոզարշավը կառուցում եք ժողովուրդը հանրապետականներով վախեցնելու վրա, խորացնելով հասարակությունը սևերի և սպիտակների կիսելու Ձեր արատավոր քաղաքականությունը, ինչպես նաև այն, որ քարոզչության ընթացքում թույլ եք տալիս ամենատգեղ և անվայել ձևով գռեհիկացնել ընտրական գործընթացը, պահպանելով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների 1-ին համարների Հանրայինում կազմակերպվող բանավեճին մասնակցելու հանձնառությունս, այնուամենայնիվ անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ ՀՀԿ – Իմ քայլ ձևաչափով` 1-ին համարների մակարդակով:

Առաջարկում եմ բանավեճն անցկացնել երեք հեռուստաալիքներով (հանրային և մեկական Ձեր և իմ ընտրությամբ), երկու հաղորդավարով (մեկական` Ձեր և իմ ընտրությամբ), 4–6 թեմաներով (կեսը Ձեր, կեսն էլ իմ ընտրությամբ), իրար հարցեր ուղելու հնարավորությամբ: Հաշվի առնելով Ձեր գերծանրաբեռնվածությունը` բանավեճի օրվա ընտրությունը թողնում եմ Ձեր հայեցողության»,- գրել է Սարգսյանը:

Այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ. դատախազ

  • 28.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 55

Մարտի 1-ի քրեական գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության դիրքորոշում


Նրա խոսքով, դատախազության դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, որի վերաբերյալ բերում են հիմնավորումներ: «Այդ հիմնավորումները վկայում են, որ քննության այս փուլում կա անհրաժեշտություն, որպեսզի երկրորդ նախագահը գտնվի կալանքի տակ: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, կարծում եմ, դա գիտի միայն դատարանը»,- ասաց Արթուր Դավթյանը:


Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի որոշմանը, որով բեկանվեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկվեց Վերաքննիչ դատարան նոր քննության՝ Արթուր Դավթյանը մանրամասնեց, թե այդ որոշմամբ Վճռաբեկ դատարանը ինչ հարցի պատասխան է տվել:


«Հիշում ե՞ք ամենահիմնական լայն շրջանակներում քննարկվող հարցն այն է, թե ի վերջո նախագահը անձեռնմխելիությամբ օժտվա՞ծ է պաշտոնավարումից հետո, թե՞ ոչ: Եվ Վճռաբեկ դատարանը, ըստ էության, համաձայն լինելով իմ կողմից բերված բողոքի փաստարկներին, հավաստեց, որ այստեղ էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե նրան մեղսագրվող արարքը դիտարկվում է նրա կարգավիճակից բխո՞ղ, թե՞ կարգավիճակից չբխող:


Եվ ամենակարևորը՝ արդեն բեկանելով Վերաքննիչ դատարանի համապատասխան որոշումը և դրանով Վերաքննիչ դատարանի այն մոտեցումը, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը փաստորեն օժտված է անձեռնմխելիությամբ, իսկ նրան մեղսագրված արարքները Վերաքննիչ դատարանը դիտարկել էր որպես նախագահի գործառույթներից բխող, Վճռաբեկ դատարանը հստակ պատասխան տվեց, որ գործառույթներից բխող լինելու հանգամանքը միայն ֆորմալ տեսանկյունից չպետք է դիտարկել:


Այսինքն, օրինակ` համապատասխան իրավական ակտ ընդունելու լիազորություն, իրավունք նախագահն ունի՞, թե՞ ոչ, այլ պետք է դիտարկել, թե բովանդակային առումով լիազորության իրացումը լիարժեք համապատասխանե՞լ է Սահմանադրությանը կամ օրենքներին»,- ասաց Դավթյանը:


Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, Մարտի 1-ի գործով մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու համար:


Հուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը բացառապես Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով:


Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու համար վճռաբեկ ատյան էին դիմել թե՛ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, եւ թե՛ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Վճռաբեկը մասնակի բավարարել էր միայն դատախազի բողոքը:

Մանվել Գրիգորյանի 40 անուն անշարժ գույքը կվերադարձվի համայնքին. ՀՔԾ պետ

  • 28.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 54

Մանվել Գրիգորյանի գործով կատարվել է 200-ից ավելի հարցաքննություն, 70-ից ավելի խուզարկություն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։


Նա նշել է, թե Մանվել Գրիգորյանի անշարժ գույքի մի մասը ձեռք է բերվել խախտումներով, հայտնում է Aysor.am-ը։


«Պարզվել է, որ Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերված անշարժ գույքի փաստաթղթերի մի մասը ձեռք է բերվել խախտումներով։ Արդեն իսկ դիմել եմ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին, որ 40 անուն անշարժ գույքը վերադարձվի համայնքին»,-ասել է նա։


Սասուն Խաչատրյանն ասել է նաև, որ այս գործով գրություններ է ուղարկվել 15 երկիր, իսկ ֆինանսական խախտումները կազմում են 15 մլրդ դրամ։


Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը խափանման այլ միջոցով փոխարինելու միջնորդությամբ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մտադիր չէ հանդես գալ:


Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանը 5.84 մլրդ դրամ կամ $10.5 մլն արժողությամբ տարածք է նվիրաբերում պետությանը: Նա դիմել է կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության մոտ 330 հեկտար տարածքը։ Այն ընդգրկում է 5445 քմ մակերեսով շենք-շինություններ։


Հունիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։Գրիգորյանը կալանավորվել է:

Փաշինյանը կհանդիպի Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողների հետ

  • 28.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 52

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 28-ին կհանդիպի Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Նոյեմբերյան քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում։


«Այսօր ես քաղաքապետարանում պետք է հանդիպեմ Կարեն Ղազարյանի ծնողներին։ Կինս էլ երկու անգամ այցելել է նրանց։ Ադրբեջանը կիսապաշտոնական առաջարկ է արել փոխանակել Արցախում գտնվող 3 ադրբեջանցուն Ադրբեջանում գտնվող 3 հայի հետ։ Բայց Արցախում Ադրբեջանի 2 քաղաքացի դատապարտված են մեկը 20 տարի, մյուսը ցմահ ազատազրկման, որովհետև իրենք Արցախի քաղաքացիների են սպանել։ Հիմա հարցը հետևյալն է՝ այդ սպանված քաղաքացիների հարազատները կհամաձայնե՞ն, որ իրենց երեխաներին սպանածներին Արցախը վերադարձնի Ադրբեջանին։ Պարզ է, որ Ադրբեջանն այդ ոճրագործներից նոր Ռամիլ Սաֆարովներ է կերտելու։ Սրա քաղաքական և գործնական հետևանքները մենք ուզո՞ւմ ենք կրել։ Թուրքիայի կողմից մի պատանի շփոթվել ու անցել էր սահմանը, և մենք առանց նախապայմանների նրան ուղարկեցինք իր երկիր։ Տրամաբանական կլիներ, որ իրենք Կարենին նույն կերպ վերադարձնեին։ Մենք Կարենի հարցով զբաղվել ու զբաղվում ենք նաև Դուշանբեի պայմանավորվածությամբ ձեռք բերված ալիքով։ Դա պարզ, հումանիտար հարց է, և մենք ամեն ջանք գործադրելու ենք, որպեսզի հասնենք այս հարցի լուծմանը»,- ասաց Փաշինյանը։


Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վարկած կա, թե Կարենին իր տնից են առևանգել։


«Մարդիկ մտավախություններ ու հարցեր ունեն սահմանի պաշտպանության մակարդակի հետ կապված։ Կասկած կա, իհարկե, որ Կարենին իր տնից են առևանգել, բայց դեռ ապացույցներ չկան։ Ես անպայման մեր ԶՈՒ ներկայացուցիչների հետ ևս մեկ անգամ կքննարկեմ այդ հարցը։ Եթե անհրաժեշտություն լինի միջոցներ ձեռնարկել, կձեռնարկենք»,- նշեց նա։


Բերդավան համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը 2018 թ. հուլիսի 15-ից գերեվարված է և գտնվում է Ադրբեջանում։

Ջրի սակագինը 2019 թվականին չի բարձրանա

  • 28.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

3
 60

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների 2019թ. նախատեսվող սակագնի բարձրացում չի լինի: Այս մասին հայտնում է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունը:


Համաձայն վարձակալության պայմանագրի և ՀՀ ՀԾԿՀ-ի կողմից «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տրամադրված թիվ ԼՋ 0001 լիցենզիայի` յուրաքանչյուր տարի նախատեսվում է ընկերության կողմից բաժանորդներին մատուցվող խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների, այդ թվում` մանրածախ սակագների վերանայում (ճշգրտում):


Գործող օրենսդրության պահանջներին համապատասխան` «Վեոլիա Ջուր» ընկերությունը սույն թվականի օգոստոսին ՀՀ ՀԾԿՀ-ին ներկայացրել էր սակագները վերանայելու (ճշգրտելու) հայտ 2019թ. համար: Այն նախատեսում էր մոտ 14 ՀՀ դրամով գործող սակագնի բարձրացում 1/խմ ջրի համար, ներառյալ ԱԱՀ-ն:


Նոյեմբերի 19-ին ՀՀ ՀԾԿՀ-ում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ տեղի ունեցավ 2019թ. հայտի աշխատանքային քննարկում:


Դրա արդյունքներով, հաշվի առնելով հայտի շրջանակներում իրականացված մանրածախ ջրամատակարարման ծավալների մոնիթորինգի տվյալները, որոշվեց ՀՀ ՀԾԿՀ-ի հանձնաժողովի նիստի հաստատմանը ներկայացնել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող խմելու ջրամատակարարման և ջրահեռացմա ծառայությունների գումարային մանրածախ սակագինը 202,272 դրամ/խմ՝ ներառյալ ԱԱՀ-ն, սահմանելու վերաբերյալ նախագիծ, ինչը 10,858 դրամով ավել է 2018թ. գործող սակագնից։


Բաժանորդների սոցիալական բեռը թեթևացնելու համար Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը` վարձակալության պայմանագրի ու լիցենզիայի պահանջներից բխող սակագնի բարձրացումը բաժանորդների նկատմամբ չկիրառելու հնարավորության շուրջ բանակցելու նպատակով՝ առաջարկելով այլընտրանքային ֆինանսավորման եղանակ։


Նպատակ ունենալով նվազեցնել սպառողների սոցիալական բեռը` «Վեոլիա ջուր» ընկերությունն ընդունում է ներկայացված առաջարկը և հետաձգում է 2019թ. համար մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների գումարային մանրածախ սակագնի օրինական բարձրացման կիրառումը:


Իր հերթին ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեն համաձայնում է դրանով պայմանավորված «Վեոլիա ջուր» ընկերության եկամտի կորստի չափով վերջինիս 2019թ․ներդրումային պարտավորությունները նվազեցնել և հետաձգել, իսկ այդ ընթացքում համակարգում նախատեսված ներդրումներն իրականացնել Ջրային կոմիտեին ծրագրերի իրականացման համար տրամադրված վարկային միջոցների խնայողություններից:

Չեմ թաքցնի՝ Լուկաշենկոյի հետ քննարկել ենք ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցը. Միրզոյան

  • 28.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 59

Չեմ թաքցնի Մինսկում քննարկումներ են եղել նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարության շուրջ: Այս մասին լրագրեղների հետ զրույցում հայտարարել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:


Նա կառուցողական է գնահատում Մինսկում ԵՏՄ երկրների վարչապետների նեղ կազմով նիստի ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարության շուրջ քննարկումը:


Հարցին, թե արդյոք Լուկաշենկոյի հետ քննարկվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ առաջ եկած խնդիրը, նաեւ վերջին հայտարարությունները, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ես Հայաստանը ներկայացնում էի ԵԱՏՄ կառավարական խորհրդում, որի շրջանակներում կայացել է վարչապետերի, այդ թվում իմ հանդիպումը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:


Հանդիպման ընթացքում տարբեր հարցեր են քննարկվել, այդ թվում կնճռոտ հարցեր, այդ թվում ԵՏՄ-ին անմիջականորեն չվերաբերող, այդ գործընկերության այլ ձեւաչափերին վերաբերող, չթաքցնեմ, նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարության մասին ենք խոսել: Մանրամասներ, իհարկե, չեմ հաղորդի, քանի որ փակ քննարկում էր, բայց կարող եմ վստահեցնել, որ բավականին կառուցողական է եղել քննարկումը եւ ՌԴ վարչապետի, եւ Բելառուսի նախագահի, եւ մյուս մեր գործընկերների դիրքորոշումը»:


Նա հաստատեց, որ խոսել են նաեւ Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման մասին, որին խիստ էր արձագանքել Նիկոլ Փաշինյանը. «Բոլոր նրբերանգների, բոլոր ենթահարցերի վերաբերյալ խոսել ենք, բայց ձեր թույլտվությամբ մանրամասներ չեմ հաղորդի»:


Հարցին, թե որքանո՞վ է լուծված համարում այդ հակասությունը, Միրզոյանը պատասխանեց. «Հակասություն չէ, ես կանվանեի խնդիր: Տարբեր ձեւաչափերում եթե կա գործընկերություն, կան նաեւ խնդիրներ, որոնք լուծվում են կամ չեն լուծվում: Սա այդ խնդիրներից մեկն է: Իհարկե, հարցը երեկ չլուծվեց, որովհետեւ նախեւառաջ այդ ձեւաչափը չէր, սա ԵՏՄ հանդիպում էր, ոչ թե ՀԱՊԿ-ի, բնականաբար, լուծվել չէր կարող: Բայց շուտով կկայանա ՀԱՊԿ-ի հերթական հավաքը եւ այդ ժամանակ գուցե հարցը լուծում ստանա: Քննարկումը, որին ես եմ մասնակցել, շատ կառուցողական էր»:

Հայաստանը հետաքրքիր տեղ է ներդրում անելու համար. ՀՀ նախագահ

  • 28.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 50

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել գերմանական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանում կամ հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ: Հանդիպումը կազմակերպվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, OWC հրատարակչության, Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողովի ու «Արևելյան Եվրոպա. մանր ու միջին տնտեսվարողների միության» կողմից։


Հանդիպմանը մասնավորապես մասնակցել են «Ցեպելին», «Սիմենս», ՍԱՊ, «Նոկիա», «Շնայդեր գրուպ», «Էյրբաս գրուպ» և այլ ընկերությունների ղեկավարներ:


Նշելով, որ Հայաստանի տնտեսության ամենատարբեր ոլորտներում հաջողությամբ գործունեություն են ծավալում գերմանական կապիտալի մասնակցությամբ մի շարք ընկերություններ, նախագահ Սարգսյանը միևնույն ժամանակ համոզմունք է հայտնել, որ այդ ոլորտներն ընդլայնելու և փոխգործակցությունը խորացնելու դեռևս մեծ ներուժ կա:


Նշելով, որ 21-րդ դարն արագ փոփոխությունների ժամանակաշրջան է, հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանը ճիշտ երկիր է, որը ճիշտ ժամանակին գտնվում է ճիշտ տեղում։ «Ճիշտ ժամանակն է, քանի որ մենք ապրում ենք 21-րդ դարասկզբին: Սա մի ժամանակաշրջան է, երբ ամեն բան շատ արագ է փոխվում: Գաղտնիք չէ, որ վերջերս ավարտել եմ իմ գիրքը, որը կոչվում է «Գլոբալ ռիսկերի քվանտային վարքագիծը»: Քվանտային ասելով նկատի չունեմ, որ կարելի է կիրառել քվանտային մեխանիկայի կանոնները: Քվանտայինը ենթադրում է, որ այդ վարքագիծն այլևս դասականը չէ: 21-րդ դարում փոփոխությունները դինամիկ են, սրընթաց և դրամատիկ: Միջոցները, որոնցով հնարավոր է կառավարել և նկարագրել ռիսկերը 21-րդ դարում, ևս դասականը չեն և չեն լինելու: Այս տեսանկյունից Հայաստանի համար ճիշտ ժամանակն է»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ նշելով, որ մարդկությունն ապրում է սրընթաց էվոլյուցիայի ժամանակաշրջանում, որտեղ տարեցտարի ամեն բան շատ ավելի արագ է փոփոխվում:


Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանը հազարավոր տարիներ եղել է քաղաքակրթությունների խաչմերուկում: «Այդ խաչմերուկն այսօր կարող է դառնալ կամուրջ, քանի որ այսօր Հայաստանը միակ երկիրն է, որը ԵԱՏՄ անդամ է, ինչը ենթադրում է, որ երկիրը ոչ թե 3 մլն, այլ ավելի քան 200 միլիոնանոց շուկա ունի, որը ներառում է Կենտրոնական Ասիան, Ռուսաստանը: Բացի այդ, Հայաստանը ստորագրել է խորը և համապարփակ համաձայնագիր Եվրամիության հետ, և մենք ցանկանում ենք խորացնել հարաբերությունները այդ կառույցի հետ: Այսինքն, Հայաստանը միակ երկիրն է, որը խորը հարաբերություններ ունի թե՛ Արևելքի, թե՛ Արևմուտքի հետ: Մեր երկիրը ճիշտ տեղում է»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը:


Հանրապետության նախագահը գործարարներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության գերակա ուղղությունները, ներդրումային գրավչությունը և գործարար միջավայրը, Հայաստանում բիզնես ծավալելու մրցակցային առավելությունները։ «Հայաստանը հետաքրքիր տեղ է ներդրում անելու համար: Երկիրը տարբեր ոլորտներում մեծ ներուժ ունի՝ սկսած գյուղատնտեսությունից մինչև թեթև արդյունաբերություն, բանկային ոլորտ և տեղեկատվական տեխնոլոգիաներ»,- ասել է նախագահ Սարգսյանը:


Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների ղեկավարները խոսել են իրենց ընթացիկ ծրագրերի, դրանց ընդլայնման հնարավորությունների մասին։


Հանդիպման մասնակից մյուս գործարարներին նախագահ Սարգսյանն առաջարկել է այցելել Հայաստան` տեղում ուսումնասիրելու և քննարկելու փոխշահավետ համագործակցության հեռանկարային ուղղությունները։